Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կա՞ն սատանիստներ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 13,2019 11:40

Նախ՝ նրանք չկան, երկրորդ՝ բարի են. հայտնի կրոնագիտական կատակն այս անգամ սատանիզմի մասին է։

Ինչպես բոլոր՝ գաղտնիության մշուշով կիսապարուրված կրոնական ուղղությունները, սատանիզմն էլ տարածված անհայտություն է. շատերն են խոսում դրա մասին, իրենց հակառակորդներին մեղադրում դրանում, դրա կիրառմամբ էսխատոլոգիկ (վախճանաբանական) կանխատեսումներ անում, սակայն քչերը գիտեն՝ դա ինչ է։ Եվ քանի որ վերջերս մեր մամուլի վերնագրերում էլ պատվավոր տեղ ունի այս որակումը, տեսնենք՝ ինչ է, համեմատենք նրա որոշ թեզերը քրիստոնեական դրույթների հետ։

Ենթագիտակցորեն ընկալվելով աստվածայինին հակադիր (սատանա-հակառակորդ բառից)՝ սատանիզմը գոյություն է ունեցել մշտապես՝ մարդկության պատմության սկզբից, իսկ որպես կրոնական ուղղություն՝ 1966-ից. առաջինը պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում։ Հիմնադիրն էր Անտոն Շադոր Լավեյը՝ «Սատանայի աստվածաշնչի» հեղինակը։

Լավեյն ասում է. «Ես փիլիսոփայություն չունեմ։ Իմ ունեցածը հավատալ սովորեցնելն է: Սատանան տիրապետում է մարդկային մութ՝ խավար կողմին։ Մեր բոլորի մեջ էլ Սատանա կա։ Խնդիրն այն է, որ ճանաչենք ու դրսեւորենք (դուրս հանենք) այն»։ Քրիստոնեությունը եւս համամիտ է, որ մեր մեջ կա «երկուսն էլ»՝ «դժոխքից մինչ դրախտ՝ ամեն բան», բայց հորդորում է աճեցնել եւ դրսեւորել լուսավորը։

«Մարդն ընդամենը կենդանի է, հազվադեպ՝ ավելի լավը, եւ հաճախ ավելի վատը, քան նրանք, որ քայլում են չորս թաթերի վրա»,- ասում է սատանիզմը։ Քրիստոնեությունը մարդուն համարում է Աստծո որդի՝ հավաստելով, որ «կարող ենք մենք Մեծի շնորհի հավերժ ընտրությամբ Աստված իսկ լինել» (Գր. Նարեկացի)։

Մեղքերը, ըստ սատանիզմի, տանում են դեպի ֆիզիկական, մտավոր եւ էմոցիոնալ բավարարվածության. դա կարեւոր բան է եւ ճիշտ է։ Քրիստոնեության ընկալմամբ՝ մեղսալի ցանկության բավարարումը հանգեցնում է առավել մեծ անբավարարվածության, իսկ «դա բավարարելու-ավելին ուզելու» պարույրը հանգեցնում է հոգու տանջանքի՝ ընկճախտի, ցասման, անհուսության։ Սատանիզմի համար կարեւորագույն բավարարվածությանը քրիստոնեությունը հակադրում է երջանկությունը՝ հոգու խաղաղությունը։

Հեդոնիզմի (հաճույքապաշտության) փիլիսոփայության վրա հիմնված եւ մոգական տարրերով հագեցած սատանիզմն ունի իր ծիսակատարությունները՝ մկրտության, հարսանիքի, թաղման, սեւ պատարագի (տարվա որոշակի օրերին՝ սատանայական տոներին), եւ ունի այդ ծեսերի համար մշակված ծիսակարգ։ Այդ մասին առատ տեղեկատվություն կա սատանիստական կայքերում։ Այս բազմապիսի տեղեկատվական բաց աղբյուրներից կարելի է հետաքրքիր մանրամասներ իմանալ նաեւ, թե, օրինակ, ինչպես պատրաստել նպատակային թալիսմաններ, զոհաբերությունների կամ ծիսական խոշտանգումների համար նախատեսված դանակներ։

Այդ գործիքները կարող են պետք գալ սատանիզմի տասնմեկ պատվիրաններից 4-րդին հետեւելու համար, այն ասում է. «Եթե ձեր հյուրը ձանձրացնում է ձեզ, նրա հետ վարվեք կոպիտ եւ անողոք» կամ էլ 11-րդի համար. «Գտնվելով բաց տարածությունում՝ մի խանգարեք ոչ ոքի։ Եթե ինչ-որ մեկը խանգարում է ձեզ, խնդրեք նրան դադարեցնել։ Եթե չի դադարեցնում, ոչնչացրեք նրան»։

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930