Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանի պատասխանն Արփինե Հովհաննիսյանին

Մարտ 19,2019 15:25

«Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման» նախագիծը ԱԺ նախկին փոխխոսնակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որակել էր «ռումբ իշխանության տակ»: Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին`ինքն ի՞նչ կարծիք ունի այս մասին: Արտակ Զեյնալյանը համաձայն է ԿԲ-ի պարզաբանման հետ`դա միջազգային պարտավորությունների շրջանակներում է. «ՀՀ-ն փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի դա իրականացվի: Արդարադատության նախարարությունում անցկացվում են քննարկումներ, ստեղծված է խումբ, որը զբաղվում է դրանով, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»: Հստակեցնող հարցին` ամեն դեպքում, ինքը վտանգներ չի՞ տեսնում, նախարարը պատասխանեց`ցանկացած իրավական ակտ ընդունելիս գնահատվելու են վտանգները, չեզոքացվելու են կամ կառավարելի են դարձվելու դրանք»:

Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցին, ըստ որի թեեւ 2018թ-ին ՀՀ-ում արձանագրվել է առաջընթաց, այդուհանդերձ դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը, քանի որ դատարանների անկախության եւ չեզոքության հարցում դեռեւս չկա առաջընթաց, դեռ կասկածի տեղիք է տալիս նաեւ դատավորների անկողմնակալությունը: «Ռազմավարություն է մշակվում, որտեղ նախատեսվում են փոփոխություններ: Անշուշտ, պետք է իրականացվեն նաեւ լուրջ փոփոխություններ, որպեսզի դատական իշխանությունների նկատմամբ վստահությունը բարձրանա, բարձրանա նաեւ դատական ակտերի որակը, մատչելիությունը, որպեսզի կանխատեսելի լինի արդյունավետությունը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է դատավորների աշխատանքին, Արտակ Զեյնալյանն ասաց, որ օբյեկտիվ տվյալներ այժմ չունի`գնահատելու համար չափելի պատկերը եւ ենթադրվող փոփոխություններից հնարավոր լինի խոսել:

Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ`կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների փաստի վերաբերյալ բողոքով, որին ՄԻԵԴ-ից արձագանքել են: Հարցին`ի՞նչ կարծիք ունի այս մասին, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Սա վեճ է եւ սա բացի գործնական լինելուց նաեւ գիտական վեճ է ՄԻԵԴ-ում: Կա հիվանդությունների ցանկ, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կրումից, քանի դեռ ունեն այդ հիվանդությունները: Դա չէր տարածվում կալանավորների վրա: Ես նախաձեռնել եմ ենթաօրենսդրական փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաեւ կալանավորների վրա` անկախ նրանից, թե նման հարց ՄԻԵԴ-ում բարձրացվում է, թե ոչ: Այդ հարցը մեր օրակարգում եղել է մինչեւ Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը:

Նախարարը խոսեց նաեւ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու մասին: Հարցին`փոխանակման կամ վերադարձնելու գործընթաց կա՞, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում է: Գործընթացում ներգրավված է Կարմիր Խաչը. կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»: Եթե սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու արարքում չի լինի քրեորեն հետապնդելի ոչինչ, եւ նա իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար կլինի. «Չգիտենք, գուցե նա հայցում է քաղաքական ապաստան»:

Հիշեցնենք, որ Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների մասին նախարար Արտակ Զեյնալյանի դիտարկումները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031