Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛վ զարմացած եմ, և՛ ուրախ»․ Շիրակի փոխմարզպետի տպավորությունը՝ նորածին երկվորյակների մոր հետ հանդիպումից

Հոկտեմբեր 28,2018 19:24

Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, որը բազմաթիվ գրավոր դիմումներ էր ստացել «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակներին որդեգրելու խնդրանքով, երեկ շփվելով երեխաների մոր հետ, Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով։ «Հարգելիներս, այսօր հանդիպեցի երկվորյակ երեխաների մայրիկի հետ:
Միասին եղանք և՛ ոստիկանական բաժանմունքում, և՛ մանկատանը: Բավականին աշխատանք պետք է, որպեսզի նա առավել լուրջ մոտենա իր կարգավիճակին: Մի հարցում բավականին զարմացած եմ և ուրախ:
Քննիչի մոտ գրում էր բացատրություն և դիմում՝ երեխային հետ վերցնելու համար: Ամբողջ ընթացքը հետևում էի լարված . կկարողանա՞ գրել : Մի քանի թերթ գրեց և ոչ մի տառասխալ : Անկեղծ ուրախացա : Խոսեցի իր հետ մասնագիտական կրթություն ստանալու մասին: Թերևս սկզբից մերժեց , բայց հետո խոստացավ մի քանի ամիսից անդրադառնալ այդ հարցին։ Վստահ եմ կհաջողվի»։

Փոխմարզպետը նաև առիթ է ունեցել զրուցել 18-ամյա կնոջ զուգընկերոջ հետ, որը պատմել է՝ երեխաների ծնվելուց հետո տուն է վարձել, հոգ տարել, որպեսզի նրանք նորմալ պայմաններում մեծանան։ Թեև, ըստ փոխմարզպետի, ակնհայտ են, որ նրանք սոցիալական դժվարություններ ունեն ու առանց աջակցության չեն կարողանա հաղթահարել։ Սոֆյա Հովսեփյանի փոխանցմամբ, վերջինս, տեսնելով երեխաներին, միանգամից անուններով տարբերակել է նրանց։

«Այսօր խոսել եմ նաև Մ․-ի զուգընկերոջ հետ, երբ Մ․ն քննիչների մոտ էր։ Երիտասարդը շատ հստակ արտահայտվեց , որ պատրաստ է եղել ամուսնանալ Մ․-ի հետ, սակայն աղջիկը չի համաձայնվել, քանի որ չի վստահում և հավատը կորցրել է տղամարդու նկատմամբ: Ասաց, որ սիրով հոգ է տարել երեխաներին և կրկին պատրաստ է: Աշխատում և վաստակում է այնքան, որ կարող է այս պահին բավարարել նվազագույն պահանջները։ Իր խոսքերով՝ երբեք չի մնում անգործ, ունի մի քանի արհեստ և ինչ էլ լինի, մի գործ գտնում է իր համար: Շատ ուրախացավ, երբ իմացավ , որ Մարիամի հետ խոսել եմ մասնագիտություն ձեռք բերելու մասին և հաստատեց , որ դա իրեն պետք է, քանի որ խելացի է և կարող է սովորել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխմարզպետը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ, այսօր իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելով փոքրիկ երկվորյակների մասին. գրել է․ «Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիկանական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու«Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները:

Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների:

Հետևաբար` մենք բոլորս պետք է կոորդինացնեք մեր ջանքերը մայրիկի անձի իրավագիտակցության բարձրացման, անձնային աճի, ծնողավարման հմտությունների ձեռք բերման ուղղությամբ՝ ի շահ փոքրիկ երկվորյակների՝ Վահեի և Վահանի առողջ մանկության»։

Նշենք, որ մեր նյութերի հրապարակումից հետո «Առավոտ»-ի ֆեյսբուքյան էջին բազմաթիվ մարդիկ նամակներ էին գրում՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ընտանիքին։ Պատրաստ էին ընդհուպ մինչև բնակարան գնել։

Մեզ դիմած քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ օգնելու համար պետք է կապ հաստատել Մանե Թանդիլյանի օգնական Մագդա Արսենյանի հետ։

«Հարգելի լրագրողներ, մտահոգ մարդիկ, հաշվի առնելով իրավիճակի էթիկական կողմերն ու խնդրի լուծման գործում համատեղ աշխատելու կարևորությունը, խնդրում ենք Գյումրու «Երեխաների տանը» գտնվող երկվորյակների մայրիկին առնչվող հարցերը հստակեցնելու համար կապ հաստատել Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի օգնական Մագդա Արսենյանի հետ», -գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում

Սոֆյա Հովսեփյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել