Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ծատուրյան. «Հիմա մեզ մոտ՝ պատկերասրահում, 80-ից ավելի տեսախցիկներ, անվտանգության կոճակներ կան, թող փորձեն մոտենալ որեւէ նկարի, խորհուրդ չեմ տալիս». «Հրապարակ»

Հունիս 20,2019 11:56

Հարցազրույց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ

– Պարոն Ծատուրյան, նախօրեին իրավապահ  մարմինները հաղորդագրություն տարածեցին, որ բերման են ենթարկել երկու քաղաքացիների, ովքեր ցանկացել են վաճառել Հայաստանի ազգային պատկերասրահից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» եւ Իսահակ Լեւիտանի «Էտյուդ. գարնանային բնանկար»՝ առանձնակի արժեք ներկայացնող կտավները։ Նշված է, որ, ընդհանուր առմամբ, տասը թանգարանային առարկա է կորել պատկերասրահի ցուցասրահից եւ տնօրենի աշխատասենյակից։

–  Մեզ մոտից միայն երկուսն է կորել, բայց որ տասն էլ մեզ վերադարձնեն, շատ շնորհակալ կլինենք։ 2-ն էլ նշանավոր, թանկարժեք նկարներ են, եւ շատ ուրախ ենք, որ դա վերադառնում է Ազգային պատկերասրահ։ Մենք ԱԱԾ-ի հետ սերտ աշխատում ենք, իրենք տեղեկություն ունեին, որ որոշ նկարներ փորձում են վաճառել, եւ խոսակցության մեջ այդ մարդիկ ասել էին, որ այդ աշխատանքներից մի քանիսը թանգարանից է գողացված, բայց հստակ թանգարանի անուն չէր ասվել։ ԱԱԾ աշխատակիցներն ինձ մոտ բերեցին 8-10 աշխատանքի լուսանկարներ, եւ ես՝ ինքս, այդ որոշարկումն արեցի՝ ասելով, որ այդ նկարներից 2-ը մերն են, եւ Ազգային պատկերասրահից են գողացել՝ 84 թ.–ին։

– Գողության դեպքերի հիմքով հարուցված քրեական գործեր շա՞տ կան, որ մնացել են չբացահայտված։

–  Բազմաթիվ, 50-ականներից սկսած՛ այս տարիների ընթացքում մոտ 100 գործ է գողացվել պատկերասրահից, այդ թվում՝ նկար, քանդակ, արվեստի աշխատանքներ։ Եղել է, որ 90-ականներին գողացել են Այվազովսկու նկար, եւ հետո ոստիկաններն այն վերադարձրել են պատկերասրահ։ Ասեմ նաեւ, որ զարմանալու բան չկա, որովհետեւ անցած տարի, երբ ԱՄՆ– ում վերապատրաստվում էի, իմացա, որ նշանավոր թանգարաններից մեկից Վան Գոգի 3 կտավ էին գողացել։ Ընդ որում՝ ունեին ժամանակակից անվտանգության միջոցներ, այսինքն՝ նման դեպքեր բոլոր թանգարաններում են լինում։ Հարցն այն է, որ մենք ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որ անվտանգության համակարգերը միշտ զարգացնենք՝ մարդկային գործոնը բացառելու համար։ Հիմա մեզ մոտ՝ պատկերասրահում, 80-ից ավելի տեսախցիկներ, անվտանգության կոճակներ կան, թող փորձեն մոտենալ որեւէ նկարի, խորհուրդ չեմ տալիս։

– Իսկ պահոցներից գողության դեպքեր որքանո՞վ են հնարավոր։

– Բոլոր պահոցներում կան գիշերային, ցերեկային տեսախցիկներ, որպեսզի բացառենք որեւէ նման դեպք։ Դա տեղադրել ենք 3 տարի առաջ: Ես միշտ զարմանում էի, թե ոնց կարող է տեսախցիկներ չլինեն թանգարանում, որտեղից գոնե մեկ նկար է կորել։ Աշխատողները մի քիչ բողոքում են, որովհետեւ չափից դուրս ենք վերահսկում, անձնական տիրույթ ենք ներխուժում, բայց ինձ թվում է՝ սա այն կառույցն է, որտեղ այսպես պետք է լինի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել