Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Հանկարծ չսխալվենք». մտածում է Տիգրան Կարապետյանը, Սերգեյ Բագրատյանն էլ փարատում է. «Մենք գիտակցում ենք հարցի գինը»

Հոկտեմբեր 03,2019 14:51

Ինչպես հայտնի է, խորհրդարանում ստեղծվել է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ դրանց արժանահավատությունը ստուգելու» հարցով քննիչ հանձնաժողով: Այդ հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնությունը ԲՀԿ խմբակցությանն էր, նրանց միացել էր նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Իմ քայլի» շատ պատգամավորներ:

Հանձնաժողովի կազմը պետք է որոշի խորհրդարանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր առաջարկեց, որ անդամները լինեն 18-ը:

Փարատելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի մտահոգությունները, թե ինչպե՞ս է հանձնաժողովը նախատեսվող հսկայածավալ աշխատանքն իրականացնել, քանի որ դրա համար բարձր որակի փորձագետներ են պետք լինելու, ինչը ֆինանսներ է նաեւ պահանջում, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ 100 միլիոն դրամ բյուջե են հաշվարկել նախատեսվող աշխատանքների համար, նաեւ գտնելու են միջազգային տարբեր աղբյուրներից ֆինանսավորում եւ պետբյուջեի վրա սա բեռ չի դառնալու: Նա վստահեցրեց, որ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել եւ շատ հեղինակավոր կազմակերպություններ պատրաստ են աշխատել ու օգնել մեզ: Սերգեյ Բագրատյանը հավաստիացնում է, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ էլ արդեն նախնական պայմանավորվածություններ ունեն:

Բաբկեն Թունյանը չի հասկանում, թե միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների եզրակացություններն ինչպե՞ս պետք է կասկածի տակ դնենք:

Այդ մտահոգությունները կիսում է «Իմ քայլական» Տիգրան Կարապետյանը: Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Մենք գիտակցում ենք հարցի գինը»: Ասաց, որ հանրային հնչեղություն եւ երկրի համար կարեւորություն ունեցող հարցերի ն անդրադառնալու գործիքակազմ ունի խորհրդարանը եւ հիմա չպետք է ձեռքերը ծալած նստեն: Տիգրան Կարապետյանը կողմ է հանձնաժողովի ստեղծմանը եւ հարցերի պարզաբանմանը, բայց մտածում է`«Հանկարծ չսխալվենք»: Սերգեյ Բագրատյանը վստահեցրեց` իրենք անաչառ եւ անկողմնակալ կլինեն, իսկ եզրակացության գնահատականը կտա խորհրդարանը:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր` Գեւորգ Պապոյանն էլ հետաքրքրվեց` ինչո՞ւ հիմա որոշեցին ստեղծել այս հանձնաժողովը, քանի որ մամուլում տարիներ շարունակ բազմաթիվ հրապարակումներ են եղել բազմաթիվ հանքավայրերի ձեռքբերման խայտառակ պատմությունների մասին, բայց ԱԺ-ն երբեք ձեռնամուխ չի եղել քննիչ հանձնաժողով ստեղծելուն: Նա հետաքրքրվեց նաեւ կա՞ կոնկրետ հանքավայր, որտեղից սկսելու են ուսումնասիրությունները: Սերգեյ Բագրատյանը բացատրեց` հաշվի առնելով տարիներ շարունակ այս ոլորտում առկա խնդիրները եւ դրանց հանրային հնչեղության մակարդակը`Թեղուտ, Քաջարան, Ախթալա, վերջերս նաեւ`Ամուլսար եւ այլն, որոշեցինք, որ արժե ձեռնամուխ լինել այս ուսումնասիրություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031