Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «Տեսակետ» ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ օպերայի վրա ծախսում է իր անձնական գումարները եւ հաճախ «Արդշինբանկն» է աջակցում թատրոնին:
«Պետությունը ֆինանսներ չունի դրա համար: Իսկ ինձ անհրաժեշտ էր նոր «Կարմեն», նոր «Կախարդական սրինգ» եւ այլն, մենք պետք է մեկնեինք Դուբայ…Պետությունը մեզ չօգնեց: Ի դեպ, նախարարությունը 1,5 տարի առաջ գրավոր հավանություն էր տվել, որ կվճարի ինքնաթիռի տոմսերի համար, որը 50000 դոլար է կազմում, սակայն հեղափոխությունից հետո ասացին, որ այդ փողը չկա: Մենք էլ այլ աղբյուրներից հայթայթեցինք այդ գումարը: Բարեբախտաբար, կա «Արդշինբանկը», կան մեր մյուս ընկերները, որոնց շնորհիվ իրականացրեցինք Դուբայի հյուրախաղերը»,- ասաց մաեստրոն:
Լրագրողները հետաքրքրվեցին 92 մլն դրամի պարտքերով ու խախտումներով, որի մասին Մշակույթի նախարարությունը փաստարկներ էր ներկայացրել ՀՀ վարչապետին:
«Ես օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները ստանձնել եմ 2017թ փետրվարի սկզբից, եւ դեկտեմբեր ամսից արդեն աուդիտ էր անցկացվում: Աուդիտի արդյունքների պատասխանը մենք ստացել ենք 2017-ի մարտին, իսկ աուդիտը իրականացվել էր 2014-2017թթ-ի համար: Այնպես որ, նստել եմ տնօրենի աթոռին, եւ մենք ստացել ենք այդ փաստաթուղթը վարչական խախտումների վերաբերյալ` մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների միջեւ: Այսինքն` դա կապ չունի ոչ միայն ինձ հետ, այլեւ թատրոնի մյուս տնօրենների հետ: Ի դեպ, Նազենի Ղարիբյանն էլ է մի քանի հեռահաղորդումների ժամանակ հայտարարել է, որ Օրբելյանը ոչ մի առնչություն չունի օպերային թատրոնի պարտքերի ու տուգանքների հետ»,-հայտնեց մաեստրոն:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
«Ես այժմ տնօրեն չեմ: Վարչապետն ասաց, որ կդիտարկի Նազենի Ղարիբյանի ուղարկած փաստաթուղթը, եւ այնտեղ նշված կետերից, եթե մեկն անգամ ստույգ չլինի, ինքն այլ քայլերի կդիմի… Այնտեղ ոչ ճիշտ մեկնաբանված կետեր կան: Մենք այդ ամենի վերաբերյալ ունենք մեր հակափաստարկները: Մեր իրավաբան Գեւորգ Մալխասյանը, որը պրոֆեսորների պրոֆեսորն է իր ոլորտում, բոլոր օրենքներն ու օպերան անգիր գիտի, պատշաճ ձեւով ներկայացրել է ամեն ինչ վարչապետին: Սպասում ենք հետագա ընթացքին:
Այժմ ես շարունակում եմ աշխատել որպես գեղարվեստական ղեկավար, շուտով մեկնելու եմ Նյու Յորք, պայմանավորվածություններ ձեռք բերելու: Այնտեղ 2020 թ կայանալու է Խաչատրյանական բալետների փառատոն, հայկական սփյուռքն էլ ուզում է «Անուշ» օպերան դիտել: Նոր «Անուշ» ենք պատրաստվում իրականացնել:
Ինձ համար սկզբունքային է, որ օպերային թատրոնում գլխավոր մարդը լինի գեղարվեստական ղեկավարը: Իսկ տնօրենի պաշտոնն այնպիսին է, որ վերաբերում է զուտ թղթեր ստորագրելուն: Ի դեպ, այսօր մենք գրություն ստացանք Նազենի Ղարիբյանից այն մասին, որ գնումների հետ կապված բոլոր գրությունները բոլոր ՊՈԱԿ-ներում պետք է նաեւ ռուսերեն լինեն»,- հայտնեց մաեստրոն:
Մանրամասները` տեսանյութում
Իր` տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները համատեղելու անհնարինության փաստարկի մասին էլ խոսեց. «Այդ ինչպե՞ս է ինձ չի կարելի համատեղել, իսկ Նազենի Ղարիբյանին կարելի է լինել նախարար եւ միաժամանակ աշխատել Մատենադարանում»
Ռուսախոսությանն էլ անդրադարձ եղավ: Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ավելի լավ հասկանում է հայերեն, քան խոսում է. «Ուղղակի չեմ ասում, որ հայերեն լավ եմ հասկանում, որովհետեւ ինձ հետաքրքիր է, թե ինչ են խոսում իմ թիկունքում»
Ինչ վերաբերում է անընդհատ բացակայելուն, այս մասին էլ նշեց, որ որեւէ օր չի բացակայել առանց նախարարի հրամանի. «Եթե նա (Նազենի Ղարիբյանը-Գ.Հ.) հանկարծ կասի, որ թեկուզ մեկ օր բացակայել եմ առանց հրամանի, ապա ստիպված կլինի ապացուցել: Ես մեկնում եմ ոչ թե շրջելու, զվարճանալու համար, այլ գործերով: Մեկնում եմ Մոսկվա, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո: Մեկնել եմ Լոս Անջելես` « Գրեմմիի», իհարկե նա փորձում էր թույլ չտալ, ինչը ողջամիտ չէր, բայց թույլատրեց այնուամենայնիվ»:
Մանրամասները` տեսանյութում
Լրագրողներից մեկի հարցին` գուցե նախարարի պարտականությունների կատարողը իրեն չի սիրում, Կոնստանտին Օրբելյանը հումորով պատասխանեց. «Ախր բոլորն են ինձ սիրում, ինքն ինչու չի սիրում»:
Նախկին իշխանությունների հետ մտերմության եւ դրա արդյունքում նշանակվելու մասին էլ խոսք գնաց: Կոնստանտին Օրբելյանը շեշտեց, որ ինքը որեւէ մեկին երբեք ոչինչ չի խնդրել, ինքը նշանակվել է, որովհետեւ Օրբելյանն է, եւ դա կապ չունի օրվա իշխանությունների, մտերմության ու բարեկամության հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































