Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ երկիր սկսում է հեքիաթի սկիզբը, մյուս երկիրը շարունակում է, մեկ ուրիշ երկիր եզրափակում. Մանրամասներ eTwinning-ի մասնակիցներին

Ապրիլ 22,2026 12:30 Share

Արժեքավոր կապեր եւ զարգացում ուսուցիչների՝ մոտիվացիա եւ հնարավորություններ՝ աշակերտների համար

2013 թ. Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում միացել է Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005 թ., որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս պլյուս ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել են աջակցող կազմակերպություններ, Հայաստանում որպես աջակցող կազմակերպություն հանդես է գալիս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Աղվերանում կայացած  «Տեղեկատվական զբոսաշրջություն eTwinning-ում, համաեվրոպական կրթական ծրագիրն ու դրա ընձեռած հնարավարությունները Հայաստանում» թեմայով  դասընթացի ժամանակ որոշ  նոր մանրամասներ ներկայացվեցին:

eTwinning ծրագրի հայաստանյան համակարգող Տաթեւիկ Յափունջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն աշակերտներին եւ ուսուցիչներին առաջին հերթին տալիս է միջազգային փորձի, համագործակցության եւ միջմշակութային հաղորդակցության հնարավորություն. «Ուսուցիչներն իրենց աշակերտների հետ միասին կարողանում են առցանց հարթակում հանդիպել այլ երկրների ուսուցիչների եւ աշակերտների հետ, իրականացնել համատեղ նախագծեր, նախագծային ուսուցում: Հարթակը ոչ միայն համագործակցային ուսուցման միջավայր է ապահովում, այլեւ ուսուցչի մասնագիտական զարգացման համար հնարավորություններ է ստեղծում թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ դասընթացների մասնակցության առումով, որոնց շնորհիվ ուսուցիչները կարող են ապահովել իրենց մասնագիտական աճը, զարգացնել հմտությունները»:

Տաթեւիկ Յափունջյանը նաեւ տեղեկացրեց, որ նախագծերը վերառարկայական են եւ չեն կապվում միայն  մեկ առարկայի հետ, դիցուք, եթե ուսոցիչը քիմիա է դասավանդում, պարտադիր չէ, որ հենց քիմիայի վրա կենտրոնանա, կարող է միջառարկայական նախագիծ իրականացնել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 2019թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Ուսուցիչների որակավորման տարակարգի համար անհրաժեշտ բաղադրիչների ցանկում երկու կետով ներառվել է նաեւ eTwinning ծրագիրը, մասնավորապես՝ Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը եւ վերապատրաստում իրականացնելը կամ eTwinning-ի կողմից կազմակերպված միջազգային սեմինարների մասնակցելը։ Տաթեւիկ Յափունջյանը հավելեց, որ 2013-ից մինչ այժմ տարբեր փուլերում eTwinning ծրագրով միասնական կրթական համայնքում ներառվել է Հայաստանի շուրջ 600 դպրոց, ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված սեմինարների, վերապատրաստման դասընթացների եւ կոնֆերանսների, հանդես եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։

2014-2019 թթ. ամեն տարի Հայաստանում կազմակերպվել են միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել են եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի ավելի քան 350 ուսուցիչներ եւ Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։ 2017-2020թթ. Հայաստանի 15 դպրոցներ արժանացել են «eTwinning դպրոց» հավաստագրի, նաեւ Հայաստանից 117 ուսուցիչ ստացել է Որակի եվրոպական 162 հավաստագիր։ Մինչ օրս համաեվրոպական մրցանակաբաշխությունների ընթացքում Հայաստանը ներկայացնող 3 ուսուցիչ հաղթող է ճանաչվել։

Խոսելով նախագծերից՝ eTwinning ծրագրի հայաստանյան համակարգողը նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում են էկոլոգիային, թափոնների վերամշակմանը. «Նախագծում կարող է լինել եւ քիմիան, եւ օտար լեզուն, եւ թվային գրագիտությունը: Ներգրաված է լինում նաեւ աշխարհագրությունը, քանի որ համեմատություն է տարվում տարբեր երկրներում աղտոտվածության հետ, փորձ է արվում պարզել, թե այդ առումով Հայաստանը որ հորիզոնականում է: Ստացվում է, որ նվազագույնը 4 առարկա ընդգրկված է նախագծում»:

