Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, մեղմ ասած հին, շարքից դուրս ավտոմեքենա էր». Աղաջանյանը՝ վարչապետի գնած նոր մեքենայի ու ճոխ ծախսերի մասին

Հոկտեմբեր 30,2019 15:59

Տեղեկություններ կային, որ վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլարանոց: Լրագրողներն այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցրեցին, թե քանի՞ նոր զրահապատ մեքենա է գնվել:

Աղաջանյանն ասաց, որ վստահ չի, որ այդ տեղեկությունը պետք է հրապարակի, իրավաբանների հետ կխորհրդակցի:

Մեր հարցին՝ երբ բյուջեի հաշվին բան է գնվում, թափանցիկ գործելաոճ որդեգրած կառավարությունն ինչո՞ւ է գաղտնի պահում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Նախ, գործող օրենք կա, որը վերաբերում է ընթացիկ ներկայացուցչական ծախսերին, որը գաղտնի է, կարելի է քննարկել այդ օրենքի փոփոխման հարցը: Պետք է արձանագրել, որ դրան զուգահեռ կան անվտանգության նորմեր, որոնք այդ օրենքի շրջանակներում պահպանվում է, դա կարեւոր բաղադրիչն է այդ օրենքի»:

Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ այս ճոխ գնումները հանրության մոտ տրամադրություն են ստեղծում, քանի դեռ դուք եք իշխանության, օգտվում եք դրանից՝ Աղաջանյանը պատասխանեց. «Պետք է արձանագրել, որ այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, բավականին, մեղմ ասած հին, շարքից դուրս ավտոմեքենա էր, որը դեռեւս 5 եւ ավել տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր, նաեւ լուրջ անվտանգության խնդիրներ առաջացնող մեքենա էր»:

Ճշտեցին՝ այսինքն, նախկինները խնայում էին միջոցները եւ նոր մեքենա չէի՞ն գնում՝ Աղաջանյանը պատասխանեց, որ այդ ավտոմեքենան այնտեղ դրված էր, չէին օգտագործում. «Նախկիններն իրենց սպասարկողներն ունեին, Սերժ Սարգսյանն իր անհատական ավտոմեքենան ուներ, իրենն էր՝ սեփականը»:

Աղաջանյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կառավարությունն ապահովում է մեքենաներով, անվտանգության աշխատակիցներով: Հարցին՝ օգտվո՞ւմ են՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, բայց նրանց տրամադրված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031