Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան մեկ օրում չի կառուցվել. ամեն օր են կառուցում ու փայփայում

Օգոստոս 14,2019 23:00

Տարբեր տարիներին եւ նաեւ 2017 թվականին Մոսկվան ճանաչվել է ամենականաչ մեգապոլիսն աշխարհում: Քաղաքաշինական նորմերի համաձայն, քաղաքում կանաչ տարածքները պետք է լինեն 40-50 տոկոս: Մոսկվայում դրանք մի բան էլ ավել են՝ 54 տոկոս: Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները առիթը բաց չեն թողնում եւ Մոսկվայում ազատ տարածք հայտնվելու դեպքում, ոչ թե կառուցապատում են անում, այլ՝ կրկին այգի են հիմնում:

«Զարիադյե» այգին վերջերս է բացվել՝ անմիջապես Կրեմլի ու Կարմիր հրապարակի հարեւանությամբ: Այն ավելի շատ մշակութային կենտրոն է՝ թանգարաններով, ամֆիթատրոնով համերգային սրահով, մեդիա կենտրոնով ու սառցե քարանձավով: Սակայն այդ սրահների մեծ մասը ստորգետնյա է, որպեսզի մայրաքաղաքի պանորաման չաղավաղվի: Այգու հիմնական հարստությունը, սակայն միլիոն տեսակից ավել բույսերն են՝ այդ թվում Կարմիր գրքից հազվադեպ տեսակներ: Բույսերի հարուստ հավաքածուն այցելուներին ծանոթացնում է Ռուսաստանի բնության ողջ բազմազանությանը:

Այս տարածքում նախկինում «Ռոսիյա» հյուրանոցն է եղել, որը զբաղեցրել է շուրջ 13 հեկտար տարածք: Ասում են՝ այն ապամոնտաժելուց հետո, Մոսկվայում այս տարածքն ամենաթանկ գինն է ունեցել: Սակայն, քաղաքային իշխանությունները թանկարժեք տարածքը ոչ թե շենք-շինությունների կառուցապատման նպատակով են հատկացրել, այլ՝ քաղաքացիների հանգստի:

Այգու շինարարությունը 14 միլիարդ ռուբլի է արժեցել: Այգին, որպես քաղաքի տեսարժան վայր արդեն ընդգրկված է զբոսաշրջիկների համար նախատեսված տուրերում:
Ընդհանրապես Մոսկվան համարվում է ամենամեծ գործնական կենտրոնն ու տրանսպորտային հանգույցը, այդ պատճառով Մոսկվա այցելած տարեկան 20-21 միլիոն զբոսաշրջիկներից 4-5 միլիոնն են բուն զբոսաշրջության նպատակով Ռուսաստանի մայրաքաղաքում լինում, մնացածը այսպես ասած, ներքին զբոսաշրջիկներն են, որոնք Մոսկվա են այցելում գործնական նպատակներով՝ ձեռքի հետ էլ՝ մայրաքաղաքի տեսարժան վայրերում լինում:

Մոսկվա են այցելում երկրագնդի ամենատարբեր անկյուններից: Սակայն, ինչպես տեղացիներն են պատմում, վերջին տարիներին մեծացել է հոսքը, հատկապես՝ Չինաստանից, իտալիայից, արաբական երկրներից:
Ուշագրավ է, որ Կրեմլի դեմ դիմաց ռուսները պահպանել են ցարական ժամանակներից մնացած գլխատելու «պատվանդանը»: Զբոսաշրջիկներն այս վայրում կոպեկ են նետում, բայց պարզ չէ՝ ինչու: Եթե տարբեր երկրներում այդ սովորույթը խորհրդանշում է՝ սեր, հաջողություն, վերադարձ, ապա գլխատման խորհրդանիշի մոտ կոպեկ նետելը, դժվար թե սիրո, հաջողության նշան լիներ. Երեւի ուզում էին խուսափել «շառից, փորձանքից»:

Կարմիր հրապարակից,հարակից թանգարաններից, Ռուսաստանի գլխավոր խորհրդանիշ համարվող Վասիլի Երանելու տաճարից բացի, զբոսաշրջիկների սիրած վայրերից են նաեւ Հին Արբատ փողոցը,որը ոչ պակաս դիտարժան է ճարտարապետությամբ ու հուշանվերների առատությամբ ու բազմազանությամբ: Այս փողոցում են կողք-կողքի տեղակայված նաեւ տարբեր ազգերի խոհանոցներ՝ հայերի, ադրբեջանցիների, իտալացիների, չինացիների, վրացիների եւ այլ երկրների:

Հին Արբատը տեղաբնակներին նաեւ վաստակելու հնարավորություն է ընձեռում: Փողոցի երկայնքով մուլտֆիլմերի, հեքիաթների ու ֆիլմերի հագած՝ կապած հերոսներ են շրջում եւ իրենց հետ նկարվելու համար գումար պահանջում: Այստեղ ամեն քայլափոխին երիտասարդ երգիչներ ու երգչախմբեր են նվագում, երգում ու համերգ տալիս՝ իրենց մատուցած ծառայության դիմաց գումար ստանալու ակնկալիքով: Դատելով «փողոցային նկարիչների» առատությունից, դիմանկարի գործն էլ այստեղ վատ չէ. Հին Արբատում նրանք շատ էին:
Մատրյոշկաներից, Մոսկվայի եւ Ռուսաստանի տեսարժան վայրերի պատկերներով մագնիսներից, շապիկներից, բաժակներից ու այլ ստանդարտ հուշանվերներից բացի, Հին Արբատում խաղալիք զինատեսակներն էլ էին որպես հուշանվերներ վաճառվում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031