Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա դեռահասն ինքնասպան է եղել Թբիլիսիում ոստիկանության հարցաքննությունից հետո. Jam-News

Դեկտեմբեր 19,2019 10:34

15-ամյա Լուկա Սիրաձեն մահացել է մեկ շաբաթ անց Թբիլիսիում դեկտեմբերի 11-ին բնակելի շենքի իններորդ հարկից վայր նետվելուց հետո, գրում է Jam-News-ը։ Դեռահասի փաստաբաններն ու ծնողները պնդում են, որ Լուկան ֆիզիկական բռնության է ենթարկվել ոստիկանությունում, որտեղ նրան մի քանի ժամ հարցաքննել են նրա ողբերգական արարքից առաջ։

Հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում էր դեռահասն, այնուհետև՝ ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ նրան հարցաքննում էին, դեկտեմբերի 17-ի երեկոյից ակտիվիստներն ակցիաներ են անցկացնում։ Տասնյակ մարդիկ ծաղիկներ և մոմեր են բերում և պահանջում արդար հետաքննություն, ինչպես նաև տղայի վրա ճնշում գործադրելու համար բոլոր մեղավորների պատժում։

Քննիչը, որը հարցաքննել է դեռահասին, ձերբակալվել է։

Գրառումներ դպրոցի պատերին․ ինչո՞ւ էին բերման ենթարկել դեռահասին

Լուկա Սիրաձեի ողբերգական պատմությունը սկսվել է դեկտեմբերի իննին։

Դեկտեմբերի 9-ի առավոտյան դասի գալիս Թբիլիսիի Green School մասնավոր դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները տարօրինակ բովանդակության մեծ կարմիր գրառումներ են հայտնաբերել շատ վայրերում։

Գրառումները միջանցքների, դասարանների պատերին էին, գրատախտակներին, պահարանների վրա, ինչպես նաև պատերին կախված քարտեզների և նկարների վրա։

«Այս կյանքի մերը», – գրված էր շատ վայրերում հսկա կարմիր տառերով։

«Գրկիր ինձ», – ասված էր մյուս գրառման մեջ։

Եվս մեկ տեքստ ասում էր․ «Փորձիր ինձ բռնել»։

Որոշ գրառումներ անգլերեն էին և ցենզուրայից դուրս բառեր էին պարունակում։ Կային նաև անհասկանալի հիերոգլիֆներ և նշաններ։

Դպրոցի տնօրեն Բակուր Սուլակաուրին ասել է, որ դպրոցում տեղադրված տեսախցիկները կարմիր ներկով ծածկած են եղել։ Այդ պատճառով էլ դպրոցի անվտանգության աշխատակիցները, որոնք միանգամից հետաքննություն են սկսել, չեն կարողացել հաստատել այն մարդու անձը, որը դպրոց է ներթափանցել։

«Դրանից հետո մենք գործել ենք՝ օրենքի համաձայն։ Մենք պարտավոր ենք ոստիկանություն դիմել, քանի որ դա երեխաների անվտանգության հարց է», – Ֆեյսբուքում գրել է Բակուր Սուլակաուրին։

Ոստիկանությունը նույն օրը նույնականացրել է դպրոց ներթափանցած անձին՝ ուսումնասիրելով դպրոցի տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները։ Հետաքննությունն այն եզրահանգման է եկել, որ դա դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Լուկա Սիրաձեն է։

Նախնական պարզվել է, որ նա դպրոց է եկել գիշերն ու գրառումները կատարել է մենակ։

Դեկտեմբերի 10-ին Լուկա Սիրաձեին ձերբակալել են։

Լուկա Սիրաձեն սովորել է Green School-ում ընդամենը մի քանի ամիս, այնուհետև ընտանիքը նրան պետական դպրոց է տեղափոխել։ Դպրոցի ղեկավարությունը և ուսուցիչներն ասում են, որ ոչ նա, ոչ նրա ընտանիքը խնդիրներ չեն ունեցել ղեկավարության, ուսուցիչների կամ աշակերտների հետ։

