Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սպասվող ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն»

Նոյեմբեր 14,2019 21:00

Արցախի ԱԺ նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը շատ հավանական է համարում իր առաջադրումն առաջիկա նախագահական ընտրություններում

– Ինչպիսի՞ առաջնահերթություններ է իր առջեւ դնում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ինչպիսի՞ ծրագրով է հանդես գալու 2020 թվականի ընտրություններին: Համամասնական ցուցակում նոր դեմքեր լինելո՞ւ են:

– Կուսակցությունը ամիսներ առաջ հայտարարել է քաղաքական գործունեության նոր փուլ սկսելու մասին, որի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում տարբեր շրջաններում: Նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի գրասենյակում կուսակցության Կենտրոնական խորհրդի ընդլայնված նիստ ենք ունեցել, որի ժամանակ ծրագրել ենք առաջիկա անելիքները եւ համագումարի նախապատրաստական աշխատանքները:

Այդ հանդիպումների ընթացքում նաեւ հավաքագրում ենք այն կարեւոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին եւ դրանց լուծման մեր առաջարկած ուղիներն անպայման կուսակցության նախընտրական ծրագրի մաս են կազմելու: Այս պահին կարող եմ ասել, որ ներկայացնելու ենք բոլոր առումներով մրցունակ եւ Արցախի զարգացմանը միտված իրատեսական ծրագիր:

Ինչ վերաբերում է ցուցակին, ապա մենք այս հարցում բացարձակ հրապարակային ու ժողովրդավարական սկզբունքով ենք առաջնորդվելու. Հարցման մեխանիզմների կիրառմամբ հաշվի ենք առնելու կուսակցական անդամների կարծիքը համամասնական ցուցակում ընդգրկվող անձանց վերաբերյալ: Նոր դեմքեր միանշանակ լինելու են: Այսօր էլ հանրապետությունում տարբեր ոլորտներում հեղինակավոր եւ բարի համբավ ունեցող մարդկանց հետ քննարկումներ ենք ունենում, եւ կարծում եմ՝ փոխադարձ վստահության մթնոլորտում նոր դեմքերով կհամալրենք մեր շարքերը:

– Ձեր ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2005 թվականից ներկայացված է խորհրդարանում, 2005-ին եղել է մեծամասնություն, այնուհետեւ խորհրդարանում նվազել է նրա ազդեցությունը եւ այժմ ունի 6 մանդատ: Ինչո՞վ է սա պայմանավորված: Ինչպիսի՞ հնարավորություններ ունի կուսակցությունը առաջիկա ընտրություններին հաջողելու համար:

– Քաղաքական ռեսուրսը հաստատուն լինել չի կարող. Այն փոփոխվում է տարբեր քաղաքական միջավայրերում, եւ սա նույնպես ժողովրդավարության ցուցիչ է մեր երկրի համար: Կարեւորը՝ կուսակցության շարքերի համալրման անընդհատությունն է, որովհետեւ միշտ էլ գնացողներ կլինեն: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ստեղծվել է 2000 թվականին, որպես «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական շարժում եւ սնուցել է մի շարք քաղաքական նոր ուժերի: Որպես արցախյան առաջին քաղաքական ուժ՝ այն հաղթահարել է հասունության փուլը:

Պետք է խոստովանել, որ մենք անցել ենք այն փուլով, երբ կուսակցության անդամների քանակը պոպուլյարության կամ ազդեցության ցուցիչ էր, սակայն որքան հասունանում է կուսակցությունը, այնքան գաղափարապես ավելի է ամրապնդվում, եւ այն մարդիկ, որոնք միայն անձնական շահ կամ ցանկալի պաշտոն են հետապնդել՝ հեռանում են, մնում են գաղափարապես կայուն մարդիկ: Մենք խնդիր չենք դրել եւ չենք դնում արհեստականորեն լրացնելու կուսակցության շարքերը, հակառակը, առաջնորդվում ենք այն գաղափարով, որ կուսակցությանը մաս կազմելը պետք է կշռադատված որոշման արդյունք լինի: Այսպես են կուսակցությունները մաքրվում եւ պատմություն կերտում: Մենք տեսել ենք տարբեր իրավիճակներ. բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին մեր շարքերում էին, այսօր ուրիշ կուսակցություններում են, վաղը նույն հաջողությամբ կտեղափոխվեն մեկ այլ կուսակցություն, դա էլ է տեսակ, բայց մեր գաղափարների հետ անհամատեղելի է:

