Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Աչքներս լույս, վերջապես կկարողանանք ծանր տեխնիկան մեր քաղաքից դուրս բերել» Գյումրու քաղաքապետի հայտարարությունը

Նոյեմբեր 14,2019 21:21

Գյումրու «Սև Բերդ» ամրոցի մոտակայքում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որն հանդիսավոր կերպով բացվել է 1975 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած գյումրեցիների հիշատակը հավերժացնելու նպատակով, վերանորոգվում է։ Այն պատրաստ կլինի մայիսի 9-ին։

Այս մասին վերջին ավագանու նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ ավագանու անդամ Արտակ Ադամյանին, որի հայրը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի ղեկավարն է, հորդորելով գործ անել այնտեղ։

Նշենք, որ Ղարս խճուղու հարևանությամբ գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում սանդղաջրվեժի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինաշխատանքներ իրականացնելու մրցույթը շահել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ 51․132 միլիոն դրամով։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում։

«Նախագծերը կան, ամեն ինչը կա, խոստանանք, որ մայիսի 9-ին պիտի բացենք։ Նույնիսկ ձմեռը պիտի գործ անեք, բերեք իդեալական տեսքի։ Շատ հետաքրքիր միջավայր կստացվի, որովհետև շատ լավ նախագիծ է, եթե նույնիսկ նախագծում ավելացնելու բան կա, մենք պատրաստակամ ենք, հիմա նամակ ենք նախապատրաստում, հանձնարարել եմ, եթե կարող ենք 10 տոկոսով ծավալ ավելացնել, կավելացնենք, մենք պատրաստակամ ենք։

Կարգի բերենք, գեղեցկացնենք, լուսավորենք, և ունենանք «Մայր Հայաստան» համալիր, որտեղ մարդիկ կարողանան գնալ, զբոսնել, գեղեցիկ միջավայր ստեղծենք, լիճը նույնպես կարգի կբերենք, ծառատունկ ենք անելու, կունենանք մի հրաշք միջավայր»,-ասաց քաղաքապետը։

Նա մի շատ կարևոր տեղեկություն հայտնեց՝ աչքալուսանք տալով, որ վերջապես կկարողանան Գյումրու փողոցներից դուրս բերել ծանր տեխնիկան։

Սամվել Բալասանյանն ասաց․ «Շրջանցող ճանապարհը բացեցինք, բոլորիս աչքը լույս լինի, արդեն բացվեց, թեև պաշտոնական բացումը չենք արել, բայց մի հրաշք ճանապարհ է եղել, որը կապում է Բուլվարային թաղամասը Տեր-Գաբրիելյան փողոցի (այն «Մայր Հայաստանին» հարակից փողոց է Ա․Ն․) խաչմերուկի հետ, սա երևի թե մեր քաղաքի ամենամեծ հաջողություններից մեկն է:

Կկարողանանք ծանր տեխնիկան մեր քաղաքից դուրս բերելի (ի նկատի ունի Վրաստանից Հայաստան մտնող բեռնատար մեքենաները Ա․Ն․), որովհետև Բավրայից ուղիղ գալիս են Շիրակացի փողոցով (սա Գյումրու կենտրոնական փողոցներից մեկն է Ա․Ն․), միայն հրապարակն են շրջանցում, իսկ հիմա կկարողանանք միանգամից Մարմաշենից բերել մինչև Ղարիբջանյան խճուղի: Պատկերացրեք, 3,5 կիլոմետր շատ լավ ճանապարհ է ստացվել, այդ ճանապարհը սուբվենցիոն ծրագրով է սարքվել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930