Իրանի ռազմական իշխանությունների հայտարարության համաձայն՝ «Ռամադանի պատերազմ» անվամբ հայտնի ռազմական բախումների ընթացքում երեք իրանցի օդաչու, որոնց ինքնաթիռները խոցվել էին, կենդանի վիճակում ձերբակալվել են Կատարի ուժերի կողմից։
Սակայն Կատարի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել ոչ նրանց առողջական վիճակի և պահման վայրի մասին տեղեկություն, ոչ էլ թույլատրել է ընտանիքների հետ կապը, հյուպատոսական ներկայացուցիչների այցը կամ անկախ տեղում ուսումնասիրությունը։ ԻԻՀ ԶՈւ ԳՇ անհետ կորածների որոնման հանձնաժողովի հրամանատարն էլ հայտարարել է, որ իրանական մասնագիտական խմբերը ամիսներ շարունակ սպասում են Դոհա մուտք գործելու և օդաչուների ճակատագիրը պարզելու թույլտվությանը։ Այդ պատճառով Թեհրանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ պահանջելով անհապաղ միջամտություն։
Ի պատասխան՝ Կատարը հերքում է, որ օդաչուները գերեվարված են։ Երկրի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ իրանական օդանավերի՝ Կատարի օդային տարածք մուտք գործելուց և կապի ազդանշաններին չարձագանքելուց հետո իրականացվել է որոնողափրկարարական գործողություն, որի ընթացքում հայտնաբերվել են միայն մեկ օդաչուի աճյունի մնացորդները։ Այս պայմաններում հարցը չպետք է սահմանափակվի քաղաքական հայտարարություններով։ Գլխավոր հարցն այն է, թե միջազգային իրավունքն ինչ մեխանիզմներ է նախատեսում ճշմարտությունը բացահայտելու և զինված հակամարտության ընթացքում հնարավոր գերեվարված անձանց պաշտպանելու համար։
Անշեղ նվազագույն պահանջներ գերեվարված անձանց նկատմամբ։ Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից առաջին քայլը օդաչուների իրավական կարգավիճակի որոշումն է։ Եթե նրանք Իրանի զինված ուժերի անդամներ են և միջազգային զինված հակամարտության ընթացքում գերեվարվել են հակառակ կողմի կողմից, ապա կիրառելի կարող են լինել 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի դրույթները՝ ռազմագերիների վերաբերյալ։ Նույնիսկ եթե վեճ կա հակամարտության իրավական բնույթի շուրջ, մարդասիրական իրավունքի հիմնարար և սովորութային նորմերը սահմանում են նվազագույն պարտադիր չափանիշներ՝ յուրաքանչյուր ձերբակալված անձի նկատմամբ։
Կարդացեք նաև
• 13-րդ հոդվածը պահանջում է ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք և արգելում է ցանկացած գործողություն կամ անգործություն, որը կարող է վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։
• 70-րդ հոդվածը ռազմագերուն իրավունք է տալիս իր կարգավիճակի մասին տեղեկություն փոխանցել ընտանիքին և Ռազմագերիների կենտրոնական տեղեկատվական գործակալությանը։
• 78-րդ հոդվածը ճանաչում է գերիների իրավունքը՝ բողոք ներկայացնելու պահման պայմանների վերաբերյալ։
• 109–110-րդ հոդվածները նախատեսում են հիվանդ և վիրավոր ռազմագերիների տեղափոխման կամ վերադարձի հատուկ ընթացակարգեր։
• 126-րդ հոդվածը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրավունք է տալիս այցելել ռազմագերիների պահման վայրեր և նրանց հետ առանձնազրույց ունենալ։
Ուստի, եթե Կատարը պնդում է, որ երեք օդաչուներն իր վերահսկողության տակ չեն, ապա այդ պնդման ամենահամոզիչ ապացույցը կլիներ ոչ թե քաղաքական հերքումը, այլ անկախ ստուգման թույլտվությունը, որոնողափրկարարական գործողության փաստաթղթերի ներկայացումը։
Հնարավո՞ր է արդյոք «հարկադիր անհետացման» իրավական գնահատականը։ Գործի երկրորդ իրավական հարթությունը վերաբերում է հարկադիր անհետացման հնարավորությանը։ Եթե անձը հայտնվել է պետական մարմինների վերահսկողության տակ, իսկ պետությունը հրաժարվում է ընդունել նրա կալանավորումը կամ տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին, ապա հարցը կարող է քննվել միջազգային մարդու իրավունքների իրավունքի շրջանակում։ Բացի այդ, եթե ապացուցվի, որ խախտվել են ռազմագերիների նկատմամբ մարդասիրական պարտավորությունները, որոշ դիտավորյալ գործողություններ կարող են համապատասխան պայմաններում գնահատվել նաև որպես պատերազմական հանցագործություններ։
Կատարի լռության հնարավոր բացատրությունները։ Վերլուծական մակարդակում քննարկվում են երեք հիմնական սցենար.
1. ռազմագերիների հնարավոր օգտագործումը քաղաքական ճնշման կամ «պատանդային դիվանագիտության» նպատակով,
2. փրկարարական գործողության կամ պահման պայմանների հնարավոր թերությունների թաքցնելը,
3. անվտանգության նկատառումներով երրորդ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի, ազդեցությունը՝ հետախուզական կամ հարցաքննության նպատակներով։
Սակայն այս վարկածներից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես հաստատված փաստ՝ առանց անկախ հետաքննության։
Միջազգային պատասխանատվություն և Իրանի իրավական գործիքները։ Եթե Կատարի պետական մարմինների գործողությունը կամ անգործությունը վերագրվի պետությանը և ապացուցվի միջազգային պարտավորության խախտումը, ապա կարող է կիրառվել պետությունների միջազգային պատասխանատվության սկզբունքը՝ համաձայն Պետությունների պատասխանատվության մասին հոդվածների նախագծի (ARSIWA)։ Քաղաքական կամ անվտանգության նկատառումները ինքնին չեն արդարացնում միջազգային իրավական պարտավորությունների խախտումը։
Այս իրավիճակում Իրանը կարող է օգտվել մի շարք իրավական մեխանիզմներից.
• ակտիվացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածությունը՝ պաշտոնական դիմումով և ապացույցների ներկայացմամբ,
• դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներին, այդ թվում՝ Հարկադիր կամ ոչ կամավոր անհետացումների աշխատանքային խմբին,
• անհրաժեշտ իրավական հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել համաչափ հակաքայլերի կիրառման հնարավորությունը,
• օգտագործել բազմակողմ և տարածաշրջանային հարթակները, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Քաթարի նկատմամբ քաղաքական ճնշումն ուժեղացնելու նպատակով։
Եզրակացություն։ Երեք իրանցի օդաչուի գործը դարձել է Պարսից ծոցի տարածաշրջանում միջազգային մարդասիրական իրավունքի հեղինակության կարևոր փորձություն։ Ռազմագերին չի կարող դիտվել որպես պատերազմական ավար, քաղաքական ճնշման միջոց կամ դիվանագիտական սակարկության գործիք. նա մարդ է, որի իրավունքները պաշտպանված են նույնիսկ զինված հակամարտության ամենածանր պայմաններում։
Ջավադ Սալեհիի, Աբդոլմաջիդ Դաշթիանիի և Օմրան Բեհրուշյանի ընտանիքների համար վեցամսյա անորոշությունը ոչ միայն հումանիտար ողբերգություն է, այլև միջազգային իրավունքի արդյունավետության իրական քննություն։
Մոհսեն Ասադի Մովահեդ,
միջազգային իրավունքի դոկտոր


















