«Տեսախցիկների ձայնագրություններում երևում է, որ նա դուրս է գալիս մթությունից և գնում դեպի դպրոց։ Մենք ոչ մի կերպ չենք կարող բացատրել, թե ինչու է նա արել դա, մենք ցնցված են կատարվածով», – ասել է դպրոցի տնօրենն «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում։

Ի՞նչ է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքում

Ոստիկանությունում Լուկա Սիրաձեին երկու անգամ են հարցաքննել։

Ինչպես նշում է ընտանեկան փաստաբան Ռեզո Աջարաձեն, դեկտեմբերի 10-ին Լուկա Սիրաձեն բերվել է ոստիկանական բաժանմունք մոր հետ միասին երեկոյան 5-ին, և նրանք այնտեղ են մնացել մինչև երեկոյան 11-ը։

Հարցաքննությանը մասնակցել է ոստիկանության մի քանի աշխատակից։ Տղային վիրավորել և սպառնացել են, ասում է փաստաբանը։

Հարցաքննությանը մասնակցել է նաև ոստիկանական բաժանմունքի պետը։ Տղայի մայրն ասում է, որ նա մի քանի րոպեով նրան դուրս է բերել սենյակից։ Երբ Լուկան վերադարձել է, արտասվելիս է եղել։

Փաստաբանը, վկայակոչելով դեռահասի մոր խոսքերը, «Պուբլիկա» պարբերականին ասել է, որ տղայի վրա շատ ուժեղ ճնշում է գործադրվել, և մայրը նույնպես վախեցած է եղել։

Լուկան, սակայն չի խոստովանել իր մեղքը։ Նրան տուն են թողել ուշ երեկոյան, իսկ դեկտեմբերի 11-ի առավոտյան հարցաքննությունը վերսկսվել է։ Դեռահասը կրկին հրաժարվել է խոստովանել մեղքը։ Այդ ժամանակ, ըստ մոր, քննիչներն ասել են, որ «այդ դեպքում իրենք հետաքննելու են գործն այնպես, ինչպես հարկ են համարում»։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որն իր վերահսկողության տակ է առել գործը, պնդում է, որ վախեցնելն ու սպառնալիքները դեռահասին այնպիսի վիճակի մեջ են գցել, որ նա սկսել է խնդրել բժիշկ կանչել։ Սակայն նրան բուժօգնություն չի ցուցաբերվել։

Լուկան ոստիկանական բաժանմունքից տուն է վերադարձել դեկտեմբերի 11-ի ցերեկը։ 15.00-ին նա դուրս է եկել տնից։ Իսկ երկուսուկես ժամ անց՝ ցատկել մոտակա բնակելի շենքերից մեկի իններորդ հարկից։

Ի՞նչ է ասում ոստիկանությունը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում է, որ դեռահասի վրա ճնշում է գործադրվել։

Հերքվում են նաև մոր խոսքերն այն մասին, որ Լուկային դուրս են բերել սենյակից որոշ ժամանակով։

Սակայն ավելի ուշ ՆԳՆ-ն հաղորդել է, որ Լուկա Սիրաձեի գործի առնչությամբ աշխատանքից երկու ոստիկան է ազատվել։ Իսկ դեկտեմբերի 17-ին՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել դեռահասի մահվան մասին, ՆԳՆ ներկայացուցիչները ճեպազրույց են անցկացրել, որի ժամանակ հաղորդել են քննիչի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին։

Խոսքը քննիչ Մարիաննա Չոլոյանի մասին է։ Իրավապաշտպանները հաղորդում են, որ այդ քննիչը նախկինում էլ է աչքի ընկել առանձնահատուկ դաժանությամբ, և իրենք բազմիցս պահանջել են հեռացնել նրան։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031