Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարում կրոնական անհանդուրժողականությունը շարունակում է իր դրսևորումներն ունենալ, խաթարել մարդկության ներդաշնակ համակեցությունը

Հուլիս 31,2018 22:55

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ-իտալական ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ այսօր այդ բարեկամական կապերն առավել զարգանում և ամրապնդվում են երկու երկրների նախագահների սերտ գործակցության արդյունքում:

Եղբայրական հարաբերությունների խորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների դերակատարությունը և շարունակվող ջերմ փոխհարաբերությունները:

Նորին Սրբությունը անդրադարձավ նաև պատմության ընթացքում Իտալիայում ձևավորված հայ համայնքի կարևոր առաքելությանը փոխճանաչողության և հայ-իտալական բարեկամության զորացման գործում` ուրախությամբ ընդգծելով, որ այսօր ևս հայ համայնքն իր ակտիվ կյանքով շարունակում է երկու երկրների միջև կամուրջ հանդիսանալ:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Իտալիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, նաև իր գնահատանքն արտահայտեց Իտալիայի նախագահին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկրի իշխանությունների դրսևորած հստակ կեցվածքի առնչությամբ:

Իր խոսքում Իտալիայի նախագահը նշեց, որ իր այցը Հայաստան խորհրդանշում է հայ-իտալական բարեկամությունը` անցյալ, ներկա և ապագա` հաստատելով, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր կապերը շատ ջերմ են: Անդրադառնալով երկօրյա այցի արդյունքներին` պրն. Սերջիո Մատարելլան հաստատեց, որ ունեցած հանդիպումները փաստեցին հայ-իտալական բարեկամության բարձր մակարդակը` տեղեկացնելով, որ ծրագրվում է հարաբերությունների ընդլայնում բոլոր ոլորտներում:

Խոսելով աշխարհում հակամարտությունների և մասնավորապես Միջին Արևելքում տեղ գտած զարգացումների մասին` պրն. Սերջիո Մատարելլան կարևորեց կրոնների միջև հարաբերությունները իբրև աշխարհում խաղաղության հաստատման կարևոր գործոն: Միջկրոնական երկխոսության սկզբնավորման գործում նաև կարևորվեց Եկեղեցիների առաքելությունը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը շեշտեց, որ աշխարհը հավատքի մեծ կարիք ունի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով կրոնական անհանդուրժողականության երևույթին, նշեց, որ այսօր` 21-րդ դարում, ցավոք, այն շարունակում է իր դրսևորումներն ունենալ, խաթարել մարդկության ներդաշնակ համակեցությունը, խլել նաև մարդկային կյանքեր և ոչնչացնել մշակույթներ: Հայոց Հայրապետը հաստատեց, որ պետությունների ղեկավարների և տարբեր կրոնների առաջնորդների համատեղ ջանքերով է միայն հնարավոր հաղթահարել այդ երևույթները և խաղաղ ու բարօր աշխարհ կերտել:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց Իտալիայի նախագահին` հայցելով Աստծո Ամենախնամ Աջի պահպանությունն ու օրհնությունը Իտալիայի բարեպաշտ ժողովրդին:

Հանդիպման ավարտին Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն, ծանոթացավ թանգարանում ցուցադրվող ազգային-հոգևոր արժեքներին և Հայոց Եկեղեցու տարբեր սրբություններին:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031