Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի օրենքներով պետական կառույցներին արգելվում է միջամտել ֆուտբոլային գործերին

Նոյեմբեր 21,2019 11:46

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան շարժման նախաձեռնությամբ հրավիրված հանրային քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաբովանդակ խնդիրներ եւ օրինակներ, հնչեցին դրանց լուծման ամենատարբեր առաջարկներ, որոնք երբեմն հակասում էին մեկը՝ մյուսին, կամ չէին համապատասխանում սահմանված օրենքներին: Մասնավորապես, մասնակիցներից մեկը պետությանը քննադատեց այն բանի համար, որ աջակցություն չի ցուցաբերում մանկապատանեկան ֆուտբոլին: Նրան հակադարձեց բազմափորձ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: «Այստեղ ասացին, որ պետությունը պետք է անմիջապես զբաղվի ֆուտբոլային գործերով, աջակցի եւ այլն: Տեղեկացնեմ՝ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի օրենքներով պետություններին արգելվում է մասնակցել ֆուտբոլային գործերին: Որովհետեւ պետությունը ինչքան որ մասնակցում է, առավել եւս Հայաստանի պես երկրում, փաստորեն ֆեդերացիան վերածվում է իշխանական կառույցի, եւ դա իրեն չի արդարացնում: ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն շատ գումարներ են տալիս ցանկացած ազգային ֆեդերացիայի եւ ազգային ֆեդերացիաները պետության օգնության, աջակցության կարիքը չունեն: Մնում է, որ միայն չխանգարեն»:

Կարծիքներ արտահայտվեցին նաեւ երկրպագուների տեսանկյունից, որով արձանագրվում է՝ ոչ միայն ֆեդերացիայի ղեկավարություն-գործկոմի քաղաքական հատված առճակատում կա, այլեւ ֆեդերացիան առճակատում ունի երկրպագուների, մասնավորապես, «Red Eagles» ֆան շարժման հետ: «Նրանք բառի բուն իմաստով խոչընդոտում են մեր գործունեությունը՝ գործկոմի անդամների միջամտությամբ խանգարում երկրպագել Հայաստանի հավաքականին: Ես կարծում եմ, որ եթե ազգային հավաքականը վատ է խաղում, դա նաեւ մեր՝ երկրպագուներիս, մեղավորությունն է: Բայց ուզում եմ անդրադառնալ ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանի վերջին հայտարարությանը, թե ով է մեղավոր եղել հավաքականի վերջին պարտության համար: Նա կոնկրետ մեղադրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին, բայց ոչ երբեք գործկոմի անդամներին: Այսինքն, հաղթանակները շատերն ունեն, իսկ պարտության համար կա կոնկրետ մեկ մեղավոր», -ասաց բանախոսը:

Վերջում բոլոր մասնակիցները նշեցին, որ հայկական ֆուտբոլում տեղի ունեցող բացասական երեւույթները քննարկելու եւ վեր հանելու առաջին փորձը որոշ թերություններով հանդերձ ստացվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930