Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստի տեսքով ստացվող եկամուտը կարող է ազդել նաեւ երեխայի աղքատ լինելու կամ չլինելու վրա

Դեկտեմբեր 12,2019 15:00

Կենսաթոշակներն ազդում են մանկական աղքատության միջին մակարդակի վրա: Երեխաների ընդհանուր թվաքանակի 42.3%-ն ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, որոնց առնվազն մեկ անդամը, հարցմամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, ստանում է կենսաթոշակ: Այսպիսի եզրահանգման են եկել Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները` ուսումնասիրելով Մանկական աղքատության պատճառները:

Ըստ նրանց, եթե կենսաթոշակները հանվեն տնային տնտեսության ընդհանուր ամսական ծախսերից, եւ ստացված գումարը համարժեքացվի, ապա մանկական ծայրահեղ աղքատության մակարդակը 1.5%-ից կհասնի 10.8%-ի, իսկ մանկական աղքատության ընդհանուր մակարդակը` 29.2%-ից 41.5%-ի: «Փաստորեն, կենսաթոշակային եկամուտը մեծ ազդեցություն ունի ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների վրա: Սպառման մեջ կենսաթոշակային եկամուտը հաշվի չառնելու դեպքում ծայրահեղ աղքատության մակարդակն աճում է 7.2 անգամ: Ենթադրվում է, որ կենսաթոշակային ողջ եկամուտը սպառվում է տնային տնտեսության կողմից»,-փաստում են վիճակագիրները:

Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստին, ապա այդ տեսքով ստացվող եկամուտն ազդում է մանկական աղքատության միջին մակարդակի վրա: Ըստ նույն աղբյուրի, երեխաների ընդհանուր թվաքանակի 23.9%-ն ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, որոնք ստանում են ընտանեկան նպաստ: Տնային տնտեսության ընդհանուր ծախսերից ընտանեկան նպաստները հանելու դեպքում մանկական ծայրահեղ աղքատության մակարդակն աճում է` 1.5%-ից հասնելով 7.0%-ի, իսկ մանկական աղքատության ընդհանուր մակարդակն աճում է 4.5 տոկոսային կետով` 29.2%-ից հասնելով 33.7%-ի:

«Դա վկայում է այն մասին, որ ընտանեկան նպաստի տեսքով ստացվող եկամուտը շատ կարեւոր է ծայրահեղ աղքատ եւ աղքատ տնային տնտեսությունների համար: Ընտանեկան նպաստի տեսքով ստացվող եկամուտը կարող է ազդել նաեւ երեխայի աղքատ լինելու կամ չլինելու վրա: Ընտանեկան նպաստի տեսքով ստացվող եկամուտը նրանց սպառումից հանելու դեպքում, ծայրահեղ աղքատ չհամարվող երեխաների 24%-ը կհամարվի ծայրահեղ աղքատ: Միեւնույն ժամանակ, աղքատ չհամարվող երեխաների 37%-ը կհամարվի աղքատ, եթե ընտանեկան նպաստի տեսքով ստացվող եկամուտը հանվի նրանց տնային տնտեսության սպառումից:

Երեխայի նպաստների տեսքով ստացվող եկամուտն ազդեցություն չունի մանկական աղքատության միջին ցուցանիշի վրա»:

Հետազոտության տվյալների համաձայն` երեխաների ընդհանուր թվաքանակի միայն 2.5%-ն է ապրում երեխայի նպաստ ստացող տնային տնտեսություններում:

Մանկական ծայրահեղ աղքատության մակարդակն առանց երեխայի նպաստի գրեթե չի փոխվել, ինչպես նաեւ գրեթե չի փոխվել ընդհանուր աղքատության մակարդակը, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երեխայի նպաստ ստացող տնային տնտեսությունների թվաքանակը շատ փոքր է:

Երեխայի նպաստի տեսքով ստացվող եկամուտը որեւէ ազդեցություն չունի երեխայի աղքատ լինելու կամ չլինելու հանգամանքի վրա` միայն երեխայի նպաստ ստացող տնային տնտեսություններում: Երեխայի նպաստի տեսքով ստացվող եկամուտը նրանց սպառումից հանելու դեպքում ծայրահեղ աղքատ չհամարվող երեխաներից եւ ոչ մեկը ծայրահեղ աղքատ չի համարվի:

Ըստ ԱՎԾ մասնագետների, միեւնույն ժամանակ, աղքատ չհամարվող երեխաներից ոչ մեկը չի համարվի աղքատ, եթե երեխայի նպաստի տեսքով ստացվող եկամուտը հանվի նրանց տնային տնտեսության սպառումից.

«Հաշվի առնելով երեխայի նպաստ ստացող ընտանիքների սակավաթիվությունը՝ զարմանալի չէ, որ երեխայի նպաստի տեսքով ստացվող եկամուտը չի ազդում մանկական աղքատության միջին մակարդակի վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031