«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն
հանդիպեց ԵՄ ներկայացուցչին
Սույն թվականի հունիսի 5-ին «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի պատվիրակությունը ԵՄ գրասենյակում հանդիպում ունեցավ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչի քաղաքական խորհրդական Կարին Մարմսոլերի հետ:
Կազմկոմիտեի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց հասարակական նախաձեռնության նախապատմությունը և կատարած աշխատանքը և տիկին Մարմսոլերին հանձնեց «Արցախի հիմնահարցի իրավական կարգավորման վերաբերյալ հայ հասարակական և քաղաքական կազմակերպությունների, Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների, փորձագիտական հանրության հայտարարությունը»:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ քաղաքական բնույթի բանակցությունները դրական արդյունքներ չեն նախանշում և, որ այդ պատճառով թուրք-ադրբեջանական բացահայտ ալյանսի պայմաններում ավելի է մեծանում նոր պատերազմի վտանգը, Կազմկոմիտեն առաջարկում է Մինսկի խմբի համանախագահներին փոխել բանակցությունների օրակարգը: Այն է՝ քննարկել հիմնահարցի էությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահանջներից ելնելով: Դրա հետ մեկտեղ, առաջարկվեց Մինսկի խմբի կոնֆերանս հրավիրել՝ ամփոփելու համանախագահների 27 տարվա կատարած աշխատանքը և նոր, ավելի արդյունավետ ուղիներ փնտրելու արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Պատվիրակության անդամները՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը և Կազմկոմիտեի փոխնախագահ Ժասմինա Ղևոնդյանը ներկայացրեցին այն իրավական հիմքերը, որոնք թույլ են տալիս ձևավորել «Ղարաբաղյան իրավական թղթապանակը»:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել ներկայացված նյութերը և առաջիկայում նոր հանդիպում ունենալ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
լրատվական ծառայություն
06.06.2019թ.


















































