Այսօր քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանևսկոյ հայտնի Արտյոմ Հարությունովի գործի դատական նիստն էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է: Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով: Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:
Կարդացեք նաև
Այսօր դատարանում հարցաքննվեց Մյասնիկ Մատինյանը: Նա պատմեց, որ զինծառայող է, դեպքի օրը ինքն իրեն պլանավորել է Հարությունովի հետ գնալ որսի, դրա համար իր զենքերը հետն է վերցրել, մարզասրահում հանդիպել է Կանեւսկոյին, խնդրել է նրա ավտոյի բանալիները՝ առանց ասելու, թե ինչի համար ու իր անվամբ գրանցված զենքերը դրել է նրա ավտոմեքենայի բեռնախցիկում. «Ծառայության վայրից առանց զեկուցագրի էի դուրս եկել, զանգեցին, ասեցին, որ շուտ պետք է գաս, ես էլ շուտ տարել եմ զենքերը, դրել եմ մեքենայի մեջ, մարդուն տեղյակ էլ չեմ պահել: Վախենալով, որ գործս կկորցնեմ՝ շուտ գնացել եմ»: Հարցին, թե ինչքա՞ն վաղուց եք ճանաչում Արտյոմ Հարությունովին ու ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվել՝ նա պատմեց, որ 2011-ից գիտի. «Ախպեր ունեմ մահացած…որ մահացել ա, ճանաչել եմ Արտյոմին, ինքը ինձ օգնել ա, էդ վախտվանից եմ ճանաչում, գիտեմ մենակ լավ բաներ, բարի գործեր, գիտեմ իմ հանդեպ ինչ է արել»: Հարցին՝ նախապես պլանավորե՞լ էիք, որ պետք է գնայիք որսի՝ Մատինյանը պատասխանեց, որ ոչ, ուղղակի գիտեր, որ շաբաթ-կիրակի է, Կանեւսկոյն ազատ է, գնացել է, իսկ թե որտեղի՞ց է իմացել, որ հենց «Gold’s Gym» մարզասրահում է լինելու Հարությունովը՝ նա պատասխանեց. «Դե ես իրան գիտեմ, որ տրինաժորնի զալում պարապում ա: Ինքը վազում էր էդ ժամանակ, բարեւեցի, ասեցի՝ որ խնդրեմ մեքենայի բանալիները կտա՞ս 1 րոպեով: Վերցրեցի, որ էդ ամեն ինչը ձեռս չմնար, հրացանները դնեի մեջը: Դրեցի բագաժնիկում, իրա ֆուտլյարի մեջ էր, մեկ էլ տոպրակ ա եղել կտորից, դրա մեջ էլ պատրոններն էր»:
Նա ասաց, որ կայքերից է իմացել, որ հաջորդ օրը խուզարկել են Հարությունովի մեքենան ու իր անվամբ զենքերը գտել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































