Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներսում ընդդիմանալու բան չէինք տեսնում». «Իմ քայլը» դաշինքի անդամ Արթուր Մանուկյանը`պարգեավճարների մասին

Հունվար 28,2019 17:35

«Կոնկրետ ոչ մի բան չենք խոսել, բայց գիտեինք, որ պարգեւավճարներ լինելու են ու մեղմ էինք վերաբերվել, որովհետեւ որ ժամին մտել ենք քաղաքապետարան, կլինի դա նույնիսկ գիշերվա ժամը 11-ը, քաղաքապետը, փոխքաղաքապետերը աշխատում էին: Ուստի, ոչ մի բան չէինք տեսնում այդ պարգեւավճարների մեջ: Մտածում էինք, դե լավ է այդ մարդիկ ինչ-որ ձեւով գոնե փոխհատուցված կզգան իրենց: Ներսում ընդդիմանալու բան չէինք տեսնում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին`ինչո՞ւ իշխող խմբակցության ավագանու անդամները ներսում չընդդիմացան քաղաքապետարանում պարգեւավճարներին, Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ՔՊ-ական անդամ, Հովեր պետական կամերային երգչախմբի երգիչ, Գոյ ազգային փորձարարական թատրոնի դերասան Արթուր Մանուկյանը: Հիշեցնենք, պետական տարբեր գերատեսչություններում, անցյալ տարեվերջյան աստղաբաշխական թվերով պարգեւավճարները հանրային քննարկման առիթ են տվել: Բարձր պարգեւավճարներ են եղել նաեւ Երեւանի քաղաքապետարանում: Երկար ժամանակ, քաղաքապետարանից հրաժարվում էին հրապարակել ցուցակը`պարզաբանելով, որ դա հակասում է մարդու անձնական տվյալների պաշտպանվածությանը:

«Ես չգիտեմ`դա ճի՞շտ էր, թե`սխալ: Բայց ես գիտեմ`որ ժամին մտել եմ քաղաքապետարան, մարդիկ աշխատում էին: Հանրությունը թող որոշի`ճի՞շտ է պարգեւավճարներ տալը, թե`ոչ: Բայց այն, որ հանրությանը պետք է նախօրոք տեղյակ պահենք եւ հանրության կարծիքն ընդգրկենք մեր որոշումներում, այդտեղ թերացել ենք»,- ասում է մեր զրուցակիցը`պատճառաբանելով, որ այն մարդիկ, որոնք պարգեւավճարներ են ստացել, պարզապես չեն հասցրել իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ տեղեկացնել այն բոլոր աշխատանքների մասին, որ կատարել են: Նա վստահ է, որ մեծ աղմուկի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ տեղեկատվություն չեն ստացել տվյալ պաշտոնյաների կատարած աշխատանքի մասին:

Արթուր Մանուկյանը հիշում է տոնածառի հետ կապված աղմուկը: Հիշում է նաեւ, թե ինչպե՞ս էր ինքը վրդովված գնացել եւ «հարցախեղդ» արել բոլորին, թե ինչո՞ւ ենք այսքան թանկարժեք տոնածառ դնում. «Հետո, փոխքաղաքապետը բացատրեց, որ այդ գումարները խնայված գումարներ էին, որ բազմաթիվ բանակցություններ են ունեցել, որպեսզի կարողանային այս ընթացքում նոր տոնածառ լինի, որպեսզի կենդանի ծառեր չկտրվեն, որպեսզի երկարաժամկետ տոնածառ ունենանք եւ պարզ է, որ լավ բանի համար, պետք է լավ վճարել»:

Մեր դիտարկմանը`ամբողջ խնդիրն այն է, որ տոնածառի վրա ծախսված, պարգեւավճարների համար տրամադրված այդ մեծ գումարներով կարելի էր հաշվարկել եւ հասկանալ թե քանի՞ բազմաբնակարան շենքի տանիք կամ վթարային վերելակ կարելի է վերանորոգել, ի վերջո, այդ գումարները կարելի էր ուղղել բոլորիս գլխին պատուհաս դարձած աղբահանության խնդրի լուծմանը կամ շատ այլ օրախնդիր հարցերի, որոնք առաջ մղելով նաեւ իշխանության եկավ «Իմ քայլը», Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Այդ հարցերը մենք էլ ենք բարձրաձայնել: Ու պատասխաններըը, որոնք ինձ տրվեցին, ես ինձ բավարարված զգացի: Ես այն մարդը չեմ, որ պաշտպանեմ, եթե արժանի չէ պաշտպանելու: Գուցե սխալ եմ արել, որ բավարարված եմ զգացել… ինձ ասացին, որ տանիքների համար այլ բյուջե է, վերելակների համար`այլ: Այնպես չէ, որ վերելակի կամ տանիքի հաշվին է դա արվել: Ամեն խնդիր առանձնացված է: Կոնկրետ տոնածառի դեպքում, քանի որ տոների համար առանձնացված գումարների մեջ մեծ խնայողություններ էին արել, որոշեցին որ դա գնեն»:

Մյուս դիտարկմանը`չե՞ք կարծում, որ քաղաքային նոր իշխանությունը գնում է հին իշխանության ճանապարհով. ի վերջո, նախորդ իշխանություններն էլ բացատրություններ ունեին բոլոր արված եւ չարված ծախսերի, թույլ տրված շռայլությունների համար եւ կային շատ մարդիկ, որոնք իրենց այդ բացատրություններից բավարարված էին զգում եւ շատ բան արդարացված էին համարում, իշխող խմբակցության ավագանու անդամը պատասխանեց. «Մենք կարող ենք սխալվել, կարող ենք եսիմ ինչ ճանապարհով գնալ եւ չնկատել, որ վատ ճանապարհով ենք գնում: Եվ ես չեմ նեղվում կամ նյարդայնանում այդ հարցադրումներից: Դա գուցե այն ուժն է, որը մեզ իներցիայից ետ կպահի: Գուցե կլինեն, եւ դեռ շատ կլինեն իներցիոն որոշումներ, բայց հաճախ դու չես էլ նկատում, որ որոշումդ իներցիայի մեջ է: Ինքնավերահսկողությունը շատ մեծ պիտի լինի, որ նման բաներից խուսափես: Ուստի, մամուլի արձագանքը մեզ իսկապես շատ օգտակար է: Ես ուրախ եմ, որ այդ արձագանքը եղավ: Որոշ մարդկանց գուցե դա նյարդայնացրել է, բայց դա պետք է սովորական բան դառնա: Ամեն ինչ լավ է գնում, մենք էլ սովորում ենք`ինչպե՞ս անենք, որ իներցիայից դուրս գանք: Շատ առողջ վիճակ է քաղաքապետարանում, ավագանիում: Համարյա ամեն օր մասնագիտական խմբերից մեկը նիստ է անում, տարբեր հարցեր են քննարկվում: Հավատացեք, քաղաքապետին էլ, փոխքաղաքապետերին էլ շատ դժվար է մեզ հետ, մենք իսկապես իրենց հարցաքննում ենք, բայց այդ ամենը թշնամանքի դաշտում չէ, այլ կառուցողական, աշխատանքի: Բացթողումներ, իհարկե ունենում ենք, որովհետեւ խնդիրները շատ-շատ են: Օրինակ, Արամի 23-ի շենքի հետ կապված. երբ շենքը փլվեց, ես «գլխիս խփեցի», թե ո՞նց կարող էի մի պահ մոռանալ այդ խնդրի մասին: Բայց խնդիրները շատ-շատ են եւ բոլորը հրատապություն պահանջող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031