Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող օրենսդրության պատճառով խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ նրա ճյուղերի հավասարակշռությունը  

Դեկտեմբեր 23,2018 20:57

Ապրիլյան թավշյա հեղափոխությունը փոխեց իշխանավորներին, սակայն մնացին այն նույն համակարգերը, որոնք հարմարեցված և ծառայում էին նախկին իշխանությունների նպատակների իրականացմանը: Սկսենք չափազանց կարևոր, թարմ, վերջին ժամանակների ամենակարևոր իրադարձությունից՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից: Գործող ընտրական օրենսգիրքը բազմապիսի անհամապատասխանություններ ուներ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժի քաղաքական մոտեցումների և սկզբունքների հետ, որոնք ցավոք ոչ մի կերպ չհաջողվեց հաղթահարել. մասնավորապես չփոխվեց գործող ընտրական օրենսգիրքը:

Չխորանալով այդ օրենսգրքի բազմաթիվ խութերի մեջ, նշենք միայն, որ Հայաստան երկրի այսպիսի սոցիալ տնտեսական պայմաններում, օրենսգրքում առկա Դոնթի բանաձևը պարտադրում է, որպեսզի ԱԺ-ի վերջին արտահերթ ընտրություններից հետո այն կազմված լինի թվով 132 պատգամավորներից, որը մեր նման աղքատ ու փոքր երկրի համար սարսափելի ճոխություն է: Հասկանալի է, որ օրենքը գերակա է և այդ 132 թիվը ոչ թե ցանկությամբ, այլ օրենքի պահանջ է: Բայց միևնույն ժամանակ, Հայաստանի բյուջեն չափազանց աղքատիկ է և եթե դրան էլ ավելացնենք, որ կան բազմաթիվ ու բազմապիսի չլուծված խնդիրներ, որոնք բոլորն էլ չափազանց կարևոր են և դրանցից ամենակարևորը Ղարաբաղյան պատերազմի չլուծված թնջուկն է, որոնք բոլորն էլ իրենց հերթին նաև շատ մեծ ծախսեր են պահանջում, ապա կույրին անգամ տեսանելի է, որ 132 պատգամավորի ստանալիք բարձր աշխատավարձերը չափազանց մեծ բեռ են մեր մատնաչափ բյուջեի վրա: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մեր նման փոքր երկրին լիուլի բավարար է նույնիսկ մինչև 30 պատգամավոր ունեցող Ազգային Ժողովը: Հարց է առաջանում, արդյոք հաշվարկվե՞լ է, թե ինչ ծավալի օրենսդրություն է պետք մշակել Հայաստանի համար, որն էլ պետք է իրականացվի այդքան մեծ թվով մարդկային ռեսուրսներով. 132 պատգամավոր, պլյուս ամենքը երկուական օգնականներով ու չկոնկրետացված թվով մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների փորձագետներով: Կարծում եմ, նման հաշվարկ Հայաստանում երբևէ չի արվել ու այսօր էլ չկա:

Միգուցե Դոնթի բանաձևը կիրառելի է աշխարհի շատ ու շատ երկրների համար, որոնց համար այդ երկրների օրենսդիրների /անկախ թվաքանակից/ ստացած ընդհանուր աշխատավարձը իրենց բյուջեների մեջ փոշու հատիկ է ընդամենը, սակայն Հայաստանի նման սուղ բյուջե ունեցող երկրի համար այն շոշափելի տոկոս է կազմում: Այլ բան է, եթե օրինակի համար ասենք իշխանություններն իրենց համար գերակա սկզբունք են հռչակել, որ 132 մարդ իրենց օգնականներով ու փորձագետներով աշխատանք, ծառայողական մեքենաներ, կաբինետներ և այլ հարմարություններ ունենան, որպեսզի աշխարհին ցույց տան, թե տեսեք մենք ինչքան հզոր երկիր ենք, որ ասենք 30-ի փոխարեն պահում ենք 132 հոգանոց Ազգային Ժողով, որն էլ ըստ իրենց կնշանակի, որ այդ երկրները պետք է հաշվի նստեն Հայաստանի հետ: Այս մոտեցումն անհասկանալի է այնքանով, որ փաստացի Հայաստանը մինչև այժմ գոյատևում է այդ նույն  երկրներից ստացվող օգնությունների և վարկերի միջոցով, հետևաբար նրանց ցույց տալու, առավել ևս զարմացնելու որևէ խնդիր չկա: Հասկանում եմ, որ կարող են ինձ մեղադրել, ասելով. այ ընկեր, որ ընտրական օրենսգիրքն է այդպես պահանջում, մենք ի՞նչ կարող ենք անել: Ընդամենը կարող եմ ասել, Հայաստանի  շահը պահանջում է և մեծ ցանկության դեպքում կարելի էր նորմալ լուծում գտնել՝ այդ թվաքանակը չմեծացնելու և գոնե նախկին՝ 105 թվաքանակը անփոփոխ թողնելու առումով:

