Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստած սպասելով ոչինչ չի լինի, քայլ անելու դեպքում  անսպասելի հնարավորություններ են  բացվում»

Փետրվար 15,2020 13:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի հետ

– Պարոն Վարդանյան, «Առավոտի» 05.11.2019թ. համարի «Շուտով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը» հոդվածում հայտնել էիք, որ 40-ամյա օպերային ստուդիան 2020-21թթ. կազդարարի թատերաշրջանի մեկնարկը, իսկ մինչ այդ 2020-ի գարնանը, շուրջ 8 տարիների լռությունից հետո, հանդիսատեսը ներկա կլինի կոնսերվատորիայի վոկալիստ ուսանողների համերգին, ինչը եւ կայացավ նույնիսկ ձեր խոստումից շուրջ մեկ ամիս շուտ: Միանշանակ ողջունելի է, որ ծրագրում ընդգրկված էր միայն հայ կոմպոզիտորների օպերաներից արիաներ եւ դուետներ, այդ թվում՝ Գեւորգ Արմենյանի «Խաչատուր Աբովյան», Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ-Բեկ», Լեւոն Խոջա-Էյնաթյանի «Նամուս», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ», Վարդան Տիգրանյանի  «Սոս եւ Վարդիթեր» օպերաներից ու Չուխաջյանի «Կարինե» օպերետից: Ծրագիրը նպատակայի՞ն էր կազմված, այն է՝ միայն հայ հեղինակներ:

– Այո, մեր կոմպոզիտորների օպերային մասշտաբային ստեղծագործություններից թեկուզ արիաներ ու դուետներ մատուցելը ազդակ էր, որ մենք լինելու ենք ազգային դիմագծով օպերային թատրոն: Յուրաքանչյուր թատերաշրջան կներկայացնենք առնվազն մեկ հայ հեղինակի օպերա նոր ընթերցմամբ կամ ռեժիսուրայով:

– Տարին հոբելյանական է ստուդիայի հիմնադրի՝ Ղազարոս Սարյանի համար. անվանի կոմպոզիտորի 100-ամյակն է…

– Աշնանը ծրագրված է Սարյանի խմբագրմամբ իրականացնել Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրությունը: Մինչ այդ, մայիս-հունիս ամիսներին ստուդիայի վարագույրը առաջին անգամ կբացվի Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերային ներկայացմամբ: Ի դեպ, Սարյանի դուստրը՝ Սոֆի Սարյանը, մեզ սիրով տրամադրեց «Կարինեի» խմբագրումներն՝ արված  անվանի կոմպոզիտորի ձեռքով: 2020-21թթ. թատերաշրջանը կբացենք Ղազարոս Սարյանի  ծննդյան օրը՝ սեպտեմբերի 30-ին, «Կարինեով»:

– Հետաքրքիր է՝ ովքե՞ր են իրականացնելու բեմադրությունները:

– Դոնիցետիի «Դոն Պասկուալեն» կիրականացվի Հովհաննես Հովհաննիսյանի ռեժիսուրայով, դիրիժորը կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն է՝ Նատալի Գալստյանը, խմբավարը՝ Գայանե Սահակյանը: Նշեմ, որ նվագախումբն ու երգչախումբը կազմված են կոնսերվատորիայի ուսանողներից: Չի բացառվում, որ գլխավոր մեկ-երկու դերերգի համար լինեն հրավերներ, այսինքն՝ արտիստներ, որոնք մեր կոնսերվատորիայի շրջանավարտներ են:

– Եթե օպերային թատրոն եք, հետեւաբար պետք է լինեն գլխավոր դիրիժոր, գլխավոր խորմայստեր եւ այլն:

– Անկեղծ ասած՝ աշխատում ենք «գլխավոր» բառերից խուսափել: Կոնսերվատորիան ունի հիանալի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմ, ադմինիստրատիվ կազմ, որը նույնպես օգտակար կլինի ստուդիայի աշխատողներին: Այլ բան է, որ թատրոնին անհրաժեշտ են դիմահարդարներ, նկարիչներ, տեխնիկական կազմ: Այդ մասնագետները, բնականաբար, կլինեն հրավիրյալ:

– Ցանկացած բեմադրություն իրականացնելու համար ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Նշեցիք, որ նվագախումբը, երգչախումբը կազմված են ուսանողներից, իսկ հրավիրյալ մասնագետնե՞րը…

– Հունվարին մասնակցել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին «Երաժշտարվեստ» անվանակարգում, որտեղ գլխավոր հավակնորդներից ենք: Եթե մրցույթում հաղթենք, բնականաբար, ներկայացումը կհագենա բեմական կոստյումներով, դեկորներով, հնարավորություն կլինի հրավիրել մասնագետների ու բնականաբար՝ վճարել: Մրցույթի արդյունքների մասին օրերս կհայտարարվի:

Աշխատում ենք նաեւ այլ կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ տարիների ընդմիջումից հետո վերականգնեցինք Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությունը: Արդեն ունենք պայմանավորվածություն մեր ծրագրերում ներգրավել իտալացի դիրիժորների, երգիչների եւս: Դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ եւ նրա անմիջական օգնության շնորհիվ կապեր կստեղծվի Իտալիայի խոշոր թատրոնների եւ ակադեմիաների հետ: Պարոն դեսպանի հետ նույնիսկ դիտարկել ենք իտալական թատրոնների ինժեներների ներգրավվածության, մեր ստուդիայի տեխնիկական վերանորոգման եւ անձնակազմի  վերապատրաստման հնարավորությունը: Ֆրանսիայի դեսպանության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանդես գալ ֆրանսիացի հեղինակների երկերից կազմված գալա համերգով՝ մեզանում ավանդաբար անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում ծրագրի շրջանակում: Հիշեցնեմ, որ անցյալ տարի հիշյալ ծրագրի շրջանակում կոնսերվատորիան ներկայացրեց ջազ-էստրադային համերգ:

– Գուցե դեռ վաղ է խոսել շրջագայությունների, հյուրախաղերի մասին…

– Պատկերացրեք՝ ոչ: Ապրիլի 20-26-ը Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանի պատմական շենքում կկայանա հայ եւ իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված երեկո՝ ստուդիայի արտիստների մասնակցությամբ: Դա հնարավոր դարձավ Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսության եւ Միլանի հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցության շնորհիվ:

– «Առավոտի» հետ առաջին հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ բազմաթիվ կապեր ունեք արտասահմանում…

– Իրավացի եք, եւ այդ կապերը կօգտագործենք մեր օպերային թատրոնի միջազգայնացման համար: Այն կլինի երկկողմանի, մեր «արտադրանքը» արտահանելու, միեւնույն ժամանակ արտասահմանցի ուսանողներին մեր կոնսերվատորիայում վարպետության դասերի մասնակից դարձնելու  եւ, ինչու ոչ՝ հենց ուսանելու համար:

– Նախորդ զրույցում նշել էիք, որ անձնական նախաձեռնությամբ հանդիպումներ եք ունեցել օպերային ստուդիաների եւ ակադեմիաների ղեկավարների հետ, այդ թվում՝ Փարիզի օպերայի, Ստրասբուրգի, Շտուտգարդի, արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հիշեցնենք մեկ օրինակ՝ 2021-22թթ. թատերաշրջանի ընթացքում Շտուտգարդի օպերային ստուդիայի ղեկավար Ռենե Դազեի հետ համատեղ կիրականացնեք մեկական ծագիր Երեանում եւ Շտուտգարդում, իսկ Փարիզի օպերային ակադեմիայի տնօրեն Միրիամ Մազուզիին եւ գեղարվեստական ղեկավար Քրիստիան Շիրմինին հրավիրել եք Երեւան լսումների… Կներեք, բայց ինչպես ասում են՝ աստղերին թիվ կա, ձեր ծրագրերին՝ ոչ…

– Նստած սպասելով ոչինչ չի լինի, միայն քայլ անելու դեպքում նույնիսկ անսպասելի հնարավորություններ են բացվում:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829