Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւազգեստ մայրերը ցույց են անում. «Մեր երեխեքի սպանությունները արդար չեն քննվի, քանի որ իրավապահ համակարգում փոփոխություն չի եղել»

Մարտ 07,2019 20:20

Այսօր կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ցույց էին անում. նրանք պնդում էին՝ իշխանություն էլ փոխվեց՝ բանակում սպանված իրենց որդիների գործը չբացահայտվեց:

Սեւազգեստ մայրերը մի անգամ ամռանը հանդիպել են վարչապետի հետ, սակայն իրենց ձեւակերպմամբ՝ որդիների սպանության գործերով որեւէ առաջընթաց չի եղել. «Ութ ամիս է անցել, քննություն չի գնում, ոչ մի բան չի արվում, բոլոր հետքերը վերացրել են։ Վկա կա, ասում են՝ չի գալիս, չի խոսում։ Է խոսացրեք։ Հիմա պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի, թող Քննչականի Հայկ Գրիգորյանը, զինվորական դատախազության գլխավորները, բոլորը ներկա լինեն, առերես խոսենք, քննարկենք»:

Aravot.am-ի հետ զրույցում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն ասաց. «Ոչ մեկ ոչ մի բան չի անում: Էս վերջերս գնացինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ…ասաց փաստերը լրիվ վերացել են: 2010 թվականին ես տղա եմ տվել, իմ տղայի դիակն են բերել, տվել են ինձ, իբր իմ տղային ուղեղի անցքերի արանքում եղել է ուռուցք»: Տիկին Ղազարյանը չի հավատում, որ տղայի մոտ ուռուցք է եղել, քանի դրա փաստերը չկան եւ չեն էլ եղել նախկինում:

«Նաիրի Սարգսյանը (վարչապետի օգնականը) խոստացել է՝ Փաշինյանը պետք է իր մոտ հրավիրի, հետո Արթուր Դավթյանին, քննչականից, զինվորականից, բոլորին պիտի կանչեն ու Նիկոլ Փաշինյանի մոտ պիտի նստենք ու մեր զինվորների գործերը մեկ առ մեկ պիտի պատմեն»,-ասաց տիկին Ղազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Խաղաղ պայմաններում Ստեփանակերտի զորամասում զոհված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ հայտարարեց՝ որդիների սպանության գործերը վերաբացելու մասին հայտարարությունները «շոու» են: Մուրադյանն ասաց, որ իրենց հայտնում են, թե 5 ծնողների գործ կասեցումից հանել են ու մեզ են ցույց տալիս: Բայց միայն երկու ծնողի գործն են վերաբացել ու ինչ-որ ուրիշ մարդկանց են բերել, մտցրել։ Հետո ասում են, թե՝ 10 իրավապաշտպան կազմակերպությունների հետ ուզում են գործը հանրային քննարկման դնել, բայց դրան զուգահեռ քննչականից քննիչը զանգում, ասում է՝ էս 9 տարվա ընթացքում իրեղեն ապացույցները ոչնչացվել են, հետքերը չեն վերցվել, ժամանակին փորձաքննություն չեն արել, հիմա ես ո՞նց քննեմ, փաստեր չկան»։

Սեւազգեստ մայրերը վրդովված ասացին՝ տարիներ առաջ կատարված սպանության համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. «Այս անպատժելիության մթնոլորտը նոր սպանություններ է բերում։ Մեր երեխեքը կոպեկի արժեք չունեն, բանակում զինվորների հետ վարվում են որպես իրի, եթե էս պահին իրենց պետք չի, կարող են սպանել»: Մայրերի խոսքերով՝ արդեն հոգնել են՝ մեկ կասեցնում են գործերը, մեկ վերաբացում ու նորից փակում. «Մեր երեխեքի սպանությունները չեն բացահայտվի, արդար չեն քննվի, քանի որ իրավապահ համակարգում, էդ վերեւներում փոփոխություն չի եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031