Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի». Կլաուս Շվաբը՝ Արմեն Սարգսյանին

Հոկտեմբեր 07,2019 19:55

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ:

Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներին, գործարար հանրության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու և լուծումներ առաջարկելու ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Ողջունելով Հայաստանի նախագահի այցը ֆորումի կենտրոնակայան՝ Կլաուս Շվաբը մասնավորապես նշել է․ «Մշտապես հիացել եմ Ձեր ինտելեկտով և տեսլականով: Կարծում եմ՝ Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի, ինչը Դուք նաև ի ցույց եք դրել Ձեր երկար տարիների գործունեության մեջ ու հրապարակումներում»։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է հիշում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր գործունեությունը, որը նաև լավ փորձառություն էր իր համար։ Նա նշել է, որ հենց պրոֆեսոր Կլաուս Շվաբի տեսլականի շնորհիվ է Համաշխարհային տնտեսական ֆորումն իրականություն դարձել։ «Կարծում եմ՝ աշխարհն առանց Համաշխարհային տնտեսական ֆորումի այլ կլիներ: Ֆորումն առաջ գնալու շատ ուղիներ է ձևավորել: Նոր աշխարհում ամեն բան շատ արագ է տեղի ունենում: Երբեմն ես ա՛յդ աշխարհում եմ՝ նոր, քվանտային աշխարհում: Այս աշխարհում մենք Ձեզ պես քվանտային մտածողների կարիքն ունենք»,-ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ որպես Հայաստանի նախագահ` ակնկալում է առաջիկա տարիներին ևս աշխատել Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության, մասնավորապես համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր այն ուղղությունների շուրջ, որտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումը կարող է իր ներդրումն ունենալ։ Որպես գործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։

Նշվել է, որ ֆորումն իր ծրագրերի շրջանակում հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի համար, որն ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան»՝ ապագայի թանգարան։

Գաղափարը համարվել է հետաքրքիր և նշվել, որ այդ ուղղությամբ համագործակցության մեծ հնարավորություն կա։

Կլաուս Շվաբն ասել է, որ հետաքրքրված են նաև գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն լսել նրա տեսակետները քվանտային քաղաքականության, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031