Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական համակարգում բարեփոխումները առաջին հերթին պետք է սկսել քրեակատարողական ծառայության աշխատակիցներից

Մարտ 13,2019 20:40

«Չեմ կարող ակնկալել ռազմավարությունից նախագծային աստիճանի հստակություն, բայց ռազմավարությունը պետք է ունենա նաև չափելի քայլեր, գործողություններ, պետք է լինեն վերստուգիչ չափանիշներ, ժամանակային կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմով»,- այսօր Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարություն» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը: Վերջինիս խոսքով՝ քրեակատարողական համակարգի բարեփոխման ռազմավարություն՝ առանց աշխատակիցների սոցիալական և այլ երաշխիքների, բարեփոխմանն ուղղված հստակ քայլերի դժվար է պատկերացնել:

«Մեր մշտադիտարկման այցերը քրեակատարողական հիմնարկներ և առանձնազրույցները այդ թվում՝ աշխատակիցների հետ,  նաև իրականացված վերլուծությունը՝ հանցավոր  ենթամշակույթի վերացմանն ուղղված, բերում է նրան, որ քրեակատարողական համակարգում բարեփոխումները առաջին հերթին պետք է սկսել քրեակատարողական ծառայության աշխատակիցներից, որովհետև խոսել քրեակատարողական համակարգում կոռուպցիոն երևույթների վերացման մասին, խոսել օրինակ՝ բժշկական ծառայությունների բարեփոխման, հոգեբանական աջակցության ավելի բարձր մակարդակի մասին, անհնար է այդ պարագայում գործող աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների դեպքում»,-նշեց տիկին Սիմոնյանը:

4

Բանախոսն իր խոսքում ընդգծեց, որ վերականգնողական արդարադատությանը, վերասոցիալականացմանն ուղղված հստակ քայլեր պետք է լինեն, ավելի ճկուն մեխանիզմ՝ փակ ռեժիմից դեպի բաց ռեժիմի. «Խնդիրը նրանում է, որ մենք չունենք ճկուն մեխանիզմ՝ անցում կատարելու դեպի ավելի բաց ռեժիմները: Վերասոցիալականացման հստակ ռազմավարություն չկա: Նախորդ տարվա ընթացքում որոշակի վերասոցիլականացման ծրագրեր տարբեր քրեակատարողական հիմնարկներում իրականացվեցին, սրանք մեծամասամբ իրականացվել են դոնոր կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, բայց ոլորտն ունի համակարգային, պետական մոտեցման անհրաժեշտություն»:

«Բաց է կրթության խնդիրը  քրեակատարողական համակարգում՝ դասընթացներ, կրթական ծրագրեր չկան, որոնք կօգնեն անձանց հետագայում աշխատաշուկայում լինել մրցունակ, ունենալ վարձատրվող լավ աշխատանք: Մենք պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ ասում ենք, որ սա անձի 4-րդ դատվածությունն է, մտադիր չէ ուղղվել և նրան չարժե պայմանական վաղաժամկետ ազատել: Մենք չենք բարձրացնում հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ անձը, 4-րդ անգամ դատապարտվելով, շարունակում է կատարել հանցագործություն, իսկ ինչպիսի՞ վերասոցիալականացման աշխատանքներ են կատարվել անձի հետ, ինչպիսի՞ կրթական ծրագրեր, դասընթացներ են առաջարկվել, որոնք եղել են արդյունավետ»,- նկատեց տիկին Սիմոնյանը: Նա խոսեց նաև այն մասին, որ ռազմավարությունում պետք է լինեն հստակ առաջարկներ պատիժների և խրախուսանքի ճկուն համակարգի վերաբերյալ՝ նշելով, որ պետությունը և  համակարգը պետք է ամեն կերպ խրախուսեն արտաքին աշխարհի հետ կապը, քանի որ սոցիալական  կապերի պահպանումն է միայն, որ հետագայում՝ անձի ազատ արձակման դեպքում նպաստում է նրա՝ կրկին հանցագործություն չկատարելուն:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի դիտարկմամբ՝ առաջարկվող ռազմավարությունը ռազմավարություն չէ, սա մոտավորապես 20 տարվա համար գրված քայլերի հավաքածու է, որոնք վատը չեն:

«Եվրոպայի խորհրդի շատ պետություններ ունեն այսպիսի բան, բայց անում են առնվազն 3-5 տարվա համար: Ինչո՞ւ, որովհետև ռազմավարություն նշանակում է, որ ես նախանձախնդիր եմ սա անել: Երբ ես ասում եմ քրեակատարողական ոլորտը բարեփոխելու ռազմավարություն ունեմ, ես ենթադրում եմ, որ գիտեմ՝ որտեղից է այդ ֆինանսը, ինչ գործողություններ եմ անելու այդ ֆինանսով, ես ենթադրում եմ, թե այդ քրեակատարողական հիմնարկի բնակչությանը ինչպես եմ ապահովելու հասարակություն վերադարձով, և գիտեմ՝ այս ամենը  ինչպես է նպաստելու հասարակության անվտանգությունը:  Այդ ամենը մենք դեռ շատ ակնհայտորեն չենք տեսնում», – իր խոսքում ասաց պարոն Գասպարյանը:

Քննարկմանը միացավ նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նանե Մելքոնյանը, որն ընդգծեց՝ ցանկացած փաստաթուղթ, բնականաբար, ունի իր թերությունները. «Բայց այնուհանդերձ պետք նշել, որ այդ թերությունները ձեր և մյուս ներկայացուցիչների միջոցով մենք փորձելու ենք հարթել: Այսօրվա աշխատաժողովի ժամանակ ձեր կողմից ներկայացված առաջարկները անպայմանորեն կներկայացնենք Արդարադատության  նախարարություն, նախարարությունը համապատասխանաբար կքննարկի ձեր առաջարկները և փոփոխություններ կկատարվեն ռազմավարության նախագծում: Խոսքս չընկալեք այնպես, որ միայն Ձեր առաջարկությունների հիման վրա են կատարվելու փոփոխությունները: Մենք ևս հետամուտ ենք լինելու համապատասխան փոփոխությունների կատարմանը, և ձեր առաջարկները միայն նպաստելու են փոփոխությունները ավելի պատշաճ մակարդակով իրականացնելու համար»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031