Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ կմոտենանք մեր գլխավոր երազանքին՝ «ունենալ միացյալ հայրենիք», արձանագրում է Բակո Սահակյանը
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում նախանշված Համահայկական խաղերի բացումից մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր ուղերձով հանդես եկավ «Տեղի է ունենալու շատ կարեւոր խոսակցություն»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նշեց նա՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարեւոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, եւ այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, բոլոր հատվածների ներկայացուցիչները: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը եւ խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի եւ նրա ստեղծած հնարավորությունների մասին եւ այդ հնարավորությունները ճշգրիտ եւ արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետեւ կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարեւոր խոսակցություն», – ասաց Փաշինյանը:
Այն բանից հետո, երբ Արցախի ներկայիս եւ նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը խնդրեցին փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ սկսեցին շրջանառվել տարբեր տեղեկություններ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ այդ իրադարձությունից հետո գոյություն ունեցող լարված հարաբերությունների մասին։ Անգամ խոսակցություններ կային, թե՝ Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջեւ շփումներն են դադարել։
Հուլիս 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ ավել, ոչ պակաս հաստատեց տեւական ժամանակ շրջանառվող այդ տեղեկությունները՝ նշելով, որ պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ որոշակի խնդիրներ են եղել, սակայն դրանք այլեւս անցյալում են։ Նա, սակայն հրաժարվեց մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել, ովքե՞ր են կանգնած եղել այդ խնդիրների հետեւում եւ ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները: «Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրները արդեն անցյալում են»,- ասաց ԱԽ քարտուղարը: Լրագրողները խնդրել էին Գրիգորյանին մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել: «Խնդիրների մասին խոսվել է եւ՛ հրապարակային, եւ՛ քննարկումներ են եղել հանդիպումներում», – արձագանքեց նա: Լրագրողների փորձերին՝ հստակեցնել կոնկրետ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ «հրապարակային ինչ կա՝ դրանք»:
Կարդացեք նաև
Կառավարությունում մայիսին Փաշինյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, նկատելով, թե նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա. «Դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:
Ավելի ուշ, լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն արդեն որոշակի փակագծեր բացեց. «Դա աննախադեպ երեւույթ է եղել, երբ որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, եւ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից եւ ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս եւ իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում»:
Ահա, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հարաբերությունների առումով անորոշության մթնոլորտը ցրելու կոնկրետ քայլ իրականացվեց օգոստոսի 5-ին Փաշինյանի կողմից Արցախ մեկնելը եւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ ունենալու նախաձեռնությունն արդեն իսկ հուշում էր, որ կասկածների, անվստահության իրավիճակին պետք է վերջ տրվի։
Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Արցախի Հանրապետություն։ Ստեփանակերտում նա հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
«Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ»,- ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում։
Նույն օրն ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ մասնակցեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին։ Բակո Սահակյանն առաջինը հանդես եկավ ելույթով: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նա նշեց, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների եւ հաջողությունների հիմքն ու գրավականը: «Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, եւ մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից, մեր գերնպատակից, որը հզոր ու միացյալ հայրենիքի կերտումն է ու զորացումը: Եվ սա համազգային խնդիր է: Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի ընդմիշտ»,- ասաց Արցախի նախագահը:
Բակո Սահակյանն այնուհետեւ հավելեց, որ համազգային այս հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին. «Համահայկական խաղերի գործադիր մարմինը՝ գործադիր նախագահի եւ կազմկոմիտեի մասնակցությամբ, ջանացել են՝ մեզ պարգեւելու հաճելի, հետաքրքիր, գրավիչ, տպավորիչ պահեր: Այդ ներկայացումը, որին մենք մասնակից ենք լինելու, ունենալու է նաեւ բեմականացված հատվածներ, որտեղ նկարագրվում է՝ ովքեր են հայերը, ինչի համար են եկել այս աշխարհ, ինչ նպատակներ իրագործելու եւ ինչ առաքելությամբ: Ես այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության՝ Արցախին բաժին ընկածի մասին: Այս տարիների ընթացքում մենք երբեւէ չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք հարգանք, պաշտամունք մեր նախնիների նկատմամբ, նրանք այս դարերի ընթացքում մաքառել են, պայքարել են, շրջանցել են բազում փորձություններ, ունեցել են անկումներ ու վերելքներ եւ վերջապես մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք նաեւ պատգամել են մեզ, որ այս սուրբ երկրի գերագույն արժեքը մարդն է եւ մարդասիրությունը: Հենց այդ գիտակցմամբ, աշխարհընկալմամբ 31 տարի առաջ այս հրապարակում արցախցիները ելել են ոտքի եւ ի լուր աշխարհի հայտարարել՝ այլեւս չեն հանդուրժելու եւ չեն համակերպվելու ազգային արժանապատվության եւ ինքնասիրության ոտնահարման դրսեւորումներ»: Այնուհետեւ Բակո Սահակյանը հավելեց. «Այդ ժամանակից մեր այդ կոչին առաջինն արձագանքել են Մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, մենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես առաջնորդվելու միջոց, որպես մտածելակերպ, որպես ապրելակերպ եւ կենսակերպ, մենք այն նույն եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, ապաքինվել ենք, այդ նույն եռամիասնությամբ լուծել եւ լուծում ենք սոցիալական տարբեր խնդիրներ, դրա շնորհիվ մենք թեւակոխել ենք կայուն զարգացման շրջան: Այս տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ մենք Արցախում իրականացնում ենք հատուկ ծառայություն, որի նպատակն է ոչ թե արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովումը, այլ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը»:
Խոսելով արցախյան ազատագրման շարժման մասին՝ Բակո Սահակյանն ընդգծեց. «Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը արցախյան ազատագրական շարժումն է, եւ այդ շարժմամբ միշտ նշել ենք, որ նպատակ ենք հետապնդում՝ մեղմելու Մայր Հայաստանի ապրած ողբերգությունները, ինչպես նաեւ հարթելու նրա ճանապարհը դեպի ապագա: Այսօր՝ 31 տարի հետո, ամենայն պատասխանատվությամբ այստեղ հայտարարում եմ՝ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ, վճռականությամբ կատարելու, իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու եւ ստեղծելու նախադրյալներ՝ հաջորդ հաջողությունների ու հաղթանակների համար: Ողջունելով այսօր ՀՀ վարչապետին, Մայր Հայաստանից իրենց հայրենիքի արցախյան հատված այցելած մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելած մեր քույրերին ու եղբայրներին՝ փաստում ենք՝ մեր ընտրած ուղին անշրջելի է, եւ, անկախ այս կամ այն իրադարձությունից, մենք գնալու ենք առաջադրանքների ու երազանքների իրագործմանն ընդառաջ, մենք հետեւողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք»:
Ուշագրավ է, որ Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում շեշտեց Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Արցախյան բանակցային գործընթացի ապագայի համար սա խիստ կարեւոր արձանագրում էր։
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի օգոստոսի 8-ի համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


















































