Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՔՉԱԽՈՍՆԵՐ

Հունվար 04,2019 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունմեկերորդ

ՇԱՏԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՔՉԱԽՈՍՆԵՐ

Հարությունյան Հայկունու էս հիմնավոր վերադարձից հետո օրթախականների էս իրիկնային ու ամենօրյա հավաքները միանգամայն նոր էներգետիկա ու նոր իմաստ են ստացել, եւ, դրանից էլ բացի,  ես իմ ու մանավանդ Հարությունյան Հայկունու էս հիմնավոր վերադարձից հետո եմ հասկացել, որ օրթախականների մասին դեռեւս լիքը գրելու բան ունեմ՝ ներառյալ Ալեքսանդր Ղուշչյան Շուրիկի եւ Վարդազարյան Վարազդատ Վարոյի մասին ասելիքներս, որոնց մասին դեռեւս որեւէ էական բան չեմ գրել՝ էն պարզ պատճառով, որ Շուրիկի անունը չէի կարող Շուրիկ գրել, որովհետեւ ինքը գիտնական ու դոկտոր մարդ է, բայց եթե Ալեքսանդր Ղուշչյան գրեի, անբնական կստացվեր, որովհետեւ մեր շրջապատում իրեն հիմնականում Շուրիկ ենք ասում, եւ հիմա արդեն մտածում եմ, որ ճիշտն ընդամենը Ղուշչյան գրելն է եւ ոչ թե՝ Շուրիկ կամ Ալեքսանդր Ղուշչյան, որովհետեւ մեր շրջապատում իրեն պարզապես Ղուշչյան էլ ենք ասում, իսկ ինչ վերաբերում է Վարդազարյան Վարոյին, Վարոյի մասին համարյա չեմ գրել, որովհետեւ Վարոն ահավոր քիչ է խոսում, բայց հիմա արդեն կգրեմ, որովհետեւ իր քիչ խոսացածներն էնքան են գումարվել, որ արդեն կարելի կլինի իր էդ քիչ խոսացածներից մի ամբողջ հատոր կազմել, ընդ որում՝ միանգամայն լիարժեք ու արժեքավոր հատոր, եւ, դրանից էլ բացի, Ղուշչյանին ու Վարոյին դժվար էր առանձին-առանձին անդրադառնալ, որովհետեւ էս երկուսն իրարից մշտապես անպակաս ու անբաժան են, եւ եթե Վարոն խոսում է, հիմնականում Ղուշչյանի հետ է խոսում, երբեմն էլ՝ Ալբերտի ու Հայկունու հետ, երբեմն էլ՝ ձեր խոնարհ ծառայի, բայց, այսուհանդերձ, գորիսցի ուրբաթախոս մաթեմատիկոս Վարդազարյան Վարազդատն ամենից շատ Ղուշչյանի ու Հայկունու հետ է խոսում, որովհետեւ  վերջիններս էլ են Մանկավարժականում աշխատում ու դասավանդում եւ, բնականաբար, խոսելու ընդհանուր նյութ ունեն, բայց, այսուհանդերձ, գորիսցի ուրբաթախոս մաթեմատիկոս Վարդազարյան Վարազդատը վերջերս ամենից շատ ձեր խոնարհ ծառայի հետ է խոսում, որովհետեւ ոչ միայն նվաստիս գրվածքներն է կարդում ու հավանում, այլեւ երկուսիս գեղագիտական հայացքներն ու ճաշակներն են գրեթե մեկին մեկ համընկնում, իսկ ինչ վերաբերում է անձամբ նախկին պատգամավոր եւ ժողովրդի նախկին սիրելի Արշակ Սադոյանին, էն ճվճվոցները, որ ժամանակին ինքը Ազգային ժողովի ամբիոնից էր արձակում, հիմա ամեն իրիկուն «Մարինոյի» սրահում է տարածում, եւ էստեղ ոչ ոք Արշակին դիտողություն կամ նկատողություն չի անում ոչ թե էն պատճառով, որ Արշակին ճանաչում ու սիրում են, այլ ընդամենը էն պատճառով, որ ամեն իրիկուն, երբ Սադոյան Արշակն ուշացումով թափանցում է «Մարինոյի» տարածք, մեր սեղանի հաշիվն արդեն փակված է լինում, եւ սրճարանի անձնակազմն էլ արդեն տուն գնացած է լինում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել