Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալմա գարդեն մոլում» եւ «Երեւան մոլում» խանութներից գողություններն այնքան են շատացել, որ հարցը հասել է ԱԺ. «Լուսավոր Հայաստանը» ոստիկանապետի հետ խոսել է այդ մասին

Հունվար 13,2020 22:03

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:

Aravot.am-ը ԼՀԿ պատգամավոր Հարություն Բաբայանին հարցրեց, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկել այդ փակ հանդիպմանը ու ի՞նչ մտահոգություններ են ունեցել իրենք: Նա պատասխանեց. «Հանդիպման հիմնական նպատակն այն է, որ իրենք հաշվետու են ոչ միայն իշխող կուսակցությանը, այլ նաեւ հաշվետու են ընդդիմադիր թեւին: Նպատակն այն է եղել, որ ներկայացնեն իրավիճակը, բարձրաձայնեն իրենց խնդիրները, այն խնդիրները, ինչ գոյություն ունեն երկրում: Քանի որ դա փակ քննարկում է, ես շատ բաներ չեմ ասի: Խոսել ենք համակարգում եղած խնդիրների մասին, ապագայում կանխատեսվող լուծումների, իրենց ներքին ռեֆորմների մասին: Օրինակ, ինձ հուզում էր, թե ինչու են ճանապարհային երթեւեկության որոշակի հատվածում, ասենք, աջը փակել»:

Հարցին՝ բալային համակարգի հետ կապված խնդիրր քննարկվե՞ց, որովհետեւ պատգամավորներ կան, որ սոցցանցերում դժգոհում են, գրառումներ անում՝ Հարություն Բաբայանը պատասխանեց. «Չէ, ես բալային համակարգից չեմ դժգոհում, չեմ քննարկել: Հակառակը, այդ խստացումները կամ սիստեմավորումը կբերի ֆիլտրացիայի, ամեն մեկը չի որոշի, որ ինքը վարորդ է եւ ուրիշների կյանքի, ճակատագրի վրա ազդեցություն չի ունենա»:

Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը Բաբայանը արդյունավետ է գնահատում:

Հարություն Բաբայանն ասաց, որ ոստիկանապետի պաշտոնակատարին մտահոգություն են հայտնել «Դալմա գարդեն մոլում» եւ «Երեւան մոլում» գողության դեպքերի հետ կապված. «Խոսքը ոչ թե գրպանահատության, այլ խանութներից գողությունների մասին է: Հիմա աշխատանքային պրոցեսում է, ՔԿ-ում այդ հարցը քննարկվում է, տնտեսվարող սուբյեկտների հետ էլ կքննարկենք, թե ոնց կարող ենք համալիր լուծում գտնել, որովհետեւ մի քիչ շատ է նկատվում գողությունների շատանալը: Տնտեսվարողների համար դա անցանկալի, անկանխատեսելի սպառնալիք է»: Ըստ պատգամավորի, «Դալմայում» եւ «Երեւան մոլում» գողություններն իսկապես շատացել են ու տնտեսվարողները իրենց են դիմել անհանգստացած: Հարցին, թե ոստիկանությունը քայլեր չի՞ ձեռնարկում, չէ՞ որ այնտեղ ամենուրեք տեսախցիկներ կան, գողերին ո՞նց չեն բռնում՝ նա պատասխանեց, որ քայլեր ձեռնարկվում են, պարզապես այնտեղ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է բոլոր կողմերի մասնակցությամբ գտնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031