Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ մարդու հիշատակին

Օգոստոս 08,2019 12:30

1980-ին Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, աշխատանքի անցա ԼՂՀ Ստեփանակերտի, այն ժամանակ Մաքսիմ Գորկու, այժմ՝ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում: Երկու տարվա աշխատանքային պայմանագիրը եւս երկու տարով թարմացնելուց հետո, չորս տարի անց վերադարձա Հայաստան: Սակայն մարդկային ջերմ, ընկերական կապը թատրոնի իմ կոլեգաների եւ ընդհանրապես արցախցի իմ բարեկամների հետ պահպանվում են մինչ օրս, որի համար շատ ուրախ եմ:

Այնուհետեւ աշխատանքի անցա կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Նավիգատոր» ստուդիայում եւ աշխատանքի բերումով շատ հաճախ էի լինում Արցախում: Ինչ խոսք, առիթից օգտվելով այցելում էի նաեւ իմ հին բարեկամներին:

Այդ ժամանակ թատրոնի հենասյուներից մեկը՝ հանրապետության ժողովրդական արտիստ, իմ լավ բարեկամ Բենիկ Օվչյանը սոցիալական եւ առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ գամված էր հաշմանդամության անվասայլակին: Ահա այդ այցելություններից մեկի ժամանակ Բենիկ Օվչյանի հարսը՝ Կարինեն ինձ ասաց, որ Օվչյանը ժողովրդական դերասանի համար նախատեսված հավելավճարը չի ստանում: Ես խոստացա զբաղվել այդ հարցով:

Երեւան հասնելուն պես գնացի այն ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ցավոք, այսօր արդեն երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի մոտ, որն ինձ գիտեր ուսանողական տարիներից եւ ներկայացրեցի Օվչյանի խնդիրը: Նա զարմացած ասաց՝ ինչպե՞ս թե… Իմ դերասաններն արդեն երկու տարի է՝ ստանում են այդ հավելավճարը… Եվ ավելացրեց՝ «Ես վաղը մտնելու եմ նախագահություն, անպայման այդ հարցը կբարձրացնեմ»: Երբ ասացի, որ հաջորդ օրը մի քանի օրով մեկնում եմ նկարահանումների, նա ասաց՝ «ոչինչ, հեռախոսահամար թող, ես տեղյակ կպահեմ»:

Եվ իրոք, երբ մեկ շաբաթ անց վերադարձա, կինս ասաց, որ զանգահարել է Երվանդ Ղազանչյանն ու ասել. «Վաչիկին ասեք, որ Բենիկ Օվչյանի հարցը լուծված է: Նա անցյալ տարիների վերահաշվարկի հետ միասին կստանա իրեն հասանելիք հավելավճարը»:

Ուրախությանս չափ չկար: Բենիկ Օվչյանին հաջորդ այցելության ժամանակ Օվչյանի հարսը՝ Կարինեն, երախտագիտությամբ ասաց, որ Օվչյանը ստանում է իրեն հասանելիք հավելավճարը եւ շնորհակալություն հայտնեց ինձ:

Ես ասացի՝ ես ի՞նչ եմ արել որ… Շնորհակալություն հայտնեք Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանին: Նա է այդ հարցով զբաղվել… Եվ ակամայից հիշեցի մեծն Թումանյանի անմահ խոսքը՝ «Ով չի սիրում, թեկուզ դուշման, լավ արարքը, լավ մարդուն»:

Վաչագան ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

ռեժիսոր

«Առավոտ» օրաթերթ
07.08.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031