Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մենք վստահում ենք Հայաստանի արդարադատության համակարգին»․ Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարում ե՞ք, հարցին

Հոկտեմբեր 14,2019 22:42

«Մենք վստահում ենք Հայաստանի արդարադատության համակարգին եւ վստահ ենք, որ դատական համակարգի որոշումները լինելու են օրենքի շրջանակներում»,- այսօր Շուշիում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարցը վերաբերում էր այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ օրերս տարածած հայտարարությանը եւ պահանջին՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Դիտարկմանը, որ հայտարարությունը ստորագրածների թիվը մեծ չէր, սակայն, ուշագրավ էր ստորագրողների ցանկը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվը շատ ավելի մեծ կարող է լինել։ «Մենք չենք ուզում միջամտել արդարադատությանը։ Մենք էլ, կոնկրետ՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունն առիթ ունեցել ենք ստորագրելու, բայց այդ ամեն ինչը, օրենքի շրջանակներում իրականացնելու առումով»։

Մեր հաջորդ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, քանի որ ինքն իրեն համարում է քաղբանտարկյալ, եւ իր վերջին հայտարարության մեջ ասել էր, որ իրեն ստիպում են հրաժարվել իր սկզբունքներից, Արայիկ Հարությունյանը կրկնեց՝ հավատում է Հայաստանի արդարադատության համակարգին եւ գտնում է, որ դրանք մինչ այսօր օրենքի շրջանակներում են եղել։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին, որոնցում նա քննադատում էր ՀՀ վարչապետին, ինչը խիստ հակազդեցություն ունեցավ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի հավատում, որ հայտարարությունները կարող են պառակտում մտցնել Հայաստանի եւ Արցախի միջեւ կամ Արցախում․ «Հնարավոր չէ պառակտել Արցախն ընդհանուր առմամբ, այն միասնական է՝ անկախ տարբեր մարդկանց հայտարարություններից ու տեսակետներից»։ Վիտալի Բալասանյանի կարծիքն ինքը չի մեկնաբանում, բայց վստահ է, որ այսօր Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև չհասկացվածության պատ չկա։

Պատասխանելով Aravot.am-ի մյուս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցի կարգավորումն այնպիսին պետք է լինի, որը կբավարարի երեք կողմերին էլ․ ո՞րն է այդ լուծումը, կա՞ այն, Արայիկ Հարությունյանն ասաց. «Դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, տրամաբանությունն էլ է հուշում: Եթե որևէ կողմի չբավարարի, հարցը չի լուծվի։ Եթե որևէ մեկի համար ընդունելի չլինի, հարցը չի լուծվի։ Մենք 1994 թվականի մայիսի 12-ից ամեն օր սպասում ենք պատերազմի»։

Այլ մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031