Որ Հայաստանի գործող կառավարության կառուցվածքում ևս առկա պետական կառավարման մարմինների քանակը ու նրանցում ընդգրկված աշխատակիցների թվաքանակները բավականին ուռճացված են և չեն համապատասխանում երկրի համար պահանջվող և իրականացվող կոնկրետ աշխատանքների ծավալներին, դա ևս ակնհայտ է, այնպես որ փոխանակ օպտիմալացնելու կառավարության կառուցվածքը՝  կրճատելու ու միացնելու որոշ պետական կառավարման մարմիններ ու ըստ անհրաժեշտ աշխատանքների փաստացի ծավալների, էապես կրճատելու նաև այդ մարմինների աշխատակազմերը, ընդհակառակը 30-ից ավելի տոկոսով ավելացվում է Ազգային ժողովի պատգամավորների թվակազմը, որը կրկնում եմ սարսափելի մեծ բեռ է դառնալու մեր սուղ բյուջեի վրա /իհարկե, վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության կառուցվածքի օպտիմալացման ուղղությամբ որոշակի կոնկրետ քայլեր է ձեռնարկել և հուսանք, որ գոնե դրանք կիրականանան/: Ամեն դեպքում, եթե հաշվի առնենք նաև Հայաստանում գործող առկա դատական համակարգը, որը բացի համարյա հին ձևով աշխատելուց, ժամանակային կտրվածքով հիմնականում ուշացնում է դատական հայցերի լսումները /ըստ դատավորների բարձրաձայնումների, եղած դատավորների թվաքանակի ու ներկայացվող դատական հայցերի թվաքանակների միջև խիստ անհամապատասխանություն կա, այսինքն` դատավորների թվաքանակն էապես փոքր է նման քանակի դատական հայցերը ժամանակի լսելու համար, որի պարագայում խնդրի լուծումը նրանք տեսնում են դատավորների թվաքանակի էապես ավելացման մեջ/, ապա պարզ կդառնա, թե ինչ էական՝ նաև մարդկային ռեսուրսների անհամապատասխանություն՝ անջրպետ կա իշխանության այդ երեք ճյուղերի միջև, քանզի միայն հավասարազոր մեծությունները կարող են միմյանց հավասարակշռել: Չխորանալով շատ ու շատ այլ խնդիրների բովանդակային նրբությունների մեջ, նշենք միայն, որ այսօր իշխանության ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կտրվածքով փաստացի ունենք  հետևյալ պատկերը. Ունենք չափազանց ուռճացված օրենսդիր մարմին՝ Ազգային Ժողով, որոշակի չափով օպտիմալացման ճանապարհին գտնվող գործադիր մարմին՝ կառավարություն ու ժամանակային կտրվածքով դատական հայցերը շարունակաբար կամայականորեն ձգձգող դատական համակարգ, որոնց պարագայում կույրին անգամ տեսանելի է, որ նրանց միջև որևէ հավասարակշռության մասին խոսք գնալ չի կարող: Եվ այս ամենը պարզորոշ տեսնում է նաև մեր իմաստուն ժողովուրդը, ով շարունակական հիասթափություններ է ապրում, քանզի լավ հասկանում է, որ իշխանության ճյուղերի միջև առկա այդ անհավասարակշռությունը միմիայն ճաքեր է առաջացնելու իշխանության այդ ճյուղերի միջև, որն անմիջականորեն և առաջին հերթին հարվածելու է հենց իրեն՝ նույն ժողովրդին; Աշխարհի որևէ երկրում ժողովրդավարության, ժողովրդին ծառայելու մասին խոսք լինել չի կարող, եթե խախտված է այդ հավասարակշռությունը: Աշխարհը գիտականորեն է հասել ու կիրառում այդ հավասարակշռությունը, քանզի ժողովրդավարության հաստատման, երկրի բնականոն զարգացման և շատ ու շատ այլ պրոբլեմների հաղթահարման ու կայունացման համար մինչ այժմ այլ հարմար բանաձև չի գտել:

Ցանկացած երկրի ճիշտ և օպտիմալ կառավարման համար, որի հիմնական գրավականը արդար ընտրված ու նշանակված՝ ճիշտ իշխանության ձևավորումն է, որի ամենակարևոր գրավականը այդ նույն իշխանության երեք հիմնական ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների հավասարակշռությունն է, այլընտրանք ուղղակի չկա, այնպես որ նախքան Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, այդ ժամանակվա գործող իշխանության հիմնական խնդիրը՝ քաղաքական մոտեցումը պետք է լիներ ապագա իշխանության ճյուղերի միջև հնարավոր հավասարակշռության ապահովման բազիսի ճիշտ ձևավորումը, այլ ոչ թե ճիշտ հակառակը. կձևավորվեն իշխանությունները և հետո միայն իրենք կփորձեն հետագայում որոշակիորեն հավասարակշռել ձևավորված իշխանության այդ երեք ճյուղերը: Պատկերավորության համար նշենք, որ դա շատ նման է նրան, որ հիվանդին նախ վիրահատեն, հետո միայն տան հիվանդության ախտորոշումը…

Անանիա Մաղաքյան

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31