Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեր դատարանների կողմից սահմանված պատժամիջոցներով այնպես է ստացվում, որ 10 000 ՀՀ դրամն ու դռան փականը կանանց կյանքից առավել են

Սեպտեմբեր 09,2018 20:19

Կնոջ արժանապատվությունը նվաստացնողը, անմարդկային վերաբերմունք ցուցաբերողը, խոշտանգողն ու հայհոյողը պետք է դատապարտվի օրենքով, տվյալ հոդվածի մասով նախատեսված առավելագույն պատժով, հատկապես այն դեպքում, երբ տղամարդն իր արարքի համար չի զղջում և նույնիսկ բարձրաձայնում է, որ ճիշտ է վարվել:

Ինչպես օրինակ 01.09.2018թ. լրատվական կայքերում հրապարակված Լոռու մարզի գյուղերից մեկում կնոջ և երեխաների հետ բնակվող 60-ամյա Ռոբերտ Ենգիբարյանի դեպքն է: Երբ իրենից գոհ տղամարդը դատարանում բարձրաձայնում է, որ լավ է արել, որ կնոջը ծեծել է, ոչ միայն ծեծել է այլ նաև ջարդել է: Եվ պարծենում, որ իր հայրն ու եղբայրն էլ են ծեծել իրենց կանանց, հարևաներն էլ են ծեծել… Եվ հենց այդ եղբայրների ու հարևանների և նման մտածելակերպի տղամարդկանց համար դատարանի կողմից խստագույն պատիժ սահմանելը  պարտադիր էր:

Սակայն մեր դատարանների կողմից սահմանված պատժամիջոցներով այնպես է ստացվում, որ 10 000 ՀՀ դրամն ու դռան փականը կանանց կյանքից առավել են: Քանի որ Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը ընկերուհու դռան փականը վնասելու և 10 000 ՀՀ դրամի գողության համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 6,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Այս գործով ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումն այն էր, որ Հասմիկ Սարգսյանի պատիժը սահմանելուց հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, այդ թվում  նախկինում նմանատիպ հանցագործությունների կատարումը, սահմանված փորձաշրջանի ընթացքում կրկին հանցավոր ուղու վրա կանգնելը, ինչն էլ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանմամբ բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը:

Հասմիկ Սարգսյանին առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժի ժամկետը միայն վերջերս վերաքննիչ դատարանի կողմից կրճատվեց և վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի ժամկետով ազատազրկումը:

30.03.2018թ. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանմամբ սոցիալապես անապահով, երեք երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի հանցանքները` գողությունները բնութագրվել են, որպես վտանգավոր ռեցիդիվ, որն ունի հանրային վտանգավորություն, իսկ տարիներ շարունակ երեխաների աչքի առաջ իր կնոջը ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառած, երեխաների հոգեվիճակը վտանգի ենթարկած  և իր արարքների` կնոջը մարմնական տարաբնույթ վնասվածքներ հասցնելու , ականջների ծանրալսություն պատճառելու համար չզղջացող 60-ամյա Ռոբերտ Ենգիբարյանը դատապարտվել է օրենքով նախատեսված նվազագույն պատժի՝ 3 տարի ազատազրկման:

Այս պարագայում ինչպես պետք է ընկալվի ռեցիդիվ հասկացությունը, երբ մարդկանց մեծամասնությունը միայն մեկ անգամ է ընտանիք կազմում:

Պարբերական բնույթ կրող ընտանեկան բռնությունը, տարիներ շարունակ կնոջ հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելն առավել մեծ հանցագործություն է, քան իր երեխաներին սնունդով ապահովելու համար սննդի ու գումարի գողությունը, եթե նույնիսկ նման հանցանքը կրկնվել է:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

աղբյուրները`

https://www.1in.am/2417216.html

https://www.aravot.am/2018/03/30/946291/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930