– Խոսվում է այն մասին, թե հայաստանյան իշխանություններն ո՞ւմ կպաշտպանեն նախագահական ընտրություններում եւ հայտարարված թեկնածուներից ոմանք փորձում են աջակցություն ստանալ Հայաստանից: Արդյո՞ք հայաստանյան իշխանությունները նախընտրած թեկնածու ունենալու են ընտրություններում, եւ որքանո՞վ վճռորոշ կարող է լինել այդ հանգամանքը:

– Արցախի եւ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը բնական պահանջ է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ տնտեսական, սոցիալական, անվտանգային ու պաշտպանական ներդաշնակ քաղաքականությունը երկու հանրապետություններում եւ համահայկական ընդհանուր նպատակները:

Այս ամենը սակայն չի նշանակում, որ որեւէ թեկնածու պետք է աջակցություն ստանա հայաստանյան իշխանություններից: Մինչ այս պահը հնչած բոլոր հայտարարություններում եւ մեկնաբանություններում թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ աջակցելու են Արցախում ազատ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպմանը, իսկ ընտրությունը Արցախի ժողովրդինն է:

Արցախը ինքնուրույն քաղաքական սուբյեկտ է, եւ միայն Արցախի ժողովրդին է տրված իշխանություն ձեւավորելու իրավունքը: Եթե մենք ինքներս չենք հարգելու մեր Սահմանադրությունը՝ անիմաստ է դա սպասել մյուս սուբյեկտներից: Կարծում եմ՝ ժողովրդավարական այն արժեքներն ու սկզբունքները, որոնք հռչակվել են Հայաստանի իշխանությունների կողմից, թույլ են տալիս վստահ լինել, որ Հայաստանը ընդունելու է Արցախի ժողովրդի ցանկացած ընտրություն: Իսկ ինչպիսի իշխանություն ձեւավորվի Արցախում, պարտավոր է լինելու համագործակցել հայաստանյան իշխանությունների հետ:

– Ձեր կարծիքով Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները որքանո՞վ են ազդել Արցախում հանրային տրամադրությունների վրա եւ արդյո՞ք արցախցի ընտրողը իր համար եզրակացություններ արել է:

– Հայաստանյան իրադարձությունները միանշանակ նոր հնարավորություններ են բացել Արցախում ժողովրդավարությունը եւս մեկ քայլ առաջ տանելու համար: Սակայն, դժբախտաբար այդ զարգացումները նաեւ մանիպուլյացիաների մեծ դաշտ են ստեղծել, եւ նախընտրական գործընթացում տարբեր ուժեր փորձելու են օգտվել այդ իրավիճակից: Թե որքանով դրականորեն կօգտագործի ստեղծված հնարավորությունը արցախցի ընտրողը՝ պարզ կլինի 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ:

Այս առումով սպասվող ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն եւ վեր են հանելու մարդու, կառավարչի եւ քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար: Յուրաքանչյուր ընտրող թեկնածուների մեջ փնտրելու է այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի իր երկրի ղեկավարը եւ օրենսդիրը: Հուսանք, որ անհատական նյութական օգուտի, պոպուլիզմի եւ պետական մտածողության պայքարում կհաղթի վերջինը:

– Ձեր հարցազրույցներում հայտարարել եք, որ չեք բացառում նախագահի պաշտոնում Ձեր առաջադրումը, այս առումով վերջնական որոշում կա՞:

– Վերջնական որոշում լինելու է նոյեմբերի 30-ին կուսակցության համագումարի արդյունքներով, իսկ դրան նախորդող ժամանակաշրջանում շրջանային համաժողովների ընթացքում կուսակցության բոլոր անդամներին հնարավորություն է տրվելու արտահայտելու իրենց կարծիքները:

Մինչ այդ կարող եմ միայն ավելացնել, որ գնալով մեծանում է հանրային պահանջը՝ ունենալու այնպիսի թեկնածու, որը քաղաքական փորձառություն ու պետական կառավարման ոլորտում ճանապարհ է անցել՝ պատեհապաշտության չտրվելով եւ պահպանելով սկզբունքայնություն ու հետեւողականություն, սոցիալական արդարությանն ընտրովի չի մոտենում եւ հստակ պատկերացում ունի երկրի առջեւ ծառացած խնդիրների ծավալի, մասշտաբայնության մասին: Այժմ ոչ միայն չեմ բացառում իմ առաջադրումը, այլեւ շատ հավանական եմ համարում:

Զրույցը`ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930