Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդային մանրաթելերը՝ առողջության պահպանման ու վերականգնման կարևորագույն բաղադրամաս

Հուլիս 14,2019 23:00

Նոր Զելանդիայի գիտնականները վերջերս ուսումնասիրել են ավելի քան 40 տարի ընդգրկող բազմաթիվ հետազոտություններ և առանձնացրել այն սննդանյութը, որը կարող է հեղափոխություն առաջացնել շատ հիվանդությունների կանխարգելման ու թեթևացման գործում․ խոսքը սննդային մանրաթելի (բջջանյութ) մասին է։

Օտագոյի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված մանրաթելի այդ զարմանալի ազդեցությունը ընդհանուր առողջության վրա։ Նրանք մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկել մարդկային պատմության հսկայական ժամանակահատված ընդգրկող 185 զննողական ուսումնասիրություն և 58 կլինիկական փորձարկում՝ 4635 մեծահասակների մասնակցությամբ։

The Lancet ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք ավելի մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր պարունակող սնունդ են օգտագործում, 15-30 տոկոսով պակաս են ենթարկվում տարբեր պատճառներով հարուցված վաղաժամ մահվան վտանգին, քան նրանք, որոնք ավելի քիչ են օգտագործում այդպիսի սնունդ։

Հետազոտողները նաև հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն բջջանյութով հարուստ մթերքների օգտագործումը փոխկապակցված է կաթվածի, 2-րդ տիպի դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքերի նվազեցման հետ։

The Lancet-ում հրապարակված հետազոտությունը միակը չէ, որն ապացուցում է մանրաթելերի կարևորությունը։ Համաճարակաբանության ամերիկյան ամսագրում  2014 թ․-ին հրապարակված աշխատությունը նմանատիպ տվյալներ էր ներկայացնում, որոնց համաձայն յուրաքանչյուր լրացուցիչ 10 գրամ մանրաթելի դիմաց 10 տոկոսով նվազում է տարբեր պատճառներից առաջացած վաղաժամ մահվան վտանգը։

Նոր Զելանդիայի գիտնականները ներառել էին միայն առողջ մասնակիցների, այնպես որ նրանց արդյունքները չեն կարող վերագրվել քրոնիկ հիվանդությունններ ունեցող մարդկանց։ Համալսարանի պրոֆեսոր ու նմանատիպ հետազոտության հեղինակ Ջիմ Մաննը մի քանի կարևոր եզրակացություններ է ընդգծել՝ մանրաթելերի օգտագործման ավելացման ու հիվանդացության նվազեցման հետ կապցած։

«Բջջանյութով հարուստ մթերքները, որոնք ավելի շատ ծամելու կարիք ունեն և իրենց կառուցվածքը մեծ  մասամբ պահպանում են նաև աղիքներում, հագեցածության զգացողություն են առաջացնում, օգնում են կարգավորել քաշն ու դրական են անդրադառնում լիպիդների ու գլյուկոզայի մակարդակի վրա։

Հաստ աղիքում ռեզիդենտային բակտերիաների օգնությամբ մանրաթելերի ճեղքումը լրացուցիչ ազդեցություն է առաջացնում՝ ներառյալ պաշտպանություն կոլոռեկտալ քաղցկեղից»։

Խորհուրդ տալով օգտագործել բջջանյութի առողջ քանակ՝ հետազոտողները նշում են, որ օրական ավելի օգտագործված յուրաքանչյուր 8 գրամի դիմաց հետազոտության սուբյեկտների մոտ նկատվել է 2-րդ տիպի դիաբետով ու կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու վտանգի նվազեցում 5-27 տոկոսով։ Ինչպես նաև նկատվել է պաշտպանության ամրապնդում կաթվածի ու կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ։

Դե ուրեմն որքա՞ն սննդային մանրաթել է հարկավոր առողջության ամրապնդման համար։ Հետազոտության համաձայն օրական 25-29 գրամը միայն բավարար քանակությունն է, սակայն խորհուրդ է տրվում ավելացնել այդ քանակությունը, քանի որ այդպիսով է ապահովվում պաշտպանության ավելի բարձր մակարդակը։

Պրեոֆեսոր Մաննը նշում է, որ հետազոտության արդյունքներն ընդգծում են սննդի ընդհանուր նորմերը վերանայելու սուր անհրաժեշտությունը․ հարկավոր է կենտրոնանալ բջջանյութով հարուստ սննդի օգտագործման ավելացման վրա ոչ միայն նրա համար, որ այն օգտակար է, այլ նաև, որ այն տառացիորեն փոխում է հիվանդության դինամիկան։

Արժե նշել, որ աղիքներում բակտերիաներն ազդեցություն ունեն ընդհանուր առողջության վրա, օգնում են պահպանել կանոնավրր քաշն ու պայքարել հիվանդությունների դեմ։

Մանրաթելերը երկու տարբեր տեսակի են լինում, ու երկուսն էլ կարևոր են։ Առաջին տեսակը հեշտությամբ լուծվում է ջրում և օրգանիզմում դառնում դոնդողանման նյութ, որն ինչ-որ տեղ սպունգի դեր է կատարում՝ հայտնվելով աղիքների տարբեր անկյուններում՝ դանդաղեցնում է մարսողությունն ու այլ սննդարար նյութերի ներծծման արագությունը։

Չլուծվող մանրաթելերը հիմնականում անփոփոխ են մնում՝ շարժվելով ուղիղ աղիքով։ Բացի այդ, զերծ լինելով կալորիաներից՝ օգնում են կանխարգելել փորկապությունը․ «հավաքելով» կողմնակի մնացորդներն ու հեղուկները՝ դրանք կարծես ձևավորում եւ արդյունավետորեն դուրս են բերում օրգանիզմից։

Սննդի ու դիետոլոգիայի ակադեմիայի տվյալներով՝ կանանց օրական հարկավոր է 25 գրամ բջջանյութ, տղամարդկանց՝ 38։ Սակայն, մեր կարծիքով, սա այն դեպքն է, երբ ավելի շատն ավելի լավ է․ Օպտիմալ տարբերակ է օրական 25-50 գրամը՝ օգտագործված յուրաքանչյուր 1000 կկալ-ի դիմաց։

Պրոֆեսոր Մաննը նշում է, որ բջջանյութով հարուստ սնունդը ավելի շատ ծամելու անհրաժեշտություն է առաջացնում, բայց աղիքներում պահպանում է իր հիմնական կառուցվածքը, ինչի շնորհիվ մի քանի տեսանկյունից դրական ազդեցություն է գործում առողջության վրա։ Առաջին հերթին առաջանում է հագեցածության զգացողություն, կարգավորվում է քաշը, գլյուկոզայի ու լիպիդների` ճարպերի մակարդակը։

Բջջանյութով հարուստ սննդամթերքները բազմաթիվ են․ բջջանյութի բարձր պարունակությամբ են առանձնանում ամբողջական հացահատիկները, հատիկավորները՝ լոբին, ոլոռը, սիսեռը, ոսպը, կանաչ թարմ ոլոռը, քաղցր կարտոֆիլը, սպանախը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբն ու ծաղկակաղամբը, տանձը, ազնվամորին, սև սալորը, թուզն ու արմավը, դդումը, նուշը, խնձորը՝ կեղևով, բանանը, նարինջը և այլն։

Երբ սնունդը «կանգ է առնում» հաստ աղիքում, դա մի շարք խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ ցավային զգացողություններ։ Բջջանյութով հարուստ սնունդը կանխում է այդ խնդիրները։ Բարեբախտաբար շատ քիչ են այն ռիսկերը, որոնք կապված են մեծ քանակությամբ մանրաթել պարունակող սննդի օգտագործման հետ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031