Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ալավերդյան. «Աշխատում ենք մտածող լսարանի համար»

Մայիս 31,2019 19:11

«Մեդիամաքս» լրատվական գործունեությունը նշում է հիմնադրման 20-ամյակը: Այդ առիթով Aravot.am-ը զրուցել է «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ:

«Մենք հիմնականում առանձնանում ենք նրանով, որ մի քանի տարի առաջ հռչակեցինք մարդակենտրոն լրագրության մեկնարկը: Մենք գրեթե հրաժարվեցինք զուտ լրատվական ձեւաչափից, որովհետեւ նախ չէինք կարողանում քանակի առումով մրցակցել լրատվական արտադրանք պատրաստող գործընկերների հետ, ուստի որոշեցինք դառնալ ավելի շատ առցանց ամսագիր, առնցանց պարբերական եւ տարբերվել մյուսներից:

Որպես հետազոտության կամ ուսումնասիրության հիմնական թիրախ` ընտրել մարդուն իր բոլոր դրսեւորումներով` թե դրական, թե բացասական: Նախ այդ նիշան զբաղված չէր, որովհետեւ Հայաստանում նման գործունեությամբ գրեթե ոչ ոք չէր զբաղվում: Երկրորդ, դա մեզ նոր շունչ տվեց, որովհետև, վերջապես, սկսեցինք ապրել մեր աշխատանքով եւ համարյա 100 %-ով փոխեցինք մեր ձեւաչափը, ուղղվածությունն ու լսարանը: Մենք սկսեցինք աշխատել մտավոր բարձր կարողություններ ունեցող, մտածող լսարանի համար եւ նախապատվությունը տվեցինք ոչ թե քանակին, այլ որակյալ լրատվությանը»,- ասաց Դավիթ Ալավերդյանը` պատասխանելով «Մեդիամաքսի» առանձնահատկության վերաբերյալ Aravot.am-ի հարցին:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Մեդամաքսի» հետաքրքիր շարքերին ու հատուկ նախագծերին:

«Այս պահին մենք մի քանի հատուկ շարք ենք անում, ամենահետաքրքիրը վերջիններից դա «Այլընտրանքային պատմությունն» է: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը մեզ համար հեղինակային շարք է սկսել, որտեղ ներկայացնում է, թե ինչ կլիներ, եթե ինչ-որ պահի պատմության ինչ-որ դրվագն այնպես չընթանար, ինչպես ընթացել է: Մյուսը «Դասավանդիր, Հայաստանի» հետ արվող շարքն է, որը պատմում է գյուղերի հրաշալի երեխաների ու այն պայծառ ուսուցիչների մասին, որոնք գնացել են գյուղերում դասավանդելու:

Շարքերից մեկն էլ կոչվում է «Հանրապետություն» եւ նվիրված է մեր առաջին Հանրապետության 100-ամյակին: Երբ կարդում ես այդ շարքը, զարմանում ես, թե որքան նմանություն կա այն ամենի միջեւ, ինչ որ եղել է 100 տարի առաջ եւ կատարվում է այսօր: Նույն սպառնալիքները, նույն խաղացողները… Համեմատում ես եւ հասկանում, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Շարքերը շատ են, մենք ընդհանրապես հատուկ նախագծեր շատ ենք ունենում եւ դրանց բոլորի կենտրոնում, ինչպես արդեն նշեցի,մարդն է»,-հավելեց Մեդիամաքսի գլխավոր խմբագիրը:

Հարցրինք, թե ինչպիսին պետք է լինի «Մեդիամաքսի» լրագրողը: «Մենք չունենք կոշտ պահանջներ, բայց նախապատվությունը տալիս ենք կրեատիվ լրագրողներին, որոնք ոչ թե զուտ փաստերն արձանագրելով են զբաղված, այլ մտածում են հետաքրքիր, հանդես են գալիս ինքնատիպ առաջարկներով: Եվս մեկ պլյուս է, եթե իրենք տիրապետում են օտար լեզուների: Մեր բոլոր լրագրողները բարձր մակարդակով օտար լեզուների են տիրապետում, ինչը նաեւ նրանց է օգնում աշխատելիս եւ օտարերկրյա մեր գործընկերների հետ շփվելիս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Դավիթ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031