Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է օրենսդրորեն տեղական ընտրությունների համաժամանակյա անցկացման համար իրավական հիմքերի ստեղծել. Հովհաննես Մանուկյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

Հունիս 14,2019 17:22 Share

Դիտարկում Հայաստանում տեղական ընտրությունների մասին

Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը՝ խոսելով Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, արեց ընդհանրական երկու դիտարկում.

1․ Ընտրությունների կեղծման ցիկլը Հայաստանում ընդհատվել է և ընտրողն ազատորեն օգտվում է ազատ ընտրության իր իրավունքից:

2․ Հայաստանում տեղական ընտրությունները հաճախ ապաքաղաքական են լինում: Միաժամանակ, որպես քաղաքական տեղական ընտրությունների անցկացման երաշխիք, վարչապետը առաջադրեց բոլոր քիչ թե շատ խոշոր համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման նպատակահարմարության գաղափարը:

Դժվար է չհամաձայնել առաջադրված թեզերի հետ, հատկապես տեղական ընտրությունների ապաքաղաքական լինելու անթույլատրելիության հետ, սակայն համամասնական ընտրակարգն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս կարևոր խնդրի լուծման համար: Բանն այն է, որ անկախ Հայաստանի նոր Սահմանադրության ուժով հիմնված տեղական ինքնակառավարման համակարգի ընտրված մոդելը մի մեծ թերություն ունեցավ ի սկզբանե: 1996 թվականի օրենքը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին սահմանեց մի կարգ, որը հնարավորություն էր ստեղծում տարիներ հետո համայնքային ընտրությունների սինխրոն ընթացքի խաթարման, ինչը և ցավոք տեղի ունեցավ: Քանի որ ոչ բոլոր համայնքներում էին ՏԻՄ մարմինները գործում իրենց սահմանադրական իրավասությունների ողջ ընթացքում (հրաժարականներ, լիազորությունների դադարեցման այլ հիմքեր) և տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ, իսկ նոր ընտրված մարմինները սկսում էին գործել եռամյա նոր ժամկետով (1995թ. առանց փոփոխությունների Սահմանադրությամբ սահմանված ժամկետը 3 տարի էր) տարիներ անց Հայաստանում վերացավ համաժամանակյա տեղական ինքնակառավարման ընտրությունների օր քաղաքական երևույթը: Որպես հետևանք տեղական ընտրությունները ժամանակի ընթացքում դադարեցին լինել համապետական քաղաքական միջոցառում, իսկ փոքր համայնքներում դրանք վերածվեցին պարզապես «թայֆաների» մրցույթի:

Ի՞նչ է անհրաժեշտ անել: Առաջինը, ինչն անհրաժեշտ է անել, դա օրենսդրորեն տեղական ընտրությունների համաժամանակյա անցկացման համար իրավական հիմքերի ստեղծումն է` միաժամանակ անցում կատարելով համամասնական ընտրակարգին: Սա ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանի քաղաքական համակարգի ամրապնդման և առավել առողջ ինքնակառավարման համակարգ ունենալու համար հետևյալ պատճառաբանություններով․

1․ Համաժամանակյա տեղական ընտրությունները կամրապնդեն Հայաստանի քաղաքական համակարգը և ժողովրդավարական հիմքերը, հատկապես խորհրդարանական կառավարման մոդելի համատեքստում, երբ համապետական ընտրությունների ցիկլը շատ երկար է և ըստ էության մի քանի տարվա մեջ ընդամենը մեկ քաղաքական ընտրություն ենք ունենում երկրում: Սա կարող է դառնալ նաև գործիք քաղաքական կուսակցությունների խթանման համար, քանի որ համապետական մեկից ավելի ընտրությունները կնպաստեն կուսակցությունների «մարզական» լավ կարգավիճակում մնալուն:

2․ Համաժամանակյա ընտրությունները կկատարեն քաղաքական «ստաբիլիզատորի», անվտանգության բարձիկի դեր, քանզի կլինեն հանրային տրամադրությունների միջանկյալ դրսևորման, քաղաքական արտահայտման միջոց, հանրային տրամադրությունների փոփոխության միջանկյալ ցուցիչ:

3․ Խորհրդարանում քաղաքական մեծամասնության համար տեղական համաժամանակյա ընտրությունների արդյունքը հանրային տրամադրությունների կամ «ձայն բազմաց» իրական ուղերձ կլինի, ինչը մեծամասնության համար լավ առիթ է քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու և ռազմավարությունը վերանայելու համար:

4․ Եվ վերջապես, համաժամանակյա ընտրությունները կբերեն կոնկրետ համայնքներում գաղափարների, այլ ոչ «թայֆաների» պայքարի, իսկ ընտրողներն իրենց որոշումը կկայացնեն ծրագրերի որակից, այլ ոչ թե «ախպերությանը պիտանի լինելու» չափորոշիչից ելնելով:

Բնականաբար, նման ընտրությունները հնարավոր են միայն ողջամտորեն խոշոր համայնքներում, քանզի 50 բնակիչ ունեցող գյուղերում որևէ քաղաքական մոդել ջախջախվելու է «գեղամեջի» խաչմերուկ չհասած: Այդ պատճառով պետք է նոր թափով շարունակել համայնքների խոշորացման գործընթացը:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արդարադատության նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930