Լրահոս
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Օլիմպիական վարկանիշ նվաճելը դժվարացել է, բայց ամեն բան անելու ենք»

Հունվար 03,2020 18:25

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2019» մրցույթի քվեարկության ժամանակ Aravot.am-ի հետ զրուցել էր անցած մրցաշրջանի եւ 2020 թվականի անելիքների մասին:

-Մրցաշրջան 2019-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների համար արդյունքների տեսանկյունից, կարծես, այնքան էլ հաջող չդասավորվեց: Համաձա՞յն եք այս ձեւակերպման հետ:

-Շնորհակալ եմ, որ դուք մեր հնարավորություններն այդքան բարձր եք գնահատում: Իրոք, տղաները կարող էին ավելին անել: Բայց ունեցանք այն, ինչ ունեցանք: Ունեցանք Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 23 տարեկանների չեմպիոն: Չունեցանք օլիմպիական ուղեգիր աշխարհի առաջնությունից, ինչը կփորձենք լրացնել 2020 թվականի վարկանիշային մրցաշարերում:

Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ ազգային հավաքականում սերնդափոխություն է սկսվել եւ շարունակվում է:

-Այո: Հիմա փորձառուների կողքին հիմնականում երիտասարդ ըմբիշներ են: Նրանք 19-20 տարեկան այն մարզիկներն են, որոնք կանգնած են իրենց իսկական մարզական կարիերայի շեմին: Նրանց ապագան առջեւում է, կարծում եմ, օլիմպիական հաջորդ շրջափուլում:

Վարկանիշային մրցաշարերում ուղեգրեր ավելի շատ փորձառուների՞ց եք ակնկալում, թե՞ երիտասարդներից:

-Քաշային կարգեր կան, որտեղ թե փորձառուներ ունենք, թե երիտասարդներ: Բայց մինչեւ վարկանիշային մրցաշարերը առջեւում դեռ Իրանի հեղինակավոր մրցաշարն է ու Եվրոպայի առաջնությունը: Նախ՝ պիտի դրանց պատրաստվել, որից հետո միայն կերեւա, թե ովքեր կմասնակցեն վարկանիշային մրցաշարերին:

-Այսինքն, Իրանի մրցաշարում ու Եվրոպայի առաջնությունում ուղեգրեր չե՞ն խաղարկվում:

-Ոչ: Այս անգամ օլիմպիական ուղեգրեր նվաճելու երկու մրցաշար կա՝ եվրոպական երկրների ու համաշխարհային: Երկուսում էլ ըմբիշներից պահանջվելու է առնվազն մտնել եզրափակիչ: Նախորդ օլիմպիական մրցափուլի հետ համեմատ վարկանիշային մրցաշարերը մեկով պակասել են: Դա դժվարացրել է մեր գործը, բայց ամեն բան անելու ենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031