Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շանս ունի Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանի դեմ դատը շահելու. Փաստաբան Վահե Գրիգորյանի գնահատականը

Դեկտեմբեր 03,2018 22:40

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղհասարակության օրակարգը» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել ԵՊՀ-ում:

Ուսանողներից մեկը հարց ուղղեց քաղհասարակության կաշկանդվածության մասին՝ ասելով, որ վախենում են քննադատեն իշխանություններին, որ չընկալվեն հակահեղափոխականներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց, որ քաղհասարակությունը միայն ՀԿ-ները չեն, այն մարդիկ են, որոնք նաեւ արեցին հեղափոխությունը ու հորդորեց հանգիստ լինել, ասաց, որ քաղհասարակությունը հիմա ավելի ակտիվ է:

Նա վստահեցրեց, որ իրենք չեն խուսափում նոր իշխանություններին քննադատել ու հիշեցրեց՝ Հունան Պողոսյանի նշանակումը, Քրեակատարողական ծառայության պետի նշանակումը քննադատել են. «Եթե այս իշխանությունը մեկ հազարերորդականի չափ թույլ տա մարդու իրավունքների խախտում, ինչ նախորդ իշխանությունը, շատ ավելի խիստ է լինելու քննադատությունը, չկասկածեք: Մենք չենք վախենում հեղափոխական կան հակահեղափոխական կոչվել»:

Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ տասնյակ տարիներ հնարավոր չի եղել իշխանությանը բացատրել քաղհասարակության ասածը, հիմա սարսափելի բան չկա, որ որոշները դարձել են իշխանություն: Միշտ էլ լինելու են պահակներ հասարակության մեջ, որոնք հսկելու են այս կառուցակարգերը:

Մի ուսանող էլ հարցրեց՝ նախընտրական քարոզչության ընթացքում Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է, քաղաքակա՞ն հայտարարություն էր, դա իրավական հետեւանքներ կարո՞ղ է ունենալ, կամ Աշոտյանը դատի է տալու Միրզոյանին, շանս ունի՞ դատը շահելու:

Փաստաբան Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ նախընտրական քարոզչության շրջանում նման մեղադրանքները շատ են լինում, արտահայտվելու ազատության հետ մեկտեղ, երբեմն, նույնիսկ վիրավորական արտահայտություններ կարող են լինել. «Ես չեմ ցանկանում այս պահին վերջնական դատողություն անել, թե ինչ ընթացք կստանա դատական գործը, ամեն դեպքում, եթե պարոն Աշոտյանը գտնում է, որ իրենք դատական պաշտպանության կարիք ունեն, ամենեւին էլ սխալ չէ, որ գնա այդ ճանապարհով թող դատարանը որոշի՝ այդտեղ վիրավորանք կամ զրպարտություն կա՞, թե՞ ոչ»:

Վահե Գրիգորյանն ասաց. «Առհասարակ քաղաքական խոսքը ամենապաշտպանված խոսքն է, քաղաքական գործիչները պետք է կարողանան իրենց ուղղված քննադատությամբ, իրենց ուղղված նույնիսկ վիրավորական ամենացնցող խոսքին փորձել համարժեք պատասխան տալ նույն հարթության մեջ: Դատական պաշտպանությունը չարաշահելը, ամեն առիթով մեջտեղ բերելը սահմանադրական իրենց իրավունքի շրջանակներում է, այնուամենայնիվ, խիստ կասկածելի է, դա որքանո՞վ է արդյունավետ»:

«Բաց հասարակության հիմնադրամներ.Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ հավելեց, որ եթե հաշվի առնենք Համաշխարհային բանկի գնահատականը, որ 10 մլրդ դոլար բյուջեն կորցրել ենք, դա գուցե կարող է որակվել հենց այնպես, ինչպես Արարատ Միրզոյանն է ասել:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախընտրական շրջանում խախտումներ չե՞ն նկատում, օրինակ, ՀՀԿ-ն ահազանգում է, որ ճնշումներ կան իրենց վրա, որ իշխանական նախարարները ծառայողական մեքենաներով մարզեր քարոզարշավի են գնում, Բրաբուսներով մարզերում ճռռիկներ են անում եւ այլն՝ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Այս պահի դրությամբ վարչական ռեսուրսի չարաշահման կազմակերպված շարունակական բնույթի խախտում չկա, միանգամից ձայներս կբարձրացնենք, կան առանձին դրսեւորումներ, որոնք համակարգային նշանակություն չունեն»:

Նա ասաց, որ աչալուրջ հետեւում եւ հետեւելու են այս իշխանությունների գործողություններին: Լարիսա Մինասյանը նույնպես հավաստիացրեց, որ նախընտրական շրջանում մոնիտորինգ են իրականացնում ու արդեն հետաքրքիր դիտարկումներ կան, զեկույցներ կհրապարակվեն ընտրություններից հետո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31