«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տրվել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

Նախագծի մեկնարկի կապակցությամբ ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը ներկայացրել է տեսաուղերձ, ողջույնի խոսք են ասել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է «ԵՄ – Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը, որին հետևել է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Այնուհետև ԿԳ նախարարի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նոր կրթական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախատեսվում է Երևանում` «Թումո» կենտրոնին կից, կառուցել մոտ 15000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես, օրինակ, «Թումո» լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների սրահ և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: «Թումո» լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական հմտություններ:
Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը նորաստեղծ համալիրի մի մասն է լինելու:
Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը՝ կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով հատկացնում է 23 մլն. եվրո դրամաշնորհ, որից 10,5 մլն.՝ STEM առարկաների չափորոշիչների մշակմանը, իսկ 12,5 մլն.՝ «Թումո» ստեղծարար կենտրոնին «ԵՄ – Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացման նպատակով: «Թումո»-ին կից ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի ծրագրային ընդհանուր արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվում է ԵՄ-ի և «Թումո» կենտրոնի համաֆինանսավորմամբ։
ԿԳՆ հաղորդագրություն


















































