Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեճը կենցաղային է եղել, Շեկոն էլ մոտ է այն անձի հետ, որին ներկայացնում են տուժող». Ռ. Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի պատմության հետքերով

Դեկտեմբեր 10,2019 13:38

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ձերբակալվել է գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ «Շեկոն», իսկ պատճառը եղել էր ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ ոստիկանություն ներկայացրած հաղորդումն առ այն, որ Անի թաղամասի «Ջավախք» խանութի դիմաց գործարարի մասնակցությամբ ծեծի են ենթարկել իր ընկերոջը, նրանից հաշիվ պահանջել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հուշարձանին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու հետ կապված իր հնչեցրած քննադատության համար:

Կարեն Սարուխանյանը նաև նշել էր, քոչարյանականներից Կարապետ Պողոսյանը ևս փորձել է մարդ մեջ գցել, իրեն տեսնել ու հաշիվ պահանջել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին իր գրած քննադատության համար, թեև նա իր ընկերոջը ծեծի ենթարկելու ժամանակ մասնակից չի եղել:

Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը, որը երկար ժամանակ իրավապաշտպան գործունեությամբ էր զբաղվում Շիրակի մարզում, Aravot.am-ին այսօր մանրամասներ է ներկայացրել երեկ տեղի ունեցած միջադեպից:

Կարապետ Պողոսյանն ասաց, որ Գյումրիում տեղի ունեցած դեպքը եղել է կենցաղային մակարդակի, և որ գործարար Գարիկ Ուզունյանը բավականին մոտ է եղել այն անձնավորության հետ, որին ուզում են ներկայացնել որպես տուժող:

«Սա ընդամենը կենցաղային մակարդակի վեճ է եղել, որի ընթացքում գուցե հրմշտոց է եղել: Ես այս պահին չեմ կարող դա հստակ ասել, նաև նախաքննությունը ցույց կտա: Այսինքն՝ այստեղ որևէ քաղաքական մեսիջ, որևէ քաղաքական գործողություն միանշանակ չկա, սա ընդամենը զրպարտանք է», -ասում է Կարապետ Պողոսյանը:

Նա նաև նշում է, որ իրենք բացարձակ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի՝ ծաղկեպսակը տեղափոխելու կամ տեղադրելու հետ:

«Բացարձակ կապ չունենք, ինչպես գիտեք, նախկին բոլոր նախագահներին տրամադրվում են գրասենյակներ, տրամադրվում է արարողակարգ, սա արարողակարգի խնդիր է: Իհարկե, սա Կարեն Սարուխանյանի մակարդակից շատ բարձր է, որպեսզի կարողանար հասկանար կամ գոնե նստեր, կարդար, թե իրականում ոնց են կազմակերպվում նման արարողությունները: Եթե ինքը ուսումնասիրեր, կտեսներ, որ նախկին նախագահի պաշտոնավարումից հետո՝ 11 տարի շարունակ, նույն օրը, նույն ժամին այդ վայրում դրվել է ծաղկեպսակ, և սա արարողակարգի բաղկացուցիչ մասն է: Բայց նորից եմ կրկնում, պետական մտածողություն չունեցող դասալիքների համար սա խորթ երևույթ է»:

Կարապետ Պողոսյանը պնդում է, որ իրենց անունները Կարեն Սարուխանյանի գրառումների մեջ հայտնվել են պատգամավորի երևակայության արդյունքում, նա փորձել է իրեն արժևորել: Ըստ մեր զրուցակցի, իրենք բացարձակ ցանկություն չեն ունեցել տեսնել Կարեն Սարուխանյանին, ավելին` նրա հետ խոսելու որևէ թեմա չէր էլ կարող լինել:

«Ինքն իրեն երևակայել է, որ մեկս կամ մի քանիսս փորձել ենք իրեն տեսնել այդ գրառումների համար, քանի որ համարել ենք՝ ինքը շատ կարևոր բան է ասել, բայց իրականում իրեն տեսնելու որևէ ցանկություն, որևէ միտում չի եղել»,-ասում է Կարապետ Պողոսյանը:

Մեր դիտարկմանը՝ փաստն այն է, որ գործարար «Շեկոյին» ձերբակալել են, ուզում եք ասել՝ չկա՞ն իրավական հիմքեր, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ ուզում նախաքննությանը խանգարել, բայց կասեմ այն, ինչ ինձ հայտնի է, մնացածը երևի թե կասի իր պաշտպանը, այստեղ կան կոնկրետ գործողություններ, որոնք խոսում են նրա նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին: Նախ` երևի չեք մոռացել, որ մի քանի ամիս առաջ ոստիկանությունը ներխուժեց խանութ, շատ վատ պահվածքով, փորձեց ինչ-որ բան սարքել, սակայն պարզվեց, որ ՀՔԾ-ն գործ է հարուցում, հետո հասկացանք, որ այդ գործն էլ է փուչիկ:

Իսկ կոնկրետ երեկվա մասին ասեմ այն, ինչի ինձ հայտնի է, ես Գարիկ Ուզունյանի՝ հետ միասին գտնվել եմ Երևանում մեր գործերով, ոստիկանությունից զանգ է եկել, որ պետք է նա ներկայանա, ինքն էլ ասել է՝ Երևանում եմ, Գյումրի վերադառնալուն պես առաջինը կայցելեմ ձեզ: Հետո ես ինքս կապ եմ հաստատել ոստիկանության հետ, հավաստել եմ այդ նույն խոսքերը, որ հենց վերադարձանք Գյումրի, անմիջապես կներկայանանք ոստիկանություն:

Գյումրի մտնելուն պես նախ ճանապարհային ոստիկանությունն է կանգնեցրել, ինձանից տեխանձնագիր է խնդրել. հետո քաղաքացիական հագուստով անձինք, որոնք չեն էլ ներկայացել, որևէ տարբերանշան չի եղել, որ գիտենանք ոստիկաններ են, նրան բերման են ենթարկել: Հետո ճշտեցինք, որ գործի մեջ չկա ո՛չ տուժող, ո՛չ բողոքող, այդ ամբողջ գործը եղել է Սարուխանյան Կարենի և վերևի դաբրոների արդյունքը:

Հետաքրքիր մի մանրամասնություն ասեմ, երեկ երեկոյան կայքերից մեկը 11.55-ին ոստիկանության պաշտոնական հաղորդագիրն էր տարածել, թե Գարիկ Ուզունյանը ձերբակալված է: Մինչդեռ Գարիկ Ուզունյանին ձերբակալության հրաման տրվել է այդ հրապարակումից 15 րոպե հետո: Դուք լրագրող լինելով՝ ավելի լավ գիտեք, որ նմանատիպ նյութերը չեն կարող պատրաստվել 2-3 րոպեի ընթացքում, երևի մի 40 րոպե կամ մեկ ժամ պետք է դրա համար: Այսինքն` ձերբակալելուց 1,5 ժամ շուտ ոստիկանությունն ունեցել է պատրաստի հաղորդագրություն, արդեն որոշած է եղել, որ պարտադիր պիտի ձերբակալեն»:

Կարապետ Պողոսյանը վստահաբար ասում է, որ գործարարին ձերբակալել են նրա քաղաքական հայացքների համար, և որ ներկայիս իշխանությունը մի արատավոր քաղաքականություն է որդեգրել. գործ սարքելով, զրպարտելով ճաղերի հետևում են փակում ցանկացած ըմբոստ, սեփական կարծիք ունեցող անձի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031