Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյան. «Մորս մեղադրում են երեխային ծնողից ապօրինի բաժանելու մեջ, այնինչ երեխաները մանկատուն են գնում արդեն իսկ ծնողից բաժանված». «Ժողովուրդ»

Մարտ 03,2020 13:03

2019 թ. նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարության էր տարածել, ըստ որի՝ բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Ապօրինի որդեգրման գործով մեղադրանք առաջադրվեց մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին։

Փետրվարի 28-ին մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը Լիանա Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին զրուցեց վերջինիս որդու՝ Դավիթ Սահակյանի հետ:

– Պարոն Սահակյան, Ձեր մայրիկը ընդունո՞ւմ է այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվել է, եւ, առհասարակ, որպես «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ ի՞նչ կապ ունի նա ապօրինի որդեգրման դեպքի հետ։

– Որեւէ մանկատուն որեւէ դերակատարություն չունի որդեգրման մեջ։ Մանկատները կոչված են իրականացնելու ծնողազուրկ երեխաների խնամքը, բուժօգնությունը, դաստիարակությունը, կրթությունը: Մորս մեղադրում են երեխային ծնողից ապօրինի բաժանելու մեջ, այնինչ երեխաները մանկատուն են գնում արդեն իսկ ծնողից բաժանված, երբ ծնողը կա՛մ հայտնի չէ, կա՛մ կամավոր հրաժարվել է իր երեխայից։ Ընդ որում, մորս մեղադրանքը կառուցված է սուտ ցուցմունքի վրա։ Կեղծ, շինծու հիմքով մեղադրանք է առաջադրվել։ Սկզբում մտածում էի, թե խնդիրը քննիչների անփորձությունն է կամ փնթիությունը, բայց հետո համոզվեցի, որ գործ ունենք քննիչների արժեհամակարգային տկարության հետ։

Ես եկել եմ այն եզրակացության, որ գործ ունենք զորեղ մի երեւույթի, մի կետից ղեկավարվող մեքենայի հետ, որի համեմատ՝ մեկ մարդու հնարավորությունները շատ համեստ են։ Բայց դա ի զորու չի կոտրելու մեր հաստատակամությունը։ Մենք կռիվ ենք տալու, մինչեւ արդարությունը հաղթի։ Պատկերացրեք, կառավարության նիստում, չգիտես՝ որ իրավունքով քննվում է կոնկրետ քրեական գործ, էմոցիոնալ գնահատականներ են տրվում, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սխալ տեղեկատվություն է տալիս այս շինծու գործի մասին։ Սուտը կայծակնային արագությամբ տարածվում է՝ ծանր էմոցիոնալ ֆոն ստեղծելով հասարակության տարբեր շերտերում։ Մեր երեխաներին տարան կերան, օրգանները վաճառեցին։ Մարդկանց զբաղեցնելու ի՞նչ վատ թեմա է։ Սուտը, կեղծիքը, զրպարտությունը, սուտ մատնությունը կարող են հաղթել քննչականում, դատախազությունում, դատարանում, բայց չեն կարող հաղթել ժամանակին։ 40 օր պետք կլինի, թե 40 շաբաթ, ճիշտը հաղթելու է։

– Քննչական կոմիտեի նախագահի ի՞նչ ստի մասին եք խոսում։

– 2019 թ. դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում Հայկ Գրիգորյանը բառացի ասաց. «Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց տվյալ հանցանքը կատարելու մեջ»։ Պա՞րզ է։ ՔԿ ղեկավարը հայտարարում է, որ իրենք ունեն մերկացնող փաստեր։

Բայց երբ քննիչները Հայկ Գրիգորյանի ասած մերկացնող փաստերով մտան դատարան, 4 տարբեր դատավորի մոտ նույնիսկ կասկած չառաջացրեցին, նույնիսկ կասկած։ Քննիչների կողմից մեղադրյալ հռչակված 3 անձանց նկատմամբ դատարանները չեն կիրառել խափանման միջոց, քանի որ չի եղել հիմնավոր կասկած։

Կարճ ասած՝ 4 տարբեր դատավոր վճիռ է կայացրել, որ Հայկ Գրիգորյանի ասած «մերկացնող փաստերում» նույնիսկ հանցագործության կատարման կասկած չկա։

Պատկերացրեք՝ նույնիսկ կասկած չեն տեսել։ Ընդ որում, մեղադրյալներից մեկի մասով ումից կարծես հասարակության որոշ խմբեր ունեն կոնկրետ դժգոհություններ, ուրեմն նրա մասով ե՛ւ Առաջին ատյանի, ե՛ւ Վերաքննիչ դատարանները չեն արձանագրել հիմնավոր կասկած։ Այսինքն՝ խափանման միջոց չեն ընտրել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։

Իսկ, ահա, Վերաքննիչ դատարանի տխրահռչակ դատավոր Արմեն Դանիելյանը, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանը, ապօրինի որոշմամբ մորս կալանավորեց։ Արդյունքում նույն գործով նույն հոդվածով նույն խմբի կազմում կատարած ենթադրյալ արարքի համար մայրս կալանավորվեց, իսկ մնացած բոլորը մնացին ազատության մեջ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031