Լրահոս
Օրվա լրահոսը

Քաթարում Qitcom 2019 ցուցահանդեսում առաջին անգամ հանդես գալով՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել

Հոկտեմբեր 31,2019 15:55

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Քաթարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային տարիներից հայկական ինժեներական և ալգորիթմական դպրոցն ամենաուժեղներից մեկն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին Հայաստանը սիլիկոնյան հովիտ էր համարվում։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն: Այն  ամեն տարի 25% աճ է գրանցում:  Ներկայում համապատասխան քայլեր են իրականացվում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ոլորտի մյուս ճյուղերի արագ ու դինամիկ զարգացման համար։ Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել  արհեստական բանականության կիրառելիության առանձնահատկություններից՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են մարդկանց կենսակերպն ու աշխատանքային գործունեությունը դյուրացնելուն։

Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորության մասին, նշել,  որ պետք է սկսել դպրոցից, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա և այս շղթայի ճիշտ կազմակերպումը արդեն իսկ նկատելի հաջողություններ է գրանցել։

Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական միջավայր դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է ազդեցիկ հայկական Սփյուռք ունենալու փաստը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլև Հայաստանում գործունեություն սկսել ցանկացող օտարերկրյա ընկերություններին կապել աշխարհի շուկաների հետ։

Համաժողովի շրջանակներում Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Քաթարի տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջասիմ բին Սայիֆ բին Ահմեդ Ալ-Սուլաիթիի և Քաթարի վարչապետի գլխավոր խորհրդական Ահմեդ Ալ Սալուիթիի հետ։ Նախարարը ներկայացրել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման ներուժին և հնարավորություններին։ Բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար տրամադրել համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաև այցելել մեր երկիր և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ գործնական հարաբերություններ սկսել։

Հակոբ Արշակյանը և հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները Քաթարում Հայաստանի նորաբաց դեսպանությունում հանդիպում են ունեցել նաև Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախարարը շնորհավորել է Քաթարում ՀՀ դեսպանին և համայնքի ներկայացուցիչներին դեսպանատան բացման կապակցությամբ՝ այն համարելով  պատմական իրողություն։ Քաթարի հետ հարաբերությունները զարգացնելու գործում Հակոբ Արշակյանը կարևորել է հայկական համայնքի դերն ու նշանակությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց բավականին հզոր ազդեցություն ունի։

Այնուհետև Հակոբ Արշակյանն անդրադարձել է Քաթար կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների մանրամասներին, ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանի՝ առանձին տաղավարով ներկայանալու փաստին, որին մեծ աջակցություն է ցուցաբերել Քաթարում Հայաստանի դեսպանատունը:

Հատկանշական է, որ Qitcom 2019 ցուցահանդեսում առաջին անգամ հանդես գալով՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հայկական տեխնոլոգիական ընկերությունների պրոդուկտներին, ձեռքբերումներին ծանոթացել են բարձրաստիճան մի շարք հյուրեր և ոլորտի մասնագետներ:  Հայկական տաղավար է այցելել նաև Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարը:

 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031