Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական այցերը՝ կեղծ լուրերի տարածման առիթ

Մարտ 06,2020 13:30

Պետական պաշտոնյաների այցերը օտարերկրյա պետություններ շատ հաճախ տարատեսակ շահարկումների և կեղծ լուրերի տարածման առիթ են դառնում։ Վերջին երկու տարիներին` հատկապես բարձրաստիճան պատվիրակությունների այցերի ժամանակ, մամուլում իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ են հայտնվել, որոնք մեծամասամբ արարողակարգերի չիմացության հետևանք են։

Պետական արարողակարգի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2018 թվականի ապրիլին, երբ Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի։ Այս օրենքը կարգավորում է տարատեսակ այցերի, հյուրընկալության, բյուջետային ծախսերի, ավագության և այլնի մասին հարցերը։ Հարկ է նշել, որ բարձրաստիճան պատվիրակությունների այցերի տարբեր ձևաչափեր կան՝ պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով և տարանցիկ այցերը։ Այցերի այս ձևաչափերը հարկավոր է տարբերակել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն արարողակարգային առանձնահատկություններ ունի։

Պետական այցը օտարերկրյա պետությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելություն է, որին տրվում է ընդգծված հանդիսավորություն։

Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների այցելությունն է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձևաչափով և արարողակարգային միջոցառումների մակարդակով:

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիա

Աշխատանքային այցը տարբեր երկրների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց այցելությունն է՝ բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և այլնի համար։

 Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է՝ հանգստյան, բուժման, ինչպես նաև տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով:

Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատև այցելությունն է՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով: Այսպիսի այցեր Հայաստանում դեռևս չեն եղել։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը կազմակերպում և իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը, վերջինս ԱԳՆ ենթակայության տակ գտնվող մարմին է։

Օտարերկրյա այցեր. ո՞ր կողմն է հոգում ծախսերը

Օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստան այցերի  ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով՝ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած նախահաշվի հիման վրա։ Այդ ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, սննդի, տրանսպորտային և կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը:

 Ըստ արարողակարգերի մասին օրենքի՝ օտարերկրյա պետությունների պատվիրակությունների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևաչափով

 

Պետության/կառավարության ղեկավարի պետական այց ղեկավար (ամուսին) և մինչև 10 ուղեկցող անձ
Պետության/կառավարության ղեկավարի պաշտոնական այց ղեկավար (ամուսին) և մինչև 8 ուղեկցող անձ
Պետության/կառավարության ղեկավարի աշխատանքային այց ղեկավար (ամուսին) և մինչև 6 ուղեկցող անձ
Պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ
Պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ
Միջազգային կազմակերպության ղեկավարի այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ

Հիշյալ այցելությունների դեպքում ֆինանսական փոխհատուցումը կատարվում է ՀՀ բյուջեից, սակայն արարողակարգերում կարևոր դերակատարում ունի փոխադարձության սկզբունքը։ Ըստ դրա՝ ֆինանսավորման ձևաչափը կարող է փոփոխվել։ Խոսքը միջազգային պրակտիկայում ընդունված ընդունելության կարգի մասին է, երբ պետությունները արարողակարգային միջոցառումների առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ և հնարավորություններ։

Նախագա՞հ, թե՞ վարչապետ. աստիճանակարգությունն՝ ըստ ավագության

Հաճախ ենք լսում քննադատություններ, որ օտարերկրյա պատվիրակություններին դիմավորում է ոչ թե անձամբ ՀՀ վարչապետը, այլ երկրի նախագահը։ Երբեմն սա դիտարկվում է՝ որպես անհարգալից վերաբերմունք հյուրերի նկատմամբ։

Այսպես, ըստ աստիճանակարգության՝ ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ գործում է հետևյալ ավագությունը.

1.Հանրապետության նախագահ
2.Վարչապետ
3.Ազգային ժողովի նախագահ
4.Սահմանադրական դատարանի նախագահ

Շարունակվող ցանկին ծանոթացեք այստեղ։

Եթե պաշտոնական այցով Հայաստան ժամանում է, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավար, ապա վերջինիս կարող են դիմավորել թե՛ նախագահը, թե՛ վարչապետը։ Իսկ դիմավորման պաշտոնական արարողությունը կարող է տեղի ունենալ 2 վայրերում՝ օդանավակայան կամ Բաղրամյան 26։ Վերջին 3 տարիների ընթացքում մենք չենք ունեցել Անվտանգության խորհրդի անդամ երկրի նախագահի պաշտոնական այց։ ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարի այցը չի եղել պաշտոնական. դա երկկողմ այց էր։

Գործուղումային ծախսերը. որքա՞ն գումար է նախատեսված բյուջեով

Գործուղված աշխատակցին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, մեկնել-վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման հաստատություններում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Հիմնական աշխատանքի վայրից մեկնելու դեպքում  հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել ծախսերը հաստատող փաստաթղթերը, որը պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված քանակը։

Գոյություն ունի կառավարության կողմից հաստատված սանդղակ, թե որ երկրում որքան գիշերավարձ և օրապահիկ է նախատեսվում։

Նկարում տեսնում ենք, թե մեկ օրվա համար որքան գումար է տրամադրվում հարեւան երկրների մայրաքաղաքներ գործուղվելիս: Երկրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում աշխատակիցներին՝ չհաշված հատուկենտ դեպքերը։

Կառավարության հատուկ որոշումը՝ փաստացի ծախսերի մասին

Բարձրաստիճան այցերի ժամանակ՝ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի և արտգործնախարարի հրավերով ՀՀ ժամանող պատվիրակությունների ծախսերը, կառավարության հատուկ որոշմամբ, կատարվում են փաստացի։ Սա նշանակում է, որ շատ հաճախ հնարավոր չէ կոնկրետությամբ նշել ծախսվելիք գումարի չափը. ընթացքում կարող են ծագել լրացուցիչ և չնախատեսված աշխատանքներ։ Այդ պատճառով էլ այցելությունից հետո համապատասխան գերատեսչությունը, պետական արարողակարգը հավաքում են բոլոր ծախսերը՝ յուրաքանչյուրն իր մասով և պատրաստվում են զեկուցագրեր։ Ֆինանսների նախարարությունում այդ ամենն ուսումնասիրվում է, ապա կատարվում են ֆինանսական հատկացումները։

Վերջում բերենք մի օրինակ. փաստացի ծախսերի մեխանիզմով է գործել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա՝ մեկ ամիս առաջ։ Բացի Բեռլին այցից՝ վարչապետը պետք է մասնակցեր նաև Մյունխենի անվտանգության համաժողովին։ Մայրաքաղաք այցելության կեցության ծախսերն ամբողջությամբ հոգացել էր գերմանական կողմը, իսկ Մյունխեն այցն արդեն հայկական կողմը։ Այդ պատճառով որոշման մեջ նշված էր, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկացվի ըստ փաստացի կատարված ծախսերի։

Օֆելյա ՍԻՄՈՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի պետական այցը Հայաստան

«Առավոտ» օրաթերթ
05.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031