Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համագործակցությունը նպատակ ունի աջակցել Հայաստանին իր զարգացման եւ բարեփոխումների գործընթացում». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Դեկտեմբեր 06,2019 12:00

«Առավոտի» զրուցակիցն է՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

– Պարոն դեսպան, 2017թ. հոկտեմբերից մեր երկրում Ֆրանսիայի դեսպանն եք: Երկու տարիները ինչպիսի՞ն էին ձեզ համար Հայաստանում: Ձեր դիվանագիտական աշխատանքը ուշագրավ ժամանակաշրջանում է. դեսպանի պաշտոնը ստանձնեցիք նախկին իշխանության ժամանակ, այնուհետեւ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ փոփոխությունը ի՞նչ է տվել Հայաստանին՝ ձեր կարծիքով: Եվ ինչպես կգնահատե՞ք Հայաստան-Ֆրանսիա  գործընկերային հարաբերությունները: ՀՀ վարչապետն արդեն մի քանի անգամ եղել է Փարիզում, Ֆրանսիայի նախագահն է Հայաստան եկել: Ֆրանսիան Հայաստանի կարեւոր, բարեկամական գործընկերներից է, իսկ Հայաստանն այսօր ինչպե՞ս է դիտարկվում Ֆրանսիայի կողմից, որքանո՞վ են առաջնահերթ Հայաստանի հետ հարաբերությունները Ֆրանսիայի համար:

– Ժամանակահատվածը շատ հարուստ եւ հագեցած էր ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների համար: 2018 թվականը շրջադարձային էր, անշուշտ, թավշյա հեղափոխությամբ եւ Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կայացմամբ ՝ երկու իրադարձություն, որոնք հանգեցրին Ֆրանսիայում Հայաստանի մասին ընկալման խորքային փոփոխության՝ դրան դարձնելով ավելի դրական եւ հեռանկարային:

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները զուգորդվում են երկկողմ հարաբերությունների նոր դինամիկայով: Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի գործընկերների առաջնագծում ժողովրդավարության, իրավական պետության ամրապնդման եւ բարեփոխումների իրականացման գործընթացում: Մեր հարաբերությունները հիմնված են խորհրդարանների, ինչպես նաեւ ՏԻՄ-երի միջեւ հագեցած կապի վրա, որոնց բազմաթիվ պատվիրակություններ (Իլ դը Ֆրանս, Բուշ-դյու-Ռոն, Օվերն-Ռոն-Ալպեր, Լիոն եւ այլն) վերջին ամիսներին այցելել են Հայաստան՝ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելով «նոր Հայաստանի» հանդեպ:

«Նոր Հայաստանը», որը չի սահմանափակվում միայն քաղաքական ոլորտով, պարտավորեցնում է վերանայել մեր երկու երկրների միջեւ համագործակցության բոլոր ոլորտները եւ դրանց նոր թափ հաղորդել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը

Այս փոփոխությունները դեսպանությանը պարտավորեցնում են չափազանց խիտ հարաբերությունների ցանց ստեղծել նոր իշխանությունների եւ նորընտիր ՏԻՄ ներկայացուցիչների հետ բոլոր ոլորտներում, ինչպես խորհրդարանում, այնպես էլ քաղաքապետարաններում, նաեւ քաղաքացիական հասարակության, կրթական եւ գեղարվեստական շրջանակներում:

Ներկայումս Հայաստանում սերնդափոխություն է նկատվում բոլոր ոլորտներում, անշուշտ քաղաքական, բայց նաեւ տնտեսական՝ նոր տեխնոլոգիաների վերելքով, ինչպես նաեւ մշակութային: Դեսպանության առաքելությունն է ընդառաջ գնալ այս նոր դերակատարներին եւ օգնել յուրաքանչյուրին իր ոլորտում համագործակցություն հաստատել Ֆրանսիայի հետ: Հայ-ֆրանսիական հարաբերությունները նշանավորվում են պատմական եւ հիշողության ամուր կապով, սակայն մենք պետք է կառուցենք ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում նոր դինամիկայի վրա հիմնված 21-րդ դարի հայ-ֆրանսիական հարաբերությունները:

Ուստի, հիրավի, իմ թիմն ու ես շատ ակտիվ ենք եղել վերջին ամիսներին:

– Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Նոյեմբերի 12-ին նա Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել էին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցերը, անդրադարձել են նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին, նաեւ կարեւորել էին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը եւ այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։ Օրակարգային ի՞նչ հարցեր կան այսօր հայ եւ ֆրանսիացի իշխանությունների սեղանին, եւ արդյոք ակնկալվո՞ւմ է Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան:

– Հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը շատ խիտ է: Այս տրամաբանությամբ է, որ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց առաջիկա երկկողմ այց կատարելու մտադրության մասին:

Ֆրանսիան ներկայումս Հայաստանում իրականացնում է հավակնոտ ծրագրեր՝

– Թումոյի հարեւանությամբ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցում, որպեսզի համալսարանն ավելի մեծ թվով ուսանողներ ընդունի իր հինգ ֆակուլտետներում, մասնավորապես՝ 2018 թվականին բացված ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ֆրանսիական համալսարանը հավակնում է Հայաստանում կրթել ֆրանկոֆոն երիտասարդ վերնախավ եւ միջազգային մասշտաբով օրինակելի հաստատություն դառնալ:

– Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի վերատեղայնացում՝ դպրոցի կարողությունները մեծացնելու եւ, ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ աշակերտների համար գերազանցության հաստատություն դարձնելու նպատակով:

– Երեւանի Ազնավուր կենտրոնում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծում, որն այս բացառիկ հաստատությունը կդարձնի Շառլ Ազնավուրի ժառանգության եւ ֆրանսիական մշակույթի տարածման վայր:

– Թուլուզի համակարգչային գիտական ինստիտուտի կողմից գերհամակարգչի նվիրատվությունը, որը Հայաստանին օժտելու է կառավարությանը, գիտական աշխարհին եւ ձեռնարկություններին ծառայող եզակի գործիքով:

Ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունը նպատակ ունի աջակցել Հայաստանին իր զարգացման եւ բարեփոխումների գործընթացում՝ շեշտը, մասնավորապես, դնելով կրթության եւ երիտասարդության վրա:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա Ֆրանսիան ցանկանում է, որ այս նպատակը, որը կխթանի մեր բնակչությունների միջեւ փոխանակումները, ձեռք կբերվի միգրացիոն հոսքերը վերահսկելու համար անհրաժեշտ բոլոր երաշխիքներով, ինչը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ շահերից: Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը շատ է տուժել իր բնակչության արտագաղթից։

Բարեբախտաբար, միտումը հակադարձվում է, եւ Ֆրանսիան նպաստում է իր տարածքում անկայուն եւ ապօրինի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների Հայաստանում վերաինտեգրվելուն: Այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է երկուստեք լիովին հասկանալու համար ապագայում վիզաների ազատականացումից բխող հնարավոր խնդիրները: Քաջատեղյակ ենք, որ վիզաների ազատականացումը շատ սպասված է հայ բնակչության կողմից:

– Փաշինյանը Փարիզում այցելել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպել էր ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Հայաստանի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ ծրագրեր կան այս կազմակերպության շրջանակներում:

– 2018-ին Հայաստանը հաջողությամբ կազմակերպեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ՝ այն դարձնելով իրական տոն ֆրանսերեն լեզվի շուրջ:

Հայաստանի անդամակցումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) շատ հետաքրքիր օրինակ է, քանի որ Հայաստանը երկիր է, որը պատմականորեն ֆրանկոֆոնիայի մաս չի կազմում: Հայաստանը «սրտով ֆրանկոֆոն» երկիր է, որն ընտրել է ֆրանսերենը այնպիսի տարածաշրջանում, որն ինքնին ֆրանսախոս չէ: Ֆրանկոֆոնիան նաեւ արժեհամակարգ է, եւ Հայաստանն ընտրել է ֆրանսերենի հետ մեկտեղ խթանել այդ արժեքները:

ՖՄԿ-ին ընտանիքին պատկանելը Հայաստանին հնարավորություն է ընձեռում նոր հարթություն բացել իր դիվանագիտության մեջ եւ բացվել աշխարհին: ՖՄԿ-ում ներկայացված 88 պետություններից 75-ը Երեւանում դեսպանություն չունեն: Հետեւաբար, սա եզակի հնարավորություն է բազմաոլորտային կապեր ստեղծել ֆրանսախոս աշխարհի՝ մասնավորապես Աֆրիկայի հետ:

Սակայն ֆրանկոֆոն ընտանիքի անդամ լինելը ենթադրում է պարտավորություններ եւ ներդրումներ ի նպաստ ֆրանսերենի: Այդուհանդերձ, Հայաստանն ունի ընդամենը մեկ ավագ դպրոց՝ երկլեզվյա բաժնով եւ միայն 11 դպրոց՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: Սակայն, ֆրանսերեն սովորելու պահանջարկը մեծ է եւ՛ որպես երկրորդ, եւ՛ որպես երրորդ օտար լեզու:

Ֆրանսիայի դեսպանությունը կարող է աջակցություն ցուցաբերել, բայց լեզուների դասավանդումը, նախեւառաջ, կրթական համակարգի իրավասությունների դաշտում է: Ծնողներն ու աշակերտները քաջ գիտակցում են ֆրանսերեն սովորելու կարեւորությունը, ինչպես ֆրանսիական մշակույթի հասանելիության, այնպես էլ ֆրանսախոս աշխարհին առնչվելու տեսանկյունից։ Ֆրանկոֆոն տարածքն այժմ գրանցում է աշխարհում բնակչության ամենաբարձր աճը:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 5.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031