Նա հավելեց, որ նախագծերից որոշները վերաբերում են սովորույթներին, խոհանոցին, որոնց արդյունքում կարող է ստեղծվել, օրինակ, բաղադրատոմսերի գիրք, հեքիաթ. «Որեւէ երկիր սկսում է հեքիաթի սկիզբը, մյուս երկիրը շարունակում է այն, մեկ ուրիշ երկիր եզրափակում է հեքիաթը: Արդյունքում ստեղծվում է հեքիաթ, որը վերաբերում է տարբեր երկրների մշակույթներին, սովորույթներին, առանձնահատկություններին, աշակերտները հասկանում են, որ իրենք միջազգային գլոբալ մտածողության մաս են կազմում… Հատկապես հեռավոր մարզերի աշակերտների համար նման  շփումը շատ կարեւոր է եւ մոտիվացնող, որովհետեւ իրենք տեսնում են եվրոպայի դպրոցների աշակերտներին, կարողանում են նրանց հետ հաղորդակցվել, բացիկներով փոխանակվել, միմյանց  շնորհավորանքներ ուղարկել: Օրինակ, Զատիկը տոն է քրիստոնյա աշխարհի համար, աշակերտները  փորձում են հասկանալ, թե որ երկրում այն ինչպես է տոնվում»:

Վանաձորի  թիվ 16 հիմնական դպրոցի անգլերենի եւ գերմաներենի  ուսուցիչ, eTwinning-ի դեսպան Լիանա Կարապետյանը տեղեկացրեց, որ ծրագրում  ընդգրկված է 2015-ից: Նա պատմեց, թե ինչպես է առաջին անգամ մեկնել Վարշավա սեմինարի, ապա 5 տարբեր երկրների անգլերենի ուսուցիչներով հիմնադրել են բնապահպանական կրթության թեմայով նախագիծ, 5 ուսուցիչն էլ ի վերջո ստացել են որակի ազգային, ապա եվրոպական  հավաստագրեր: Նա կարեւորեց մանկավարժների ցանցը ծրագրի արդյունքում ստեղծված, ասաց, որ ձեռք է բերել ոչ միայն հրաշալի ընկերներ, այլեւ հնարավորություն ստացել զարգանալու, ընդգրկվելու բազմաբնույթ ծրագրերում:

Լիանա Կարապետյանը ներկայացրեց իր  վերջին՝ «Քաղաքացիական կամուրջներ» նախագիծը, որի համար ստացել է Որակի հավաստագիր, ծրագրում ընդգրկված են եղել 2 դպրոց Հայաստանից, 2-ը՝ Թունիսից: «Դրա շրջանակում 3 բաղադրիչ էինք ընտրել՝ ներառական կրթություն եւ բուլինգի թեման,  ՏՀՏ կարողությունների զարգացումը եւ քաղաքացիական կրթությունը: Նախագծի շրջանակում սովորողները ամիսը 2-3 անգամ հանդիպում են այլ դպրոցների սովորողների հետ, դա նպաստում է նախ օտար լեզվի զարգացմանը, քանի որ անգլերենով են հաղորդակցվում: Երեխաները ստեղծել էին բուլինգի թեմաով տեսանյութեր, սոցհարցումներ էին իրականացրել՝ պարզելու համար, թե որքանով են դպրոցի մյուս սովորողները տեղյակ բուլինգին, քաղաքացիական կրթությանը: Նրանք ցույց էին տալիս, որ յուրաքանչյուր երեխա կարող է փոփոխություն բերել, հատկապես, որ երեխաները շատ հետաքրքիր գաղափարներ ունեն, խաղեր են ստեղծում, կարողանում են արհեստական բանականությունից հետաքրքիր օգտվել: Իրենք գործողության հիմնական կատարողն են: Ի դեպ, նրանց ստեղծած բոլոր նյութերը տեղադրվում են eTwinning-ի համապատասխան տարածքում եւ հետագայում մենք դա կարող ենք մյուս մասնակիցների համար հասանելի դարձնել:

Քաղաքացիական կրթության մեջ ունեինք նաեւ բաղադրիչ, որ երեխաները պետք է բնապահպանական որեւէ ակցիա կատարեին: Կոնկրետ մեր երեխաները տեսանյութեր էին պատրաստել, նաեւ նրանք էկոտոպրակներ էին բաժանում տարածքի խանութների հաճախորդներին, հորդորում էին դրանք կիրառել, փորձում էին թեկուզ փոքրիկ, բայց իրական գործողություն կատարել»,-մանրամասնեց Լիանա Կարապետյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930