Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Առողջական որ խնդիրների դեպքում արժե ապավինել սև բողկի «սպիտակ» ազդեցությանը

Հունվար 19,2020 23:00

Իր օգտակար հատկությունների շնորհիվ սև բողկը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։ Այս արմատապտուղն ածխաջրերի, սպիտակուցների, հանքանյութերի, օրգանական միացությունների ու եթերայուղերի հարուստ պարունակությամբ է օժտված։

Սև բողկի բաղադրության մեջ կան նաև B և С վիտամիններ, որոնք շատ անհրաժեշտ են կենսագործունեության արդյունավետության համար։ Պտուղը նաև հարուստ է բջջանյութով, ինչպես նաև պարունակում է լիզոցիմ ֆերմենտը, որը մեծ դեր է խաղում բակտերիաների բջիջների քայքայման հարցում։

Ինչպե՞ս օգտագործել սև բողկի հյութը

Սև բողկի հյութը դառնահամ է, ունի քիմիական հետևյալ բաղադրությունը։

  • A, В, С, Е վիտամիններ,
  • Հանքանյութեր (կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ,
  • Եթերայուղեր,
  • Օրգանական թթուներ,
  • Գլիկոզիդներ (քիմիական միացություններ, որոնք հակամանրէային ազդեցությամբ են օժտված)։

Բողկն ունի ցածր կալորիականություն, ինչը թույլ է տալիս ներառել այն սննդակարգում՝ առանց անհանգստանալու ավելորդ քաշի առաջացումից։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի էներգետիկ հարաբերակցությունն այսպիսին է՝ 21%:5%:74% համապատասխանաբար։

Սև բողկի հյութն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների կանխարգելման, ինչպես նաև բուժման համար և ազդեցության բավականին լայն սպեկտր ունի՝ մաշկային խնդիրներից մինչև ներքին օրգանների հիվանդություններ։

Սև բողկի հյութի առավելությունները

  • Այն բնական հակաբիոտիկ է, որը պայքարում է օրգանիզմի բորբոքային գործընթացների դեմ։
  • Ընդհանուր ամրապնդող և իմունիտետն ամրապնդող ազդեցություն ունի, օգտագործվում է գրիպի և հարբուխի, հազի կանխարգելման ու բուժման համար։
  • Կարգավորում է աղիներ գործառույթը, վերացնում է փորկապությունը։
  • Թրջոցների տեսքով օգտագործվելով՝ թեթևացնում է մաշկի գրգռվածությունը։
  • Օգնում է վնասվածքների, մկանների գերձգման դեպքում։
  • Ունի ճիճվամուղ ազդեցություն։
  • Մաքրում է արյունատար անոթներն ու վերացնում խոլեսթերինը։
  • Ունի հակաայտուցային ազդեցություն (օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս է բերում)։
  • Խթանում է ստամոքսահյութի արտազատումը, խթանում է ախորժակը։

Հակացուցումներ

Սև բողկի հյութը, որպես կանխարգելիչ ու բուժիչ միջոց պարբերաբար ընդունելուց առաջ արժե խորհրդակցել բժշկի հետ։ Հատկապես պետք է ուշադիր լինեն անձինք, որոնք ունեն հետևյալ առողջական խնդիրները․

  • Պոդագրա,
  • Պանկրեատիտ,
  • Լյարդի/երիկամների բորբոքում,
  • Ստամոքսի խոց, կոլիտ, էնտերիտ, բարձր թթվայնություն, գաստրիտ։
  • Ատամի փխրուն էմալ։

Ինչպե՞ս պատրաստել բողկի հյութը

Սև բողկն ունի սպիտակ, բավականին կոշտ պտղամիս, ուստի մի փոքր դժվար է դրանից հյութ ստանալը։ Սև բողկի հյութը քամելու ամենահարմար միջոցը հյութաքամիչի կամ քերիչի օգտագործումն է։

Երբ արժե դիմել սև բողկի հյութի օգնությանը

  • Լեղաքարային հիվանդություն

Այս հիվանդության դեպքում սև բողկի հյութն օգնում է լեղապարկից դուրս բերել բիլիրուբինային նստվածքը։ Բողկի հյութը նպաստում է քարերի քայքայմանն ու կանխարգելում նոր քարերի ձևավորումը։ Լեղաքարային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում 2 շաբաթ օրական մեկ անգամ ուտելուց հետո 100 մլ բողկի մաքուր հյութ խմել։ Սակայն ժողովրդական բժշկության այս մեթոդն արժե կիրառել միայն այն դեպքում, եթե ձեզ չեն անհանգստացնում լյարդի շրջանում ցավերը։

Բուժման մեկ այլ եղանակ է սև բողկի հյութի և մեղրի համադրությունը․ անհրաժեշտ է 100գ հյութը խառնել 80 գ մեղրի հետ․ խառնուրդը պատրաստել խմելուց անմիջապես առաջ։ Բուժման կուրսը՝ 2-3 շաբաթ։

Բուժման այս եղանակը նույնպես անհրաժեշտ է քննարկել բժշկի հետ, քանի որ բողկի հյութի ընդունման արդյունքում կարող է լեղաքարերի որոշակի շարժ նկատվել, ինչն ինքնին ռիսկային է։

  • Վիրուսային հիվանդությունների, հազի դեպքում

Սև բողկի հյութի ու մեղրի խառնուրդը շատ լավ պայքարում է վիրուսային հիվանդությունների դեմ։ Անհրաժեշտ է լվանալ բողկը, կտրել վերևի հատվածն ու բողկի մեջ անցք բացել, հանել պտղամիսն ու դատարկ տարածության մեջ մինչև կեսը մեղր լցնել։ Հյութը պատրաստ կլինի 10-12 ժամ հետո։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել հարբուխի, գրիպի, հազի դեպքում։ Ի դեպ, այս հյութը հաճույքով խմում են նաև երեխաները, քանի որ այն քաղցրահամ է։

Մեղրով սև բողկի հյութը խորհուրդ է տրվում ընդունել օրական 3-4 անգամ, ուտելուց հետո՝ 1 ճաշի գդալ։

  • Խոլեսթերինի առկայության դեպքում

Ինչպես վերը նշվեց, բողկի հյութն օգնում է վերացնել «վատ» խոլեսթերինը։

Անհրաժեշտ է 1։3 հարաբերակցությամբ նոսրացնել բողկի հյութը ջրով և խմել ուտելուց կես ժամ առաջ 100 մլ՝ աստիճանաբար հասցնելով հյութի քանակը մինչև 500 մլ-ի։ Բուժման կուրսը՝ 2 շաբաթ։

  • Վնասվածքների, մկանների գերձգման դեպքում

Խորհուրդ է տրվում վնասվածքի վրա բողկի հյութով թրջոցներ դնել, ինչպես նաև կարելի է օգտագործել սև բողկի քերուկը։ Իսկ այ մկանների գերձգման դեպքում կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդն ու դրանով շփել մկանները։

Անհրաժեշտ է վերցնել 1/2 բաժակ բողկի հյութ, 1 բաժակ մեղր,  1/2 լ օղի և 1 ճ․ գդ․ աղ։ Պատրաստի թուրմով շփել վնասված հատվածները․ այն հատկապես արդյունավետ է օգտագործել լոգանքից հետո։

Խառնուրդը պահել սառնարանում։

  • Փորկապության դեպքում

Բողկի հյութն ունի նաև լուծողական ազդեցություն։ Լավ արդյունքի հասնելու համար պետք է օրական 3 անգամ 1-ական ճաշի գդալ բողկի հյութ խմել՝ տաքացրած վիճակում՝ ուտելուց հետո։ Բուժման կուրսը՝ մեկ ամիս։

  • Մակաբույծների դեմ

Սև բողկն ունի նաև ճիճվամուղ ազդեցություն և լինելով բնական մթերք՝ անվնաս է օրգանիզմի համար (հակացուցումը՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, գաստրիտ)։ Օրգանիզմը ճիճուներից ազատելու համար խորհուրդ է տրվում օրական 2 անգամ 1-ական թ․ գդ․ բողկի հյութ խմել՝ ուտելուց առաջ։

  • Սակավարյունության դեպքում

Սև բողկի հյութը միևնույն հարաբերակցությամբ խառնել բազուկի, գազարի և մեղրի հետ և խմել օրական 3 անգամ՝ ուտելուց 15 ր առաջ՝ 20 գ չափաբաժնով։ Խորհուրդ է տրվում այս համեղ խառնուրդն ընդունել 3 ամիս։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031