Լրահոս
Օրվա լրահոսը

Արի՜, Նո՛ր Տարի, բայց… այնպե՛ս արի, որ ավելանա աշխարհի բարին

Դեկտեմբեր 31,2018 23:59

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,

Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.

Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,

Իբրև պատասխան նրանց կարիքի.

Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,

Մինչդեռ ձեռքերդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-

Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜:

 

Արի՜, Նո՛ր Տարի,

Բայց… այնպե՛ս արի,

Որ ատոմական այս ահեղ դարի

Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի

Մայրացած հարսի սրտատրոփի համաչափությամբ,

Եվ նրա անտես սլաքները զույգ

Իրենց վիրավոր թևաթափությամբ

Ոչ թե մեզ կրկին

Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,

Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին

Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…

 

Արի՜, Նո՛ր Տարի,

Բայց… այնպե՛ս արի,

Որ ավելանա աշխարհի բարին,

Եվ այդ աշխարհի բախտի վրայով

Խևորեն ձգված մետաղալարին

Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝

Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ…

Ձյունն է վար իջնում

Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ:

Իսկ ուրիշ մի տեղ

Անձրևն է կրկին

Երկինք ու երկիր մեկմեկու հինում,

Կարծես թե հսկա տավիղ է շինում,

Որի հոսանուտ լարերի վրա

Իրիկնամուտի տավղահար քամին

Մրսած մատներով

Պիտի նվագի հինավուրց տաղեր՝

Ի վերա սիրո,

Վասն խնդության,

Վասն մարդկային ոգու խենթության:

 

Անձրևի տեսքով,

Ձյան կերպարանքով

Այդ դու ես գալիս:

Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜:

Բայց… այնպե՛ս արի,

Որ անձրևը հորդ սրբելով տանի

Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,

Այլ նաև փոշին ու մուրը հոգու,

Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,

Եվ ձյունը իջնի որոգայթների՛,

Ծանր ամոթից շիկնած այտերի՛,

Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա

Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ

Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի…

 

Արի՜, Նո՛ր Տարի,

Բայց այսպե՛ս արի,

Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ

Դառնա վարակի սավան ու վերմակ,

Եվ որ անձրևի ջուրն աստվածային

Մարդու արյունը ջրի վերածի,

Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ

Մկրտվի իբրև մի ահեղ ու պիղծ

Նոր հիվանդության դիվային անուն,

Որից մինչև իսկ մահն է մահանում…

Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜:

Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով

Ուշ մնացածին,

Քնով տարվածին.

Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,

Հիասթափվածին՝ նոր մի հիացում,

Սիրասթափվածին՝ մի նոր միացում.

Ձեռքից հավատը փախուստ տվածին,

Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,

Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,

Մանկանը՝ մեծի մտքի լիացում,

Մեծին՝ մանուկի անարատություն,

Տափարակներին՝ Արարատություն,

Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,

Որ նրա վրա Քաղցը այսուհետ

Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,

Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.

Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած

Տրվի ճախրանքի,

Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,

Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.

Եվ որ այլևս ո՛չ մի ժողովուրդ,

Ո՛չ մի ազգ ու ցեղ

Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,

Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-

Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար.

Ամենքս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:

Նաև հասկանա՛նք,

Որ մեր իսկ արյան գնդիկը մանր

Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանր…

Պարույր ՍԵՎԱԿ

«Դիմում եմ պահանջելու պես»

«Մարդը ափի մեջ»

05.I.1963թ.
Երևան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31