Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլթոնը գնաց

Սեպտեմբեր 13,2019 12:00

Նա Հայաստանից Իրանի եւ Ռուսաստանի ուղղությամբ որոշակի կոշտ քայլեր էր ակնկալում

Սեպտեմբեր 10-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կազատվի պաշտոնից: Նրա հրաժարականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջեց՝ պատճառաբանելով քաղաքականության շուրջ նրա հետ ունեցած մի շարք սուր տարաձայնություններով: «Ես տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ նրա ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլեւս չունի: Ես համաձայն չէի նրա շատ առաջարկների հետ, համաձայն չէին նաեւ աշխատակազմի անդամներից շատերը»,- Թվիթերում հայտնեց ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կհայտնի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը:

Անցյալ տարի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանեց։ Նրա այցը նշանավորվեց որոշ աղմկահարույց հայտարարություններով։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր։ «Եթե Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում վարչապետն ու նրա քաղաքական ուժը ստանան մանդատ, դա վարչապետի համար լավ հնարավորություն է՝ նաեւ Արցախի խնդրի լուծման համար վճռորոշ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Եթե պատրաստակամություն լինի, մենք էլ, որպես համանախագահող-երկիր, կաշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ արձագանք լինի»,- Երեւանում ասել էր Բոլթոնը:

Բոլթոնից լրագրողները նաեւ հետաքրքրվել էին՝ «հնարավո՞ր է՝ ԱՄՆ-ն վերանայի «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով ԱՄՆ-ն պարտավորվում է աջակցություն (այդ թվում՝ զենքի վաճառք) չցուցաբերել Ադրբեջանին, եւ սկսի սպառազինության մատակարարում թե Ադրբեջանին, եւ թե Հայաստանին»: Բոլթոնը նախ նշել էր, որ այս պահին զենքի վաճառքի առնչությամբ նշյալ փաստաթղթի համապատասխան բանաձեւի վերանայում չկա, ապա հիշեցրել էր, որ Ադրբեջանն իր սպառազինության 80%-ը գնում է Ռուսաստանից. «Հայաստանն էլ զենքը գնում է մեծամասամբ Ռուսաստանից: Այս հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը»: Ջոն Բոլթոնի խոսքով՝ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս. «Իսկ դա խաղաղության չի բերում: Նշեմ նաեւ, որ մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք մրցակցությանը՝ որպես շարժիչ ուժ: Միանշանակ, մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»։

Այս հայտարարությունից ամիսներ անց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենքի մատակարարման վերաբերյալ հարցին՝ ասել էր. «Բոլոր այն մատակարարումները, որոնք պիտի կատարվեն տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում բոլորի վերաբերյալ պայմանավորվածություններ կան, բայց մանրամասներ չեմ կարող ասել։ Երբ որ մատակարարվի՝ կասենք»։ Խոսելով Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորության մասին, նշել էր. «Ես դեռեւս որեւիցե առաջարկ չեմ ստացել։ Նման հայտարարություն եղել է, բայց ես որեւէ առաջարկ չեմ ստացել։ Մենք շուկան դիտարկում ենք որակի եւ գնի համատեքստում»։

Բոլթոնի երեւանյան այցի ուղերձը հետեւյալն էր, որ իր այցը չի ազդարարում ամերիկյան քաղաքականության փոփոխություն, սակայն մյուս կողմից, նրա երեւանյան ուղերձները հիմք ընդունելով, շատերը փաստում էին, որ մեր տարածաշրջանում Բոլթոնը քաղաքականության որոշակի փոփոխություն, այնուամենայնիվ, ցանկանում է տեսնել:

Անցյալ տարի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկասի մայրաքաղաքներ ուղեւորությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին միանալու, Ռուսաստանի ազդեցությանը փոքր-ինչ հակադրվելու քայլ էր։ Նա այդ մասին բացեիբաց խոսեց։

Երեւանում «Ազատության» հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում՝ Ջոն Բոլթոնը շեշտեց, որ Միացյալ Նահանգները, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում: «Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, ինչպես նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը: Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաեւ ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ՝ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում»,- ասել էր նա: Տարածաշրջանի անվտանգության մասին խոսելով՝ Բոլթոնը նշել էր. «Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի եւ պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է վարչակազմի համար»։

Բոլթոնը Երեւանում մի քանի անգամ կանգ առավ Արցախի թեմայի վրա՝ տարածվելով աշխարհաքաղաքական հարցերի ուղղությամբ. «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարեւորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, եւս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները: Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետեւ, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը եւ Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը համարվում էր կոշտ դիրքորոշումների ու կտրուկ քայլերի կողմնակից ֆիգուր ամերիկյան վարչակազմում՝ արտաքին քաղաքական տարբեր հարցրերով։ Ո՞վ կլինի Թրամփի թեկնածուն, ինչ քաղաքական կուրս կորդեգրի հաջորդ խորհրդականը, մասնավորապես, նաեւ Հարավային Կովկասի առնչությամբ՝ ցույց կտա ժամանակը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30