Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտարերկրյա ուղիղ ներդրումները չորս անգամ նվազել են». Սերգեյ Բագրատյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 31,2019 13:21

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չի կիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը`2020 թվականի բյուջեի նախագծի մասին: Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 2020-ի բյուջեն անվանեց պահպանողական: Սերգեյ Բագրատյանն այս նախագիծը բնութագրում է իրատեսական, քանի որ դրանում դրված են թվեր, որոնք կատարվելու են. «Եթե թռիչքաձեւ զարգացման բյուջե դրվեր, ռիսկայնությունը շատ բարձր կլիներ»: Թե ինչո՞ւ Հայաստանի հեղափոխական իշխանությունն արդեն երկրորդ անգամ չի համարձակվում նույնքան հեղափոխական բյուջե ներկայացնել հարցին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Բոլոր հեղափոխությունների ժամանակ տնտեսություններն անկում են արձանագրում: Բայց զարմանալիորեն, մեր դեպքում, տնտեսությունը անկում չի արձանագրել: Հասկանալի է, որ իշխանությունն`ապահովագրելով իր ռիսկերը, որոշում է ավելի փոքր զարգացման թիվ դնել բյուջեի հիմքում, այն պարզ պատճառով, որ չկարողանա հանրությունը բողոք ներկայացնել, որն ուղղված կլինի կառավարության ծրագրի կասկածելիությանը: Այսինքն, եթե դրվեր երկնիշ թիվ, ռիսկայնությունը շատ բարձր կլիներ եւ կառավարության հանձնառությունը կլիներ`պատասխանել ինչո՞ւ չկատարվեց այդ բյուջեն: Դրվել է մի թիվ, որը հնարավոր է կատարել»:

Հետաքրքվեցինք` ինչո՞ւ կառավարությունը չի գնում ռիսկի, մանավանդ, որ վարչապետը հայտարարեց հսկայական ծավալի օտարերկրյա ներդրումների մասին, ավելի ուշ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հստակեցրեց` խոսքը 22,7 միլիարդ օտարերկրյա ներդրումների մասին է:

«Մենք, որպես ընդդիմություն, փաստում ենք, որ այս պահին, օտարերկրյա ուղիղ ներդրումները չորս անգամ նվազել են: Սա փաստ է: Հիմա, եթե վարչապետը կանխատեսում է, որ այդ ներդրումները 2020 թվականին կտասնապատկվեն, ապա մենք դա պետք է տեսնենք»,- պատասխանեց Սերգեյ Բագրատյանը` հավելելով, որ քննարկելի են թվերը, ոչ թե կանխատեսումները. եթե ունենք 9,7 տոկոս արդյունաբերության, 7,9 տոկոս արտահանման աճ`դրանք լավ թվեր են, բայց եթե ունենք 4,8 տոկոս գյուղատնտեսության անկում`մեզ պիտի անհանգստացնի: Նա հիշեցնում է, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը 2018-ին էլ էր արձանագրվել:

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության զարգացման մասով էլ`«լավ լուր» էր հրապարակել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Եթե 2020 թվականի համար գյուղատնտեսության ոլորտում արտակարգ փոփոխություններ չենք նախատեսում`թե օրենսդրական, թե տնտեսական քաղաքականության առանձին բաղադրիչներով`սուբսիդիաների հասցեականություն, գյուղացիների վարկավորման նոր պայմաններ, ապա, անկումը շարունակվելու է եւ պատգամավորը չգիտի`մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր: Նա առաջարկում է, այսպես ասած, գյուղացիական հոգսերի գույքագրում իրականացնել, որպեսզի հստակ լինի առկա պատկերը, ինչն էլ հնարավորություն կտա հետագա քայլերի մասով հետեւություններ անել: Սերգեյ Բագրատյանն այդ հոգսերից մի քանիսը գիտի`գյուղացիական տնտեսությունները վարկունակ չեն, ի վիճակի չեն ներգրավվելու էժան վարկեր, բարձր տոկոսադրույքներով վարկավորումը շարունակվում են, գյուղացին շարունակում է մնալ անուշադրության մատնված ու այս ամենի արդյունքում տնտեսությունները վարվում են ավանդական եղանակներով`առանց նորարարությունների, ոչ մի նոր, բարձր տեխնոլոգիա հասու չէ գյուղացիներին, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսություն զարգացնել: Այս պարագայում գյուղատնտեսության բեկումնային փոփոխություն ապահովելն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ուղղակի անհնար է:

Փոփոխություններ իրականացնելու հնարավորություններն, ըստ նրա ունենք, միայն ցանկանալ է պետք`ներգրավվերով ընդդիմադիրներին, հասարակական հատվածի ներկայացուցիչներին, որոնք ունեն կոնկրետ ծրագրեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031