Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց այդքան միջոցներ Հայկ Մարությանին, որ բնակվում է Հյուսիսային պողոտայում. քաղաքապետի թեկնածուի պարզաբանումները այս և այլ հարցերի վերաբերյալ

Սեպտեմբեր 09,2018 15:54

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը համամիտ չէ՝ այն պնդումներին, որ իր պաստառները մինչև քարոզարշավի մեկնարկը քաղաքի տարբեր հատվածներում փակցնելը օրենքի խախտում է:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դաշինքի ավագանու թեկնածուների մամուլի ասուլիսին այս առիթով պարզաբանեց. «Օրենքի խախտում չկա: Կոնկրետ մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է: Քանի որ մենք պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել, այդ ընկերությունը, որը սպասարկում է այս ամենը, սկսել է մեկ երկու օր առաջ: Պաստառներ կան, որ ամսի 14-ին են փակցվելու: Վստահաբար ասում եմ, որ օրենքի որևէ խախտում չկա»:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն էլ պատասխանելով այն դիտարկումներին, թե ՀՀԿ-ականներն էլ էին նույն բանն անում, ասաց. «ՀՀԿ-ականները շատ ավելի մեծ ներուժ ունեին շատ արագ կազմակերպելու: Մենք չունենք այդքան ներուժ և ֆինանսներ այդ հարցը կազմակերպելու համար: Այս մասին ինքս բարձրացրել եմ. այստեղ օրենքի բաց է: Դա վերաբերում է  նաև ընտրակաշառք բաժանելուն: Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի և արգելված է միայն  ընտրություններին և դրան նախորդող օրը, մնացած ժամանակահատվածի համար որևէ կարգավորում տրված չէ: Տրված չէ նաև ընտրակաշառքի համար: Այսօր քանի դեռ ընտրարշավը սկսված չէ, ցանկացած բարեգործություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»:

Candidate for the Mayor of Yerevan from ‘My Step’ party Hayk Marutyan gave a press conference at the Armenia Marriott Hotel

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն էլ հավելեց՝ այլ քաղաքական ուժերի պաստառներ քաղաքում ևս փակցված են և հավաստիացրեց՝ հենց այս բացերի համար էլ ԸՕ-ի բարեփոխումների հանձնաժողովն աշխատում է:

Հայկ Մարությանը չցանկացավ պատասխանել հարցին՝ ինչպես է պայքարելու սև ու մութ ուժերի դեմ՝ հիշեցնելով, թե մի քանի անգամ արդեն պատասխանել է:

Մյուս հարցին՝ այն, որ հեռուստաեթերում պտտվում է «Կարգին սերիալն» ու Հայկ Մարությանի մասնակցությամբ այլ հաղորդումներ ու ֆիլմեր, փակցված են իր նկարով գովազդային պաստառներ, դա է՞լ օրենքի խախտում չէ, Հայկ Մարությանը պատասխանեց. «Այն, ինչ ցուցադրվում է հեռուստաեթերում, դա հեռուստաընկերությունների խնդիրն է, իրենց որոշելիքը: Այդ ողջ բովանդակությունը պատկանում է իրենց: Եթե գովազդային պաստառներ կան, դա էլ այդ ընկերությունների իրավասությունն է»:

Դիտարկմանը՝ կնոջ կերպարները, որոնք Հայկ Մարությանը կերտել է, չե՞ն գցում իր վարկանիշը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց՝ հարցումները ցույց կտան ու եզրափակեց. «Ի վերջո, բոլոր այս հարցերի պատասխանները կիմանանք Երևանի ընտրություններից հետո»:

Այն հայտարարություններին, թե Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ե′վ մեր քաղաքական ուժի, և′ իմ հզորությունները գումարում ենք իրար»:

Իսկ թե որտեղի՞ց այդքան միջոցներ, որ Հայկ Մարությանը կարողանում է բնակվել Հյուսիսային պողոտայում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց. «16 տարեկանից աշխատում եմ. գրեթե մեկ կամ երկու տարի ենք գնացել հանգստանալու: Ուստի կարողացել եմ ինձ ապահովել ինչ-որ չափով»:

Այն, որ ԲՀԿ-ում մտավախություն կա, թե իշխանության ներկայացուցիչը կրկին հրաժարվելու է դեբատների մասնակցությունից, Հայկ Մարությանն արձագանքեց՝ իրենց չեն հրավիրել, բայց եթե հրավիրեն էլ, կմասնակցի միայն այն պարագայում, երբ ներկա լինեն մյուս բոլոր ուժերի ներկայացուցիչները:

Հարցին՝ իր կողմից ղեկավարված ընկերություններից այժմ որո՞նք են գործում, որո՞նք սնանկ ճանաչվել, որո՞նք են փակվել և ինչքա՞ն հարկ է վճարել պետությանը, Հայկ Մարությանը չպատասխանեց ու պատճառաբանեց. «Այնպիսի հարց տվեցիք, որ ես նույն հարցերը միշտ տալիս եմ իմ հաշվապահին: Կարող եմ կապել իր հետ, և Դուք իմանաք»:

Հայկ Մարությանը տեղեկացրեց՝ քարոզարշավի ընթացքում ամեն օր նվիրելու են մեկ վարչական շրջանին, ընկնելու են բակեբակ: Յուրաքանչյուր վարչական շրջանում հանդիպումն ավարտվելու է հանրահավաքով և հարցուպատասխանով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930