Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ուժերը «ջրում են» էթիկայի հանձնաժողովի հարցը. Մարիամ Բարսեղյան

Փետրվար 10,2020 17:14

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Մարիամ Բարսեղյանը «Մեդիա կենտրոնում» այսօր խոսելով թեմայի շուրջ, ասաց, որ գործող խորհրդարանում գրեթե չկան մականունավոր պատգամավորներ, ի տարբերություն նախորդի եւ հավելեց, որ բոլոր այն հարցերը, որոնք հետագայում դառնում էին էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա, հենց նրանց հետ էին կապվում: Բայց, ըստ բանախոսի, նաեւ գործող խորհրդարանում բազմաթիվ առիթներ են եղել, երբ խոսվել է էթիկայի հանձնաժողով ունենալու մասին: «Երրորդ նստաշրջանի վերջում էլ եղավ դեպք, երբ քիչ էր մնում, որ պատգամավորների` իրար քաշքշելուն ականատեսը դառնանք»,- ասաց Նա:

Էթիկայի հանձնաժողովը դեռ նախորդ գումարման վերջին նստաշրջանից չի ձեւավորվել խորհրդարանում: ԱԺ կանոնակարգ-օրենքում սահմանափակումներ մտցվեցին եւ հանձնաժողովի ձեւավորման իրավունք տրվեց միայն ԱԺ խմբակցություններին եւ պատգամավորներին` կոնկրետ հարցում, կոնկրետ դիմումի առկայության պարագայում: Նախկինում նաեւ քաղաքացիների, ՀԿ-ների դիմումների հիման վրա էր հանձնաժողովը ձեւավորվում:

Մարիամ Բարսեղյանը հիշեցրեց` 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանում եղավ երեք դեպք, երբ ՀԿ-ները` մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող, ապա  լրագրողական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները դիմել էին ԱԺ խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցով, վերջնարդյունքում, հանձնաժողովը չձեւավորվեց: Ըստ բանախոսի, երկրորդ նստաշրջանում, բոլոր վիճարկվող դեպքերը վերաբերվում էին ԲՀԿ-ի պատգամավորներին: Երրորդ նստաշրջանում, մի դեպք եղավ, որը վերաբերում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին` ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեն հնչեցրած խոսքերի մասով: Փաստաբաններն էին դիմել: Էթիկայի հանձնաժողով կրկին չձեւավորվեց:

«Զուգահեռաբար, խորհրդարանական մեծամասնությունը հանդես է գալիս հայտարարություններով, որ պետք է մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծել»,- ասաց Մարիամ Բարսեղյանը` հիշեցնելով՝ ԲՀԿ-Արման Բաբաջանյան «փոխհրաձգություններից» հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Սահմանադրությունում փոփոխություն է պետք, որպեսզի մշտական հանձնաժողովների թիվն ավելանա: Քանի որ այդ գործընթացը տեւական է, ժամանակ պահանջող, բանախոսը արձանագրում է` տպավորություն է, որ ընդդիմությունը շատ էլ շահագրգիռ չի այս հարցով, իշխանություն էլ ետ չի մնում: Նա կանխատեսում ունի, որ չորրորդ նստաշրջանում էլ էթիկայի հանձնաժողով չի լինելու:

«Ներկայացվածը պատկերի մի մասն է»,- հակադարձեց քննարկմանը մասնակից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը` հավելելով, որ խորհրդարանական էթիկայի հարցով տարբեր` միջազգային դասի մասնագետների հետ են հանդիպում անընդհատ եւ քննարկումներ ունենում: «Խնդիրն այն է, որ մեր ժառանգած կարգավորումներով շատ մեծ սահմանափակում ունենք` խմբակցության նախաձեռնությամբ կարող է ստեղծվել հանձնաժողովը: Եթե բոլոր թվարկված դեպքերով հանձնաժողով ստեղծվի, միգուցե ճիշտ ճանապարհ է, բայց կարող է ընկալվել մահակ` խորհրդարանական փոքրամասնության գլխին»,- ասաց նա` հավելելով, որ լուծումն այն է, որ խորհրդարանի պատգամավորները խաղի կանոնների վերաբերյալ համաձայնության գան. «Դրա ընթացքը տվել ենք»:

Մշտական հանձնաժողովի դեպքում, ասում է՝ իրավական կառուցակարգ են փոխելու, որ քաղաքական մեծամասնությունը եւ ընդդիմությունը հավասար ներկայացված լինեն հանձնաժողովում, նաեւ խորհրդարանից դուրս գտնվող հեղինակավոր մարդիկ ընդգրկվեն`լուծումները հնարավորինս ապաքաղաքական լինելու համար: «Միգուցե մինչեւ գարնանային նստաշրջանի վերջ իրավական փոփոխություններ չունենանք, այն հայտնի պատճառով, որ սահմանադրական կարգավորումների հարց կա»,- ասաց պատգամավորը:

Ընդհանուր առմամբ, ըստ Համազասպ Դանիելյանի, ծրագրի հետազոտություններն ավելի քանակական են, քան որակական: Նա ենթադրությունների վրա հիմնված պնդում է համարում այն, որ ներքին պայմանավորվածություն կա խորհրդարանի եւ ԱԺ-ի միջեւ`պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններն ավելացնելու մասով. «Խոսքը ոչ թե ներքին, այլ բացահայտ եւ ուղիղ արված հայտարարության մասին է, որ ԱԺ-ն, որպես օրենսդիր մարմին, պետք է դրսեւորվի` ազատ գործունեության հնարավորություն ունենա, այդ թվում նաեւ ընդդիմադիր պատգամավորների պարագայում»:

Համազասպ Դանիելյանն ասաց, որ ընդդիմադիր գործընկերների հետ շատ դեպքերում փոխըմբռնում կա եւ նախաձեռնությունները չեն մերժվում միայն նրա համար, որ դրանք ընդդիմությունն է ներկայացնում: «Ավելին՝ ունենք շատ դեպքեր, երբ որեւէ օրենսդրական նախաձեռնություն, որը գուցե քաղաքացու կյանքում որակական փոփոխություն չբերի, խմբագրական բնույթի է, ընդունում ենք, որ չստացվի, թե ընդդիմությանը գործունեության հնարավորություն չենք տալիս»,- ասաց նա` հավելելով, որ այժմ ունենք իրապես այլ տեսակի խորհրդարան, որտեղ ընդգրկված են մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ ավելի մոտ են օրենսդրական աշխատանքին: Բացի խորհրդարանի կողմից եկող նախաձեռնությունների թվի ավելացումից, պատգամավորը կարեւոր է համարում նաեւ օրենքների որակը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ է համամիտ` ծրագրի աշխատանքների նոր չափորոշիչներ են պետք: Ընդդիմադիր պատգամավորը չի նեղվում, եթե կառավարությունն ու իր խմբակցությունը խորհրդարանում փոխշահավետ աշխատում են, քանի որ, իր պնդմամբ, ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը համագործակցային է. «Նախորդ խորհրդարանում իմաստ չուներ նախագիծ տանել, որովհետեւ գիտես որ մերժվելու է: Հիմա էլ, որոշակի դեպքերում, կա միտում, երբ ընդդիմությունը նախագիծ է տանում, իշխանությունը հիշում է, որ ինքն էլ է սկսել այդ նախագծի ուղղությամբ աշխատել: Վերջին անգամ ես նույնիսկ ասացի`ասեք ինչ նախագիծ եք նախատեսել, որ մենք ուրիշը բերենք»: Երկու նման դեպք հենց Սերգեյ Բագրատյանի հետ է եղել, բայց ոչ թե առաջարկել են միտքը միասին զարգացնել, այլ միտքը վերցրել եւ սեփական նախագիծն են բերել: Մեկը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է եղել:  Բագրատյանն էլի չի նեղանում, հումորով է վերաբերվում եւ լուծում է գտել`նախագիծ է ներկայացնելու`արտոնագրել միտքը, որպեսզի չկարողանան այն օգտագործել: Այս ամենով հանդերձ, Սերգեյ Բագրատյանն արձանագրում է. «Նոր պառլամենտն իր երիտասարդ անդամներով անփորձ են, բայց ակտիվ են եւ ապագա Հայաստանի լուրջ քաղաքական գործիչներ կարող են լինել»:

Համազասպ Դանիելյանը նեղսրտեց եւ օրինակ բերեց` ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը նախագիծ է բերել, այնքան թերի է եղել, որ արդարադատության նախարարն է ձեւակերպումները փոխանցել, պատգամավորն էլ դրանք ներառել է նախագծում և ներկայացրել իբրեւ իր նախագիծ:

Իսկ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի համակարգող Լուսինե Վասիլյանը գործող խորհրդարանում արձանագրում է տարբեր պատգամավորների, խմբակցությունների համագործակցության բացակայություն. միայն մեկ օրենք է, որի տակ երեք խմբակցությունների ստորագրությունը կա եւ չկան նախագծեր երկու ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829