Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է «Ծնողական փառքի» մեդալ ունեցողներին ամսական 40 000 դրամի վճար տալ

Մարտ 03,2020 12:35

ԱԺ-ն այսօր քննարկում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» լրացումների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտարարեց, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց ամսական կտրվի պատվո վճար, որի չափը սահմանելու է կառավարությունը. «Այս պահին ունենք 9 անձ կամ ընտանիք, որոնք ստացել են այդ մեդալը: Այն ստանալու պայմանները մի քանիսն են՝ ունենալ վեց եւ ավելի երեխա, դրական կարծիք համայնքում: Հաշվի է առնվում նաեւ այն փաստը, որ երեխաները մասնակցած են լինում ռազմական գործողությունների: Կառավարությունն առաջարկում է այս 9 ընտանիքների համար ամսական 40 000 դրամ պատվո վճար տրամադրել»:

Տեղեկացնենք, որ ըստ օրենքի՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում։ Կենսաբանական ծնողները «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին։ Որդեգրողները «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։

Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ-ում վեց եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը 140 է. մեդալի չափանիշներին դեռեւս 9 ընտանիք է համապատասխանում:

Պատգամավորներից ոմանք բարձրաձայնեցին, որ 40 000 դրամը քիչ է: Արման Ուդումյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նշյալ բազմազավակ ընտանիքներից ոչ բոլորն են անապահով:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի, ապա՝ դրվի երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունման:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ ասաց՝ հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովականները միաձայն պնդել են, որ 40 000 դրամի փոխարեն 100 000 տրվի, ինչո՞ւ նախարարությունը հաշվի չառավ պատգամավորների առաջարկը: Ուդումյանն արձագանքեց, որ մինչեւ օրինագծի երկրորդ ընթերցումն այդ առաջարկը կքննարկեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031