Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Իսրայելյանը թեեւ առաջադրվել է, բայց չի բացառում ընթացքում այլ թեկնածուի սատարելու հնարավորությունը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 11,2020 12:41

Մարտի 31-ին սպասվող նախագահական ընտրությունների շեմին Արցախում լուրջ քաղաքական խմորումներ են ընթանում առաջադրվելու մասին հայտարարած նախագահի թեկնածուների միջեւ։ Նպատակը՝ այնպես անել, որ տեղամաս գնացող ընտրողը հստակ պատկերացում ունենա, թե ով է ընդդիմադիր (կամ գործող իշխանությունների հետ կապ չունեցող) թեկնածուն։

Թերեւս հենց սա է պատճառը, որ թեեւ երեկ առաջադրվելու 5-րդ օրն էր, սակայն ընդամենը 2 թեկնածու էր իր փաստաթղթերը ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել։ Խոսքը «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրված Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի եւ «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է։ Մինչդեռ դեռեւս նախորդ տարվանից իրենց առաջադրվելու մասին հայտարարել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նշենք՝ առաջադրումների վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։

Ռուսլան Իսրայելյանը երեկ ասաց, որ թեեւ առաջադրվել է, բայց չի բացառում ընթացքում այլ թեկնածուի սատարելու հնարավորությունը։ Թեկնածուն, որին նա պատրաստ է միանալ, չպետք է լինի գործող իշխանությունների կողմից առաջադրված։ Հարցին, թե հնարավո՞ր է Մասիս Մայիլյանին աջակցի՝ պատասխանեց. «Ընթացքը ցույց կտա։ Եթե պարզվի, որ Մայիլյանը իշխանությունների թեկնածուն չի (այդ հարցում դեռեւս կասկածներ ունենք), նոր կմտածենք»։

– Պարոն Իսրայելյան, պաշտոնապես քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 26-ից։ Իրականում շատերը կարծեք թե նախընտրական հունի մեջ են։

– Վաղուց դա սկսված է։ Հանդիպումներ են անցկացնում, կուսակցաշինության անվան տակ հանդես գալիս քարոզչական գործողություններով։

– Նորմա՞լ է դա, իրավական հարթությունից դուրս չէ՞։

– Ես համարում եմ, որ դա իրավական հարթությունից դուրս է, բայց իրավապահ մարմինները պետք է դրա գնահատականը տան։ Ցավոք սրտի, իշխանությունների կողմից միջամտություն չկա, որ կանոնակարգվի այդ ամենը։ Ամեն մեկն իր համար ինչ-որ ձեւով քարոզարշավ է անում, հանդիպումներ են կազմակերպում։

– Դուք արձագանքել էիք ՀՀ վարչապետի կոչին եւ կարծիք արտահայտել ԼՂ հարցում ՀՀ նախկին իշխանությունների թողած ժառանգության վերաբերյալ։ Եթե մեկ նախադասությամբ ձեւակերպենք՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը։

– Մենք զիջելու տարածք չունենք։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829