Լրահոս
Օրվա լրահոսը

Red Eagles-ի անդամ. «Չենք ուզում, որ ՀՖՖ-ում կամ գործադիր կոմիտեում աշխատեն մարդիկ, որոնց համար ֆուտբոլը երկրորդական զբաղմունք է»

Նոյեմբեր 21,2019 01:07

Red Eagles ֆան շարժման նախաձեռնությամբ այսօր կայացավ հանրային քննարկում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին անհաջողությունների, ՀՖՖ-ում ստեղծված եւ անհանգստացնող մթնոլորտի շուրջ, որի հետեւանքով, ինչպես նշված էր տարածված հայտարարության մեջ, հերթական անգամ ականատեսը դարձանք հայկական ֆուտբոլի կայուն անկմանը եւ խորքային գործընթացների անփառունակ դրսեւորմանը:

Քննարկմանը մասնակցեցին ֆուտբոլային հասարակության, ակումբների ներկայացուցիչներ,մարզական լրագրողներ, ֆուտբոլային մեկնաբաններ եւ երկրպագուներ:

Հնչեցին հայկական ֆուտբոլի ներկայով եւ ապագայով պայմանավորված մտահոգություններ, խոսվեց դրանց պատճառների մասին, եղան ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ, որոնց գերակշիռ մասով պահանջվում էր ՀՖՖ գործկոմի ամբողջական կազմով անհապաղ հրաժարականը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Red Eagles ֆան շարժման համահիմնադիր եւ անդամ Անդրանիկ Դալդումյանը, ամփոփելով հանրային քննարկումը, Aravot.am-ին ասաց. «Մենք այս նախաձեռնությամբ հանդես եկանք, որպեսզի լինի հանրային քննարկում եւ հայկական ֆուտբոլով մտահոգված բոլոր մարդկանց կոչ արեցինք մասնակցել: Հայտարարությունը տեղադրել էինք մեր ֆան շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որին արձագանքեցին շատերը, բայց ոչ ֆուտբոլի ֆեդերացիան, որովհետեւ ՀՖՖ ներկայացուցիչներն առաջնորդվում են անձնական ամբիցիաներով եւ այս պահին առճակատման մեջ են մեր հետ, ընդհուպ, մինչեւ մեր մուտքը մարզադաշտ խոչընդոտելը, ինչպես ներկայացվեց քննարկման ժամանակ:

Մենք գիտենք, թե ներկայումս ինչ իրավիճակ է տիրում ՀՖՖ գործկոմում եւ հայկական ֆուտբոլում: Ֆուտբոլի ֆեդերացիան մասնատված եւ բաժանված է երկու մասերի: Մեզ թվում է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, որն արդեն ԱԱԾ տնօրենը չէ, այս պահին միայնակ է մնացել եւ սահմանազատված է գործկոմից, հետեւաբար, պետք է որ սահմանազատված լինի նաեւ ֆեդերացիայից: Այսօր ձեւավորվել է երկու կողմ՝ Վանեցյան եւ գործկոմ: Իսկ գործկոմը իր մեջ ունի մի ուրիշ էլեմենտ կրող հատված՝ քաղաքական հատվածը: Գգործկոմում կան մարդիկ, որոնք ֆուտբոլային են եւ հետաքրքրված են ֆուտբոլի զարգացմամբ: Սակայն խոսեմ նրանց մասին, ովքեր նշանակվել են իշխանական քաղաքական համակարգի կողմից:

Ալեն Սիմոնյան: Նա երբեք չի զբաղվել ֆուտբոլով, երբեք ֆուտբոլային հարցեր չի բարձրացրել: Ամեն դեպքում ես նման բանի չեմ հանդիպել: Հնարավոր է՝ նեղ կամ ընկերական շրջանում հանդես է եկել ֆուտբոլային ինչ-որ նախաձեռնություններով, բայց մեր ֆուտբոլին վերաբերվող հայտարարություններով, լուծումներով կամ առաջարկներով երբեք հանդես չի եկել: Սակայն «Ալաշկերտ» ակումբի ներկայացուցիչն այսօր հայտարարեց, որ նա իրենց օգնում է:

Ռուբեն Ռուբինյան: Գործկոմի անդամ նրա նշանակվելու պատճառաբանությունը հետեւյալն է: Նշանակվել է այն ժամանակ, երբ եղել է ԱԳ փոխնախարար եւ զբաղվել է կամ պետք է զբաղվի ֆեդերացիայի, ֆուտբոլիստների վիզաների հարցով: Ես երբեք նման օրինակի չեմ հանդիպել, չեմ պատկերացնում, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը վիզայի պատճառով չի մեկնել արտասահմանյան հանդիպման: Լավ, եթե դու նշանակվել ես այդտեղ, զբաղվիր ոչ միայն ֆուտբոլիստների կամ պաշտոնական պատվիրակության անդամների, այլեւ այն մարդկանց հարցերով, որոնք պետք է գնան հավաքականի հետ: Օրինակ` լրագրողները, երկրպագուները: Ես երկրպագու եմ, ու բոլորը գիտեն, թե երկրպագուներն ինչպես են ներկայացված լինում հավաքականների արտագնա հանդիպումներում: Երկրպագուների այդ խնդիրներով հետաքրքրվող չի եղել ու չկա: Ստացվում է , որ 20-30 հոգանոց անձնակազմի համար մարդ է նշանակվում գործկոմում: Հավաքականը տարվա ընթացքում տարեկան հինգ արտագնա խաղ է ունենում ու այդ մարդը չգիտես երբ պետք զբաղվի վիզայի հարց կարգավորելով:

Արսեն Թորոսյան: Հարգում եմ նրա աշխատանքը ՀՀ գործադիր մարմնում որպես առողջապահության նախարար: Նա գործկոմի անդամ նշանակվել է ֆուտբոլում մարզական բժշկության հետ կապված հարցերով զբաղվելու համար: Ինչպես մի քանի օր առաջ ԱԺ-ում նշեց գործկոմի մեկ այլ անդամ՝ Արեն Մկրտչյանը, նա վնասվածքների հետ կապված մեծ աշխատանք է կատարում: Ո՞ւմ է դա վերաբերում՝ ակումբների՞ ֆուտբոլիստներին, Հայաստանի հավաքականի՞, թե սիրողական ֆուտբոլի: Այսինքն, եթե Արսեն Թորոսյանը գործկոմի անդամ չլինի, ֆուտբոլիստը մնալու է վնասվածքո՞վ: Նազիկ Ավդալյանը ողնաշարի վնասվածք էր ստացել: Մարզական բժիշկները բուժեցին նրան ու Նազիկը Եվրոպայի չեմպիոն էլ դարձավ: Ինչ է, այն ժամանակվա առողջապահության նախարարը անպայման պետք է ծանրամարտի ֆեդերացիայի գործկոմի անդա՞մ լիներ: Արսեն Թորոսյանը լինելով գործկոմի անդամ, զբաղվել է միայն հայտարարությամբ, այն էլ՝ քաղաքական հայտարարությամբ՝ ամբողջ մեղքը բարդելով Վանեցյանի վրա:

Ճիշտ հասկացեք, մենք Վանեցյանին չենք պաշտպանում, մենք նրա հետ առճակատման մեջ ենք: Բայց մենք ուզում ենք արդարության կողմը լինել:

Սուրեն Պապիկյան: Տարածքային կառավարման նախարարն է: Նա էլ գործկոմի անդամ է դարձել, որպեսզի նպաստի մարզերում ֆուտբոլային խաղադաշտեր կառուցելուն:

Ես չեմ պատկերացնում մի նախարարի կամ ֆուտբոլասեր մի պաշտոնյայի, որին դիմեն ֆուտբոլի զարգացման հետ առնչվող մի որեւէ հարցով ու նա պատասխանի, թե մինչեւ գործկոմի անդամ չդառնամ, այդ հարցով չեմ զբաղվի: Ու էսպես շարունակ:

Արեն Մկրտչյանը նույնպես գործկոմի քաղաքական հատվածի ներկայացուցիչ է: Բայց մյուսներից տարբերվում է նրանով, որ ֆուտբոլային մարդ է, քիչ թե շատ ֆուտբոլով զբաղվել է որպես լրագրող: Բայց գործկոմում նրա գտնվելը այնքանով չեմ ընդունում, որ օրենսդիրում պատգամավորի գործն այնքան շատ է, որ նա պարզապես չի հասցնի ֆեդերացիայով զբաղվել: Եթե զբաղվի, շատ ուրախ կլինեմ: Բայց ես չեմ ուզում, որ ֆեդերացիայում աշխատանքը իրենց հիմնական աշխատանքի կցորդ լինի, որ ֆուտբոլով զբաղվեն ձեռքի հետ:

Այսօրվա քննարկումն արձանագրեց, որ ՀՖՖ գործկոմն ամբողջությամբ ձախողել է իրեն եւ անհապաղ պետք է լուծարվի ու նոր գործկոմը ձեւավորվի միայն ֆուտբոլային մարդկանցով, որոնց համար ֆեդերացիայում կամ գործկոմում աշխատանքը կլինի հիմնական, այլ ոչ թե երկրորդական կամ երրորդական